Բաժիններ՝

Նոբելյան մրցանակակիրները` Հայաստանում

Նոյեմբերի 4-ին Մատենադարանի նորակառույց մասնաշենքում տեղի ունեցան Նոբելյան մրցանակակիրներ Թիմ Հանթի «Քաղցկեղի հիմնախնդիրները» և Մարտին Չալֆիի «Կանաչ ֆլյուորեսցենտային սպիտակուց լուսավորելով կյանքը» հանրային դասախոսությունները:

Դասախոսություններին մասնակցում էին կենսաբժշկության, մոլեկուլային կենսաբանության և հարակից ոլորտներում ներգրավված ավելի քան 180 երիտասարդ գիտնականներ և ուսանողներ:

Նույն օրը, արդեն երեկոյան Նոբելյան մրցանակակիրները երիտասարդ գիտնականների հետ կիսեցին հաջողակ գիտնական դառնալու գաղտնիքները` «Ինչպես դառնալ հաջողակ գիտնական» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ: Շուրջ 30 երիտասարդ բնագետներ Նոբելյան մրցանակակիրների հետ անմիջական շփման միջոցով քննարկեցին իրենց հետաքրքրող հարցերը, ստացան խորհուրդներ բարձրակարգ գիտնական դառնալու համար անհրաժեշտ հմտությունների վերաբերյալ:

«Գիտնականի համար նոր բան ստեղծելն իրական հաճույք է: Գտեք այն, ինչը հենց ձեզ է հետաքրքիր և ոչ թե` ուրիշին: Ստեղծեք ձեր սեփական ուղին, ստեղծեք ինչ-որ նոր բան, դա է հաջողակ լինելու գաղտնիքը»,- ասաց Թ. Հանթը: Մեծ Բրիտանիան ներկայացնող Նոբելյան մրցանակակիր գիտնականի խոսքով` հաճախ շատերը վախենում են իրենց նորարարությունը, հայտնագործությունը Նոբելյան մրցանակի համար ներկայացնել, ինչը, սակայն, սխալ է:

Մինչդեռ, ըստ նրա` երիտասարդ գիտնականները պետք է համարձակություն ունենան ավելի փորձառու գիտնականներին և անգամ Նոբելյան մրցանակակիրներին քննադատելու և իրենց կարծիքը հայտնելու համար. գուցե նրանք անգամ կարողանան ապացուցել, որ փորձառու գիտնականները սխալ են:

«Փորձառու գիտնականը պետք է համագործակցի երիտասարդների հետ, և միայն փոխադարձ համագործակցության արդյունքում նրանք միասին կարող են գտնել ճշմարտությունը, քանի որ այդ քննարկումների և քննադատությունների արդյունքում են ստեղծվում նոր արժեքներ»,- ասաց Թ. Հանթը: Մարտին Չալֆինի խոսքով, ով կրկին Նոբելյան մրցանակի արժանացած գիտնական է, եթե գիտնականը պատրաստ չէ քննարկումների և քննադատության, պետք է համարել, որ նրա կարիերան մահացած է:
«Ես այսօր անընդհատ տասնյակ-հազարավոր երիտասարդ գիտնականներից նամակներ եմ ստանում, որտեղ գրված է, թե նրանք հիացած են իմ աշխատանքով և ցանկանում են աշխատել իմ լաբորատորիայում:

Սակայն ես կուզենայի տեսնել այնպիսի նամակ, որտեղ երիտասարդ գիտնականը գրած կլինի, թե ինչու և հատկապես ինչպես է պատկերացնում իմ լաբորատորիայում իր աշխատանքը, որն է նրա հետաքրքրությունների շրջանակը, ինչ առաջարկներ ունի ինքը, և այլն»,- ասաց Մ. Չալֆին: Նրա խոսքով` քչերն են գալիս լուրջ գիտական առաջարկներով և խոսում այն մասին, թե ինչն է հետաքրքրում իրենց, մինդեռ առանց այդ կրքոտ հետաքրքրասիրության և աշխատանքի հանդեպ սիրո անհնարին է հաջողակ գիտնական լինել:

«Գիտնականի աշխատանքը բավական ծանր աշխատանք է, այն պահանջում է, որ դու անգամ 24 ժամ լինես լաբորատորիայում և աշխատես: Ուրեմն, պետք է աշխատես այն աշխատանքի վրա, որը հետաքրքրում է հենց քեզ»,- ասաց Թ. Հանթը:

Երկու գիտնականներն էլ նշում են, որ իրենց բախտը բերել է, և իրենք միայնակ չեն աշխատանքներ կատարում, այլ իրենց համար գիտական թիմ է աշխատում, ուստի արդյունքում` նրանք կարողանում են միաժամանակ մի քանի ծրագրերի վրա և մի քանի ուղղությամբ աշխատել, իսկ տարբեր ուղղություններով աշխատանքներ կատարելու արդյունքում` հավանականությունը մեծ է, որ դրանցից մեկը հաջողություն կբերի:

Ըստ Թ. Հանթի` գիտնականն ունի երեք ճանապարհ` վերջնական մի բան ստեղծել, ինչը բացառիկ դժվար է և քչերին է հաջողվում, երկրորդը` նոր բան ստեղծել, ինչը չափազանց դժվար է, սակայն այդտեղ մրցակից չկա, և երրորդը` գտնվել միջին օղակում: Ըստ գիտնականի` գիտնականների մեծամասնությունը գտնվում է հենց այդ միջին վիճակում:
Մեզ հետ զրույցում Թ. Հանթն ասաց, որ ինքը հաճախ երիտասարդների հետ շփումներում ասում է, որ անհրաժեշտ է աշխատել ուղեղի վերաբերյալ հետազոտությունների վրա ու, օրինակ, պարզել, թե ինչպես ենք մենք մտածում:

Բացի այդ, ըստ գիտնականի, կարևոր են նաև սպիդի խնդիրների ուսումնասիրությունները: Նոբելյան մրցանակակիրները տպավորված էին հայ գիտնականների հարցերով և վստահություն հայտնեցին, որ բավական մեծ թվով երիտասարդ խոստումնալից գիտնականներ կան Հայաստանում:

Նշենք, որ Նոբելյան մրցանակակիրների դասախոսությունները կազմակերպվել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հ/կ-ի նախաձեռնությամբ և ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի, Մատենադարանի աջակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս