Աստծո նզովքին արժանանալու մասին հարցից Փաշինյանը լարվեց. նորից սաղմոս է կարդում

«Ես չեմ կարող արշավ ծավալել եկեղեցու դեմ, հետևաբար, որևէ մեկը չի կարող պաշտպանել այն, ինչ գոյություն չունի: Հայ Առաքելական եկեղեցին ինձ համար սրբություն է, իմ ընտանիքի համար է սրբություն, հետևաբար, մենք չենք կարող արշավել եկեղեցու դեմ: Այն, ինչ մենք անում ենք, հանուն եկեղեցու է: Եթե Հայ Առաքելական եկեղեցին մեզ համար սրբություն չլիներ, կարող էինք բացարձակապես անտարբեր գտնվել այն կործանարար ընթացքի նկատմամբ, որը տեղի է ունենում Հայ Առաքելական եկեղեցում, առավել ևս, այն պայմաններում, երբ եկեղեցու այդ գործելակերպը ուղիղ վնաս է հասցնում հենց եկեղեցուն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ արշավի մասին հարցին, ասաց Նիկոլ Փաշինյանը, որը տևական ժամանակ ֆեյսբուքյան գրառումներում ամենագռեհիկ ձևակերպումներով է անդրադառնում հոգևորականներին և Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Փաշինյանն իրեն համարում է եկեղեցու հավատավոր հետևորդ, որը բարձրաձայնում է Եկեղեցու և Մայր Աթոռի «նորոգման անհրաժեշտության մասին»: Նա համոզված է, որ իր օրակարգը ՀՀ-ում կիսում են բազմաթիվ մարդիկ՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների ամբողջ բանակը. «Եթե որևէ մեկը Հայ Առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ է, չի կարող անտարբեր հետևել Եկեղեցու անկմանը»:

Լրագրողը նշեց, որ հոգևորականները բազմաթիվ պատմություններ են պատմում, թե ինչ պատժի են արժանացել օծյալները. «Դուք Աստծո նզովքից կամ պատժից էլ չեք վախենո՞ւմ»:

«Որտեղի՞ց Ձեզ այդ տեղեկատվությունը, որ Աստված ինձ նզովել է, գուցե նզովել և նզովում է նրանց, ովքեր Աստծո տունը պղծում են: Տրամաբանությունը հենց դա պետք է լինի: Ինչպե՞ս Աստված կարող է նզովել նրանց, ովքեր հետևում են իրեն, և ինչպե՞ս կարող է Աստված չնզովել նրանց, ովքեր պղծում, ոտնահարում են իր արժեքները և իր եկեղեցին: Սա այնքան պարզ տրամաբանություն է, որ կարծում եմ՝ ձեր ունեցած տեղեկությունները չափազանցված են: Քաղաքական առումով կարող է ճիշտ չհնչի, բայց ես մի մարդ եմ, որն ունի հոգևոր կյանք, ունի հաղորդակցություն Աստծո, հոգևոր արժեքների հետ: Ինչպե՞ս են հաղորդակցվում Աստծո հետ. Աստծո հետ հաղորդակցվելու մի ձև կա՝ աղոթք, սաղմոս կարդալ, սուրբ գրքեր կարդալ»,- ի պատասխան՝ ասաց Փաշինյանը՝ սաղմոսից մի հատված մեջբերելով, որը, ի դեպ, նա մեջբերել էր 2023թ. սուրբծննդյան իր շնորհավորանքում:

Կարդացեք նաև

Մասնավորապես, նշեց, որ  մեջբերում է անում Սաղմոս համար 118-ից՝ «Աղոթք՝ հասկանալու Տիրոջ իմաստությունը»։

«Տեր, իրավունքիդ ճանապարհի օրենսգետն ինձ դարձրու, որ ամեն ժամ հետևեմ դրան: Իմաստուն դարձրու ինձ, որ քննեմ Քո օրենքը և ամբողջ սրտովս պահպանեմ այն: Առաջնորդիր ինձ Քո պատվիրանների շավիղներով, քանզի հաճելի են դրանք ինձ: Սիրտս հակիր դեպի  Քո պատվիրանները և ոչ թե դեպի ագահություն: Շրջիր աչքերս, որ ունայնություն չտեսնեմ, ինձ պահպանիր քո  ճանապարհին: Քո ծառայի համար հաստատիր Քո խոսքը որ Քո երկյուղի մեջ մնամ: Ազատիր  ինձ նախատինքներից, որոնցից կասկածում էի, քանզի քաղցր են դատաստանները քո: Ահա ցանկացած Քո պատվիրանները, Քո արդարությամբ պահպանիր ինձ»:

Փաշինյան ասաց, որ կարող է էլի սաղմոսներով արձագանքել նրանց, ովքեր կարծում են, թե նզովյալները կարող են Աստծո անունից նզովել որևէ մեկին, առավել ևս՝ իրեն, որ «30 տարի ամեն օր աղոթում է, պարբերաբար պահեցողության և ծոմապահության մեջ է»:

«Այդ մարդիկ, բացի այն, որ իրենց կուսակրոնության ուխտը խախտում են, Մեծ պահք էլ չեն պահում: Դուք ուզում եք ասել, որ այդ մարդիկ կարող են ինձ նզովե՞լ: Ես կարող եմ իրենց նզովել, բայց չեմ նզովում իրենց, ես ընդամենը ասել եմ, որ առաջնորդելու եմ Վեհարանը իրենցից ազատելու գործընթացը: Ոչ մի նզովքի կարիք չկա, որովհետև քրիստոնեությունը սիրո ուսմունք է, համերաշխության ուսմունք է: Մարդիկ հարցնում են, ասում են, որ ասել եք՝ առաջնորդելու եք Վեհարանը ազատելու գործընթացը, ինչպե՞ս եք ազատելու. այնպես, ինչպես Հայաստանը ազատեցինք Սերժ Սարգսյանից:

Ուզում եմ հիշեցնել, որ 2018-ի հեղափոխությունն էլ սիրո և համերաշխության հեղափոխություն էր, այս մյուսը ունի միայն մի տարբերություն, որ եթե քաղաքական հեղափոխությանը մասնակցելու և առաջնային դիրքերում լինելու իրավունք ունեն բոլոր քաղաքացիները, այս դեպքում դրա իրավունքը կունենան, առնվազն բարոյական առումով, ճիշտ է, որ դրա առաջին շարքերում լինեն մարդիկ, ովքեր Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ են, իրենց ամբողջ սրտով հավատում են մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, ովքեր հետևում են Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցին, կարգերին: Եվ ահա, այդ մարդկանց համախմբելով, այդ մարդկանց շուրջ համախմբվելով, մենք մեր առաքելությունը իրականացնելու ենք և քավ լիցի՝ դուք ասում եք՝ արշավը եկեղեցու դեմ չեն պաշտպանում: Արշավը եկեղեցու դեմ ես ինքս չեմ պաշտպանի, այն, ինչ ես անում եմ, ոչ թե ընդդեմ, այլ հանուն եկեղեցու է»:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի փաթեթը հրապարակելու վերաբերյալ հարցին, նա պատասխանեց, որ ոչ մի սահմանափակում չի տեսնում. «Ամիսներ առաջ հանձնարարել եմ, որ փաստաթղթերը գույքագրվեն, կարգի բերվեն: Հիմա արվում է համապարփակ վերլուծություն, թե արդյոք պետական անվտանգության հետ առնչվող թեմաներ կա՞ն, թե՞ ոչ: Պետք է վերլուծել՝ այս պահին այս կամ այն փաստաթղթի բացահայտումը ինչքանով կարող է վնասել ՀՀ պետական շահերին: Բայց մյուս կողմից, ուզում եմ ասել՝ բանակցային գործընթացի վերաբերյալ չկա այնպիսի էական դետալ, որի մասին հանրությունը տեղեկացված չէ:

Առնվազն ես ԱԺ քննիչ հանձնաժողովում, դրանից առաջ, դրանից հետո, հարցուպատասխաններում, հարցազրույցներում բազմաթիվ բաների մասին խոսել եմ: Ասեմ, որ նաև բանավեճի ֆորմատում է դա տեղի ունեցել, որովհետև ճիշտ է՝ ՀՀ նախկին ղեկավարներն այդպես էլ չեն համարձակվում գալ բանավեճի, բայց նաև խորհրդարանում նրանց ներկայացուցիչների բարձրացրած հարցերի համատեքստում այդ հարցի վերաբերյալ լուրջ քննարկումներ են եղել, բավականին բան բացահայտվել է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս