ՀԷՑ-ը վերցնելուց հետո մենք պետք է գտնենք արդյունավետ կառավարիչ, արտապատվիրակենք. Փաշինյան

Կապուղիների ապաշրջափակման տրամաբանության մեջ տեղ ունի՞ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետների ձևաչափը, որը սառեցված է՝ այսօր ասուլիսում Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց լրագրողը։

Ի պատասխան՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ այս ձևաչափը վաղուց չի գործում, այդ թվում՝ առկա տեքստի մեկնաբանության շուրջ որոշակի տարընթերցումների, պրակտիկ խնդիրների ու որոշակի անվստահություն պատճառով։

ՀԷՑ-ի ազգայնացման մասին հարցադրումների համատեքստում էլ լրագրողը նախ արձանագրեց՝ թեև «ազգայնացումը» Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է որպես էներգետիկ անվտանգության և արդյունավետության բարձրացման միջոց, սակայն կառավարությունն ամիսներ շարունակ թափուր է թողել էներգետիկ փոխնախարարի պաշտոնը, ապա նաև՝ ՀԷՑ-ն ունի 8 տոկոս կորուստ, իսկ պետական կառավարմամբ ոռոգման համակարգերն ունեն մինչև 50 տոկոս կորուստ։

Հետևաբար՝  ո՞րն է ձեր փաստարկը, որ պետական կառավարումը կլինի ավելի արդյունավետ՝ հետաքրքրվեց լրագրողը։

Կարդացեք նաև

Արձագանքելով այս հարցադրում-արձանագրումներին՝ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց՝ իրենց  խնդիրն է, որ պետությունը պետք է վերցնի ՀԷՑ կառավարումը և իրականացնի ՀԷՑ-ի ուսումնասիրություն։

«Ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս պատմությունը նոր չի սկսել, որովհետև ՀԷՑ-ի վերաբերյալ մեր դժգոհությունները, ահազանգերը սկսվել են մարզային իմ այցելություններից, քաղաքացիների կողմից ստացված կոնկրետ բողոքներից։

Նախորդ տարի տեղի է ունեցել նաև ՀԾԿՀ նախագահի հրաժարականը, նաև դուք ասում եք՝ ՏԿԵ-ն նախարարի տեղակալի պաշտոնն է թափուր․ այս համատեքստում է այդ պաշոնը թափուր դարձել։ Բայց ես ուզում եմ ասել, որ մեր նպատակադրումը հետևյալն է, որ մենք այս փուլում պետք է վերցնենք ՀԷՑ կառավարումը և կվերցնենք, բայց մենք ամենևին չենք ասել, որ պետականացման կամ հետգնման այդ գործընթացից հետո հենց պետությունն է միշտ լինելու կառավարողը ՀՀ էներգետիկ ցանցերի, որովհետև արտապատվիրակման մասին ենք ասում։ Մենք խնդիր ունենք ցանկացած դեպքում գտնել հնարավոր ամենաարդյունավետ կառավարչին և դրա նկատմամբ ձևավորել հստակ ու արդյունավետ հանրային ու պետական վերահսկողություն»,- մանրամասնեց նա՝ այդպես էլ չհիշելով պետության կառավարման ներքո անարդյունավետ գործող համակարգերի մասին։

Ձեր կառավարությունն արդեն առնչվել է միջազգային արբիտրաժային երեք գործերի՝ Ամուլսար, Հյուսիս-Հարավ, ԶՊՄԿ, ՀԷՑ-ի ազգայնացմանը զուգահեռ՝ ինչպե՞ս եք պատրաստվում պաշտպանել պետության բյուջեն հնարավոր դատական պահանջներից։

Ի դեպ, տարբեր հարցերով արբիտրաժային դատարաններում հայտնված կառավարության ներկայացուցչին չի մտահոգում ՀԷՑ համատեքստում արբիտրաժային հայցերի ավելացումը։ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ դա աշխատանքային պրոցեսի մաս է։

«Չեմ կարծում՝ դա էական ազդեցություն ունի մեր քննարկվող հարցի վրա՝ այն տեսակետից, որ մենք պարտավոր ենք ՀՀ սպառողների շահերը պաշտպանել։

Իսկ այն, որ ՀԷՑ-ը, ի հեճուկս հանրության և կառավարության բազմաթիվ հորդորներին, խնդրանքներին, պատշաճ քայլեր չի ձեռնարկել, կառավարությունը պարտավոր է պատշաճ քայլեր ձեռնարկել»,- ամփոփեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս