PR մշակույթ, հայկական միջավայր. երկխոսությունն արգելափակված է

Հայաստանի անկախության քսանմեկ տարիների ընթացքում պետական ապարատի արատավոր կողմերից հիմնականը մնաց այն, որ այդ ապարատը պահպանեց խորհրդային կառավարման համակարգին հատուկ տարրերը` ներփակվածությունը, պետական հիերարխիայի բարձրագույն աստիճաններում պաշտոնյաների մասնագիտական որակների և պարտականությունները պատշաճ կատարելու անհրաժեշտության ստորադասումը նրանց պաշտամունքին, քաղաքական, իմա` կուսակցական կուռքերի ստեղծումն ու հասարակությանը դրանց պարտադրումը:

Այսինքն` անկախություն ստացած և իրեն ժողովրդավարական հռչակած հանրապետությունն ուղղակիորեն փոխառեց խորհրդային ավտորիտար կառավարման տարրերը` դրանք ներդնելով «նորաստեղծ» պետական ապարատի հիմքում:

Արդյունքում` ողջ չինովնիկական դասը` մեծից փոքր, իր շուրջ սահմանագծեց իր ուրույն Օլիմպոսի սահմանները` որոշակի անձեռնմխելիություն ու անհասանելիություն ապահովելով իր համար և իրենից հեռու վանելով երկրի սովորական քաղաքացիներին, որոնց կոչված էր սպասարկելու: Ընդ որում, համակարգային այդ արատը վարակի պես փոխանցվեց անկախությունից հետո սնկի պես բազմացող քաղաքական կուսակցություններին:

Այսօր քաղաքացու տեսադաշտում գտնվող թե՛ իշխանական և թե՛ իրենց ընդդիմադիր հռչակած բոլոր կուսակցություններին հատուկ է մեկ ընդհանրություն` կուսակցության գաղափարական հենքն էական կատեգորիա չէ, այն կարող է նույնիսկ գոյություն չունենալ, կուսակցության անդամները համախմբվում են ոչ թե որևէ գաղափարախոսության, այլ կուսակցության ղեկի մոտ գտնվող անձի և նրա տնօրինած ռեսուրսների շուրջ, կուսակցությունը նույնացվում է նրա առաջնորդի հետ, որը բարձրացվում է կուռքի աստիճան` դառնալով գործչի էտալոն, որի խոսքը, կեցվածքը, մտածելակերպը, ճաշակը և արժեքային համակարգը պետք է դառնան ընդօրինակման և պաշտամունքի առարկա:

Ըստ այդմ` կուսակցականների հիմնական զբաղմունքը ոչ թե երկրի առջև ծառացած խնդիրներին լուծում տալն է, այլ` կուսղեկի բարեհաճությունը հնարավորինս շուտ շահելը և հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով վայելելը` հանուն դրանից բխող կարիերայի աճի, ինչ-ինչ լծակների տիրապետման կամ պարզապես իրենց կասկածելի անցյալն ու ներկան օրենքից ապահովագրելու բարենպաստ հեռանկարների: Ասվածը, բարեբախտաբար, չի վերաբերում որոշ ավանդական կուսակցությունների:

Պարզ է, որ այս պայմաններում խոսք չի կարող լինել հանրության առջև բաց լինելու, հանրության խնդիրներին ականջալուր լինելու, հանրության հետ երկխոսելու և նրա կարծիքը որոշումներում հաշվի առնելու մասին: Պարզ է նաև, որ այս վիճակը հատուկ է ոչ միայն Հայաստանին, այլև խորհրդային բլոկից դուրս եկած երկրների մեծամասնությանը` սկսած հենց այդ համակարգի գլխավոր հովանավոր Ռուսաստանից:

Այդ իսկ պատճառով, հենց այդ նույն Ռուսաստանի օրինակով, երկրի ղեկավարի` որպես ժողովրդին մոտ կանգնած մարդ երևալու բոլոր փորձերը, որոնք երբեմն-երբեմն դրսևորվում են տարբեր միջոցներով, այդ անծայրածիր երկրի օդային, ցամաքային և ջրային տարածքները ինքնուրույն` առանց թիկնապահների և տեխնիկական անձնակազմի օժանդակության կտրելով կամ դաշնամուր «նվագելով» և «երգելով», պարզապես ընկալվում են` որպես չհաջողված PR արշավ, որը, բացի նախագահի ինքնագովազդից, նրա ֆիզիկական լավ պատրաստվածության և չթառամող երիտասարդության ցուցադրումից, բնավ էլ չի ցուցադրում սովորական ժողովրդին մոտ լինելու, նրա հոգսերը կիսելու և դրանց լուծում տալու պատրաստակամություն:

 

 

 

 

 

 

 

 

Այլ կերպ` կարելի է խոսել ոչ թե PR արշավի, այլ PR սպեկուլյացիաների մասին, որոնց արդյունքում ստացվում է մի գրոտեսկային իրականություն, որում կա «ժողովրդականություն վայելող» նախագահ, հռչակագրային ժողովրդավարություն և կառավարման ավտորիտար եղանակներ: Խորհրդային Միությունը, կարծեք թե, չի էլ ավարտվել:

Արևմտյան պարբերականներում ռուսաստանյան այժմյան ղեկավարի «զբաղմունքներին» քմծիծաղով վերաբերվեցին, որովհետև նրանց` որպես կողքից հայացք նետող հանրության համար այդ գրոտեսկն ակնառու էր: Ինչ խոսք, Արևմուտքում էլ նմանատիպ արշավներ կազմակերպվում են: ԱՄՆ-ում, ի դեպ, բոլոր մակարդակներում իրականացվող PR արշավներում, ի տարբերություն եվրոպական երկրների, գերակշռող է շոուի տարրը: Նախագահի թեկնածուն կարող է անսպասելիորեն մտնել պիցերիա և սպասարկել այնտեղ նստած մարդկանց, կամ որևէ բանից անտեղյակ ամերիկացուն կարող է արթնացնել երկրի նախագահի հեռախոսազանգը` վերջինս պարզապես ցանկացել է հետաքրքրվել շարքային ամերիկացու որպիսությամբ:

Բայց ամերիկացիները դրան շատ բնական են վերաբերվում, նույնիսկ ոգևորվում են դրանից, որովհետև դա նրանց քաղաքական մշակույթի մասն է կազմում. այնտեղ բոլոր այդ տիպի արշավներն ընդգրկվում են ընդհանուր մի ժողովրդավարական համապատկերի մեջ, որտեղ երկխոսությունը և բանավեճը ոչ միայն արգելափակված չեն, այլև խրախուսվում են պետական բոլոր մակարդակներում: Ի վերջո, հենց ամերիկյան մարքետինգի կնքահայր և վերջերս Հայաստանում մեծ պատիվներով ընդունված Ֆիլիպ Կոտլերն է դեռ նկատել, որ թեև որևէ թեկնածուի հանրությանը «վաճառելու» և օճառի կամ ածելիի մանրածախ առևտրի միջև առկա է հսկայական տարբերություն, այդուամենայնիվ, կոմերցիոն գովազդի որոշ ատրիբուտներ անշրջելիորեն արմատավորվել են քաղաքական գործընթացներում:

Այս իմաստով, պատահական չէ, որ եվրոպական երկրներում, մասնավորապես` Ֆրանսիայում և Գերմանիայում, ինչպես քաղաքական, այնպես էլ կոմերցիոն PR արշավների հիմքում տեսնում են երեք-չորս հիմնական գործողություն` հանրության շրջանում ճանաչելի դարձնել PR արշավի օբյեկտը, հանրության շրջանում այդ օբյեկտի շուրջ ձևավորել յուրահատուկ իմիջ, հանրության շրջանում վստահություն ստեղծել այդ օբյեկտի նկատմամբ, հանրության շրջանում առաջացնել տվյալ օբյեկտի գաղափարախոսությանը հարելու ցանկություն:

Ընդ որում, եվրոպական երկրներում առանձնահատուկ կարևորություն ունեն վերջին երկու բաղադրիչները` վստահությունը և գաղափարախոսությանը հարելու ցանկությունը, որովհետև երկուսն էլ ձևավորվում են իրական քայլերի և իրատեսական ծրագրերի իրականացմանն ուղղված առկա և օբյեկտիվ, այլ ոչ թե իմիտացիոն և շինծու նախադրյալների հիման վրա:

Այս համապատկերում որտե՞ղ է Հայաստանը: Ակնհայտորեն` Հայաստանը ռուսական գծի շարունակողն է բոլոր դրսևորումներում: Քաղաքական դաշտի բոլոր հատվածներում դիպվածաբար երևան եկող «բարեփոխչությունը», որը մեզանում միանգամից ստանում է «PR արշավ» պիտակը, իրականում PR սպեկուլյացիա է, որն ավելի շատ ուղղված է ոչ թե ինչ-որ փոփոխություններ հետևողականորեն իրականացնելուն, այլ` ունեցած դիրքերը պահելուն: Նախընտրական արշավներն իրականացվում են ոչ թե իրական ծրագրերի, այլ` կուսակցական առաջնորդների առաջմղման նպատակով: Այդ իսկ պատճառով էլ, ոչ միայն ընտրողի հետ երկխոսություն չի կայանում, այլև առաջադրված թեկնածուների միջև տարբեր ձևաչափերով հեռուստատեսային քաղաքաղական բանավեճերը չեն կայանում` որպես ժողովրդավարական ինստիտուտ:

Յուրաքանչյուր կուսակցություն կամ դրա ղեկավար իր պատվից ցածր և իր քաղաքական հավակնություններին անհարիր է համարում ընդդիմախոսի հետ հանրային բանավեճի դուրս գալը: Արդյո՞ք իր ճշմարտությունը միակն է և անվիճարկելին, թե՞ ասելիք չունի, իսկ միգուցե վախենո՞ւմ է, որ իր` որպես կուսակցական կուռքի իմիջը հօդս ցնդի: Որն էլ որ լինի իրական պատճառը, ակնհայտ է, որ հայաստանյան քաղաքական արշավներում երկխոսությունը և քաղաքական բանավեճերի հնարավորությունները արգելափակված են, ինչն էլ քաղաքական դաշտի դերակատարների ամենամեծ հակա-PR-ն է:

Արմեն Բաղդասարյան
Հանրային կապերի փորձագետ

Տեսանյութեր

Լրահոս