Պետության դեմ հանցագործություն է կատարվել

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը թեև տեղյակ է, սակայն քայլեր չի ձեռնարկում: Նրան մշակույթի ոլորտից միջազգային շրջագայություններն ու միջոցառումային «թամաշաներն» են հետաքրքրում:

Հայաստանի հուշարձանների տարածքում ամերիկյան «AMAP» ընկերության (Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր) կողմից տեղադրված խեղաթյուրված տեղեկատվությամբ վահանակների թեման գնալով ուշագրավ փաստեր է բացահայտում: Արդեն ներկայացրել ենք 2008թ.-ից տեղադրված ակնհայտ անճշտություններով և խեղաթյուրված պատմական ակնարկներով տեղեկատվությամբ վահանակների վերաբերյալ մասնագիտական կարծիքները:

Պատմաբանները, հայագետները, հուշարձանագետները և հնագետները կատարվածը համարում են դիտավորություն և Հայաստանի ազգային անվտանգությանն ուղղված լուրջ սպառնալիք: Զավեշտալին այն է, որ կատարվածի մասին մեկ տարուց ավելի հնչող ահազանգերին Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը բացարձակ անտարբերություն է ցուցաբերում:

Ըստ մասնագետների` այդպիսով ստացվում է, որ նախարարի հովանավորությամբ է ամերիկյան անհայտ այդ կազմակերպությունը Հայաստանում նման ապատեղեկատվություն տարածում: Հիշեցնենք, որ ցուցանակներից մեկում ինչ-որ «ադրբեջանական թագավորության» մասին է հիշատակվում, որն, ըստ մասնագետների` ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև դիտավորյալ արված քայլ է, հակառակ դեպքում` հենց նախարարությունն արագ քայլեր կձեռնարկեր դրա դեմ:

Կարդացեք նաև

«168 Ժամի» վերջին համարում տպագրված «Ո՞ւր են նայում անվտանգության մարմինները» հոդվածից հետո, որում ներկայացրել էինք պատմաբան, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի մասնագիտական գնահատականներն այս խնդրի վերաբերյալ, խմբագրություն զանգահարեց Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայության» Աղբյուրագիտության և խմբագրության բաժնի վարիչ, հայագետ, նախիջևանագետ,ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը:

Վերջինս թեև պնդում էր, որ անճշտություններ են հրապարակվել, այդուհանդերձ, իր մեկնաբանություններով ավելի աղաղակող փաստեր բացահայտեց: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ. պարզվում է` կատարվածի մեջ իր դերակատարումն է ունեցել նաև Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը:

– Պարոն Այվազյան, «Վասպուրականի նոր սերունդ» հայրենակցական միության նախագահ, «Հայի միտք» համահայկական մասնագիտական հեռուստաակումբի հիմնադիր անդամ Մարինե Վահրադյանը, ով այս խնդիրը պատմաբանների ներկայությամբ քննարկել է Հասմիկ Պողոսյանի հետ, մեզ հետ զրույցում նշեց, որ 2008թ. Մշակույթի նախարարությունն ամերիկյան «AMAP» (Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր) կազմակերպության հետ մի պայմանագիր է ստորագրել, ըստ որի՝ «AMAP»-ը պետք է ապահովեր հայկական հուշարձանների աշխատանքները: Ճիշտ նույն ժամանակահատվածում հուշարձանների տարածքում այդ կազմակերպությունն ակնհայտ խեղաթյուրված բազմալեզու տեղեկատվությամբ վահանակներ է տեղադրել, մինչդեռ Դուք պնդում եք, որ պայմանագիր գոյություն չունի:

– Մշակույթի նախարարությունը 2008-2010թթ. ընթացքում այդ կազմակերպության հետ կնքված պայմանագիր չի ունեցել: Ընդ որում, ինչպես Դուք գրել էիք՝ «AMAP»-ը անհայտ կազմակերպություն է՝ այդպես չէ, լավ էլ հայտնի է, գրանցված է Արդարադատության նախարարությունում, և, բնականաբար, ՀՀ-ում գործունեություն ծավալելու իրավունք է ունեցել: Օտարերկրյա որևէ կազմակերպություն առանց գրանցման մեր երկրում գործունեություն չի կարող ծավալել:

– Հարյուրավոր կրոնական կազմակերպություններ նույնպես գրանցված են Արդարադատության նախարարությունում, բայց մեր երկրում իրականացնում են հակաքրիստոնեական գործունեություն: Հետո՞ ինչ, որ «AMAP»-ը գրանցված է: Բացի այդ, հիշեցնենք, որ Մ. Վահրադյանի նամակն ուղարկվել է ԱՄՆ, որտեղից ստացվել է գրություն: Հասցեն ԱՄՆ-ում է:

– Ես դա չգիտեմ: Կարող է` ամերիկյան կազմակերպություն է, բայց ՀՀ-ում գրանցում ունի: Ես ընդամենը արձանագրում եմ, որ գրանցված է: Ավելի վատ, որ այստեղ հասցե չունեցող ինչ-որ կազմակերպություն կարող է մեր երկրում գործունեություն ծավալել: Բացի դա, նախարարությունը վահանակները տեղադրելու այդ երեք տարիների ընթացքում պաշտոնական պայմանագիր կնքված չի ունեցել: Մարինե Վահրադյանը, Էդիկ Մինասյանը, Բաբկեն Հարությունյանն այս հարցով եղել են նախարարի մոտ և, երբ նախարարն իր տեղակալ Արևիկ Սամուելյանին հանձնարարել է դադարեցնել պայմանագիրը՝ դա վերաբերում է բանավոր համաձայնագրին:

– Ինչպե՞ս կարող է նախարարն իր տեղակալին հանձնարարել չեղյալ հայտարարել «բանավոր համաձայնագիրը», այն դեպքում, երբ մասնագետների ներկայությամբ բառացիորեն ասել է՝ կասեցնել պայմանագիրը և դադարեցնել ֆինանսավորումը:

– Համաձայնագիր է եղել, բայց կնքված չի եղել: 2011թ.-ին այդ կազմակերպությունն իր ստորագրությամբ համաձայնագիրը բերել է նախարարություն, բայց այնտեղ չի ստորագրվել:

– Աբսուրդ է, 2008-ից այդ կազմակերպությունն անարգել մեր հուշարձանների տարածքում ապատեղեկատվություն տարածող վահանակներ է տեղադրել իրավական փաստաթղթերի բացակայության պայմաններո՞ւմ: Եվ դա արվել է այն դեպքում, երբ պատմամշակութային այդ տարածքները խստորեն վերահսկվում են մեր պետական կառույցների կողմից: Ինչպե՞ս է հնարավոր, որ օտար պետություն ներկայացնող «AMAP» կազմակերպությունն, առանց կողմերի պարտավորության, ժամկետների և այլ ընթացակարգերի` ՀՀ-ում «հակահայկական» տեղեկատվություն տարածի: Ավելին, ֆինանսական հոսքն ապահովել է Մշակույթի նախարարությունը: 2008-ից գործունեություն են ծավալել, բայց համաձայնագիրը նախարարին ներկայացրել են 2011-ի՞ն:

– Ոչ, բացարձակապեսգ Մշակույթի նախարարությունն այդ 3 տարվա մեջ ֆինանսավորում չի կատարել առհասարակ: Կազմակերպությունն այդ աշխատանքները կատարել է 3 աղբյուրներից՝ հովանավորել են «ՎիվաՍել ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Գյումրիում՝ Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն և ԱՄՆ-ից CAPS-ի ղեկավարը («Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» /CAPS ծրագիրը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող 5 տարվա աջակցության ծրագիր է.- Լ.Ս.), Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը: Այդ դոնոր կազմակերպությունների միջոցներով է «AMAP»-ը տեղադրել վահանակները:

Նախարարության մեղքն այն է եղել, որ բանավոր թույլտվություն, համաձայնություն է տվել վահանակները տեղադրելու համար: Նախարարությունն այդ իրավունքը չուներ, որովհետև պարտավոր էր ներկայացված տեքստերը համապատասխան ընթացակարգով անցկացներ, Հուշարձանների պահպանության գործակալության գիտամեթոդական խորհրդով անցկացներ, հաստատեին, որից հետո թույլատրեին տեղադրել:

Ընդ որում, Յիրիկյանին բազմիցս զգուշացվել է, որ իր տրամադրած միջոցներով վահանակների տեղեկատվության մեջ բազմաթիվ անճշտություններ կան, բայցգ

– Այդ վահանակները 2008թ.-ից են տեղադրվել, արդյոք դրանց նկատմամբ վերահսկողություն այս 4 տարիների ընթացքում չի՞ իրականացվել: Նախարարությունն ընդունում է, որ հուշարձանների տարածքում խոստովանել ենք «Ադրբեջանի թագավորությունը», բայց, միևնույն ժամանակ, հրաժարվում է դրանք ապամոնտաժել: Շատ տարօրինակ է:

– Ճիշտ եք ասում, փորձաքննություն չի արվել, իսկ հետագայում այդքան ահազանգերից հետո միջոցներ չեն ձեռնարկվել: 2011թ.-ի փետրվարի 24-ին մենք Մշակույթի նախարարություն ենք ուղարկել «AMAP»-ի կողմից 2008-2010թթ. հուշարձանների տարածքում տեղադրած վահանակների վերաբերյալ 64 էջից բաղկացած առաջարկությունների և դիտողությունների փաթեթ:

Այդ փորձագրությունը ես եմ կատարել, մանրամասն ներկայացված է, թե ինչ անճշտություններ կան, և տրված է փորձագիտական եզրակացություն, նշված է, թե կարգն ինչպե՞ս է: Ի դեպ, մամուլում հրապարակված ահազանգերից հետո նախարարության կարգադրությամբ հանրապետությունում դադարեցվել է հուշարձանների տարածքում վահանակներ տեղադրել:

– Բայց վաղուց արդեն տեղադրված են:

– Այո, բայց դա շարունակական գործընթաց պետք է լիներ, որը դադարեցվել է: Բացի այդ, այդ կազմակերպությունը դիմել էր Կառավարություն՝ պետական միջոցներից ֆինանսավորում ստանալու համար, քանի որ հովանավորներն այլևս գումարներ չէին տրամադրում:

Փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո նախարարությունն այդ կազմակերպությանը ֆինանսավորելու Կառավարության առաջարկը մերժել է: Դրանից հետո կազմակերպությունն այլևս ցուցանակներ չի տեղադրում: Հիմա չգիտեմ` ինչո՞վ է զբաղվում: Այդ երկու կարևոր կետերը նախարարության կողմից կատարվել են:

– Կարևորը այդ վահանակների ապամոնտաժումն էր, որը նախարարությունն անհասկանալի պատճառներով չի արել այս տարիների ընթացքում:

– Համաձայն եմ, նախ պետք է կազմակերպեր մնացած վահանակների փորձագիտությունը և անճշտություն հայտնաբերելիս` ապամոնտաժեր: Պետք է միջոցներ հայթայթեր դրանք վերատեղադրելու կամ տեքստերը նորից տեղադրելու համար: Որոշ տարածքներից հանվել է: Օրինակ, Հնաբերդում երկու վահանակ հանվել է, Ամբերդում տեղադրված 8 վահանակներից 1-ը հանվել է, Քոբերում, Հաղպատում, Նորավանքի Կիրճում, Գառնիում և այլ տարածքներում որոշ վահանակներ հանվել են, բայց մնացածներն անպայման պետք է փորձագիտական եզրակացության ենթարկեր, և այլն:

Եվ հետո, այս վահանակների տեքստերը ճիշտ են, թե՞ սխալ, միևնույն է՝ 2-3 տարի հետո պետք է դրանց անդրադառնային, փոխարինեին նորով, քանի որ դրանց դիմացկունությունը երկար տարիների կյանք չունի, բարակ թիթեղի վրա շարվածքը անընթեռնելի է դառնում:

– Բայց պատկերացնո՞ւմ եք, այս տարիների ընթացքում Հայաստանը զբոսաշրջիկների ինչ ներհոսք է ունեցել, որոնցից յուրաքանչյուրն այդ տեղեկատվության կրող է դարձել:

– Այո, գիտեմ, բայց նաև ուզում եմ անդրադառնալ Ձեր հոդվածում գրված այն հատվածին, ըստ որի` հայտնի չեն տեքստերի հեղինակները: Շատ լավ էլ հայտնի են, որովհետև այդ ցուցանակների տակ նշված է, թե ովքեր են այդ տեքստերը հաստատել և գրել: Փորձագիտությունը կատարելիս ես այդ կազմակերպությունից պահանջել եմ բնագիր տեքստերը (Ա. Այվազյանը մեզ ցույց տվեց փաստաթղթերը.-Լ.Ս.):

Հաղպատ, Դիլիջան, Քոբայ, Գոշավանք, Աղթալա, Սանահին, նշված է՝ «ըստ տեքստի՝ Հայկական սովետական հանրագիտարանի և Քրիստոնյա Հայաստանի հանրագիտարանի, Մուրադ Հասրաթյանի հոդվածներից», որոնք աղավաղվել են: Բոլոր տեքստերի խմբագրումները կատարել է Հայաստանի հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեն (ԻԿՕՄՕՍ/Հայաստան հ/կ-ն, որը միջազգային կազմակերպություն է և այստեղ մասնաճյուղ ունի: Նաև խմբագրել է Օրդյան Անահիտը՝ Դիվանատուն՝ Մայր Աթոռ սուրբ Էջմիածին: Տեքստի հաստատումը՝ Մայր Աթոռ սուրբ Էջմիածին:

– Այդ դեպքում Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից ինչո՞ւ են ասել, որ իրենք տեղյակ չեն այդ տեքստերից և իրավունք էլ չունեն միջամտել, քանի որ Մայր Աթոռն իրավունք ունի միայն գործող եկեղեցիների տեքստերը փորձաքննության ենթարկել կամ հաստատել:

– Ես Ձեզ ցույց եմ տալիս փաստաթղթերը, համաձայն որոնց` հաստատվել է Մայր Աթոռի դիվանատան կողմից: Տեսեք, Դիլիջանինը՝ տեքստի հաստատումը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Եվ հետո, ի՞նչ է, Մայր Աթոռում թերթ չե՞ն կարդում: Չէ՞ որ հուշարձանների աղավաղումների մասին ահազանգում են: Չէ՞ որ այդ տեքստերն իրենք են խմբագրել ու հաստատել:

–  Սա անօրինականությունների շղթայի նման է: Ձեր նշած փաստերը վկայում են, որ Մայր Աթոռը նույնպես մասնակից է կատարված հանցագործությանը: Այն է՝ խմբագրել, հաստատել է այն կազմակերպության պատվիրած տեքստերը, որը, ինչպես Դուք եք պնդում, իրավական փաստաթղթեր, պայմանագիր մեր պետության հետ չուներ, հետևաբար իրավունք չուներ դրանք տեղադրելու: Մայր Աթոռում իրավաբան չկա՞, ինչպե՞ս են հաստատել անօրինական դաշտում, բանավոր համաձայնագրով գործող կազմակերպության պատվիրած տեքստերը:

– Իհարկե, ասացի, որ Մշակույթի նախարարության մեղքն այն է, որ բանավոր համաձայնությամբ, առանց տեքստերը կարդալու, առանց գիտամեթոդական խորհրդով անցկացնելու` իրավունք չուներ թույլատրելու այսպիսի «ափըռ-ցըփըռ» բաներ տեղադրելու: Բոլոր տեքստերի տակ գրված է՝ համաձայնեցված է Մշակույթի նախարարության հետ:

Անդրադառնալով Հաղպատի` թիվ 11 վահանակին, ես հիմա բառացիորեն կարդամ Սայաթ-Նովայի հուշաքարից. գրված է հետևյալը՝ «Բանաստեղծություններ և երգեր գրելու, ինչպես նաև քամանչա նվագելու շնորհիվ նա ճանաչում է ձեռք բերում վրաց Հեռակլ (կոշտ ռով է գրված.- Լ.Ս.) Բ թագավորի արքունիքում, ուր նա դիվանագիտական աշխատանքի էր ընդունվել որպես պալատական՝ օգնելու համաձայնագրեր կնքել երեք մրցակից թագավորություններին՝ Հայաստանի, Ադրբեջանի (Ալբանիա) և Վրաստանի միջև»:

Մեջբերում եմ՝ երեք մրցակից թագավորությունների, որտեղ Ադրբեջանը թագավորություն է ներկայացվում, այն դեպքում, երբ Ադրբեջան առհասարակ գոյություն չուներ: Իմ շատ սիրելի բարեկամ, պատմաբան Էդ. Մինասյանը շատ ավելի մեղմ է մեկնաբանել, որովհետև փակագծերում գրվածն ակնհայտորեն ասում է, որ Ադրբեջան հասկացողությունը, փաստորեն, իրավաբանական տեսակետից Ալբանիա պետության ժառանգորդն է: Դեռևս վաղ միջնադարից, փաստորեն, Ալբանիան կամ Ադրբեջանը նույնն են եղել: Իսկ այս տեքստը, ինչպես նշեցի, խմբագրվել է

«ԻԿՈՄՈՍ Հայաստանի» և Մայր Աթոռի դիվանատանը և հաստատվել է Մայր Աթոռի կողմից: Չի կարելի նման բաներ թույլ տալ: Համաձայն եմ պրն Մինասյանի հետ, այո՝ ո՞ւր են մեր անվտանգության մարմինները: Սա հակապետական ծրագիր, քաղաքականություն է և միտում ունի: Այդ վահանակները հակահայկական, հակապետական միտվածություն ունեն, որի անտեսումն անթույլատրելի է:

Բայց մյուս կողմից` տարօրինակ է Ձեր՝ մասնագետներիդ լռությունը: Բոլորդ դատապարտում եք կատարվածը միայն այն ժամանակ, երբ որևէ լրագրող այս թեմայով հարցադրումներ է անում: Ասենք՝ կարող եք համախմբվել, դիմել ՀՀ նախագահին, ասուլիսներ հրավիրել և վերջնականապես այդ վահանակների ոչնչացումը պահանջել: Ի վերջո, այդ ծրագիրը 2008թ.-ից իրականացվել է, և այսքան տարի անց Դուք արդյունք չեք արձանագրել:

– Չէ, ես լուռ նստած չեմ, իսկ մյուսների համար չեմ կարող պատասխանել: Ես` որպես քաղաքացի և մտավորական, իմ պարտքը կատարել եմ: Ի պաշտոնե, ես նախկինում փոխտնօրեն էի, կատարել եմ փորձագիտական եզրակացություն և ԶԼՄ-ներով բարձրաձայնել եմ: Սեպտեմբերի 25-ին հատուկ այս խնդրով նախարարին նորից նամակ եմ գրել, որին ի պատասխան` ստացել եմ հետևյալ գրությունը. «ՀՀ մշակույթի նախարարությունը մտահոգ է «Հայկական հուշարձանների ճանաչման» ծրագիր «AMAP» հասարակական կազմակերպության կողմից 2008-2010թթ. հայկական պատմամշակութային տարածքներում տեղադրված բազմալեզու տեղեկատվական վահանակների անճշտությունների հարցում:

Ինչպես հայտնի է՝ Մշակույթի նախարարի տեղակալի հանձնարարականով արդեն հանվել են մի շարք տարածքներում տեղադրված և ակնհայտ աղավաղված տվյալներ պարունակող տեղեկատվական վահանակները:

Ինչ վերաբերվում է մյուս վահանակների տեքստերի ճշգրտմանն ու դրանց մնալու նպատակահարմարությանը՝ հայտնում ենք, որ նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված եք նաև Դուք, և որի նպատակն է` հնարավոր սեղմ ժամկետներում ուսումնասիրել տեքստերը, դրանցում տեղ գտած թերությունները, և հանդես գալ համապատասխան առաջարկություններով գ», և այլն:

Ոչ մի կոնկրետ բան:

– Որովհետև նախարարությունում ազատ միջոցներ չկան, և որքան գիտեմ` ամեն մի վահանակի պատրաստումը, որը 5 լեզվով թարգմանվում, տեղադրվում է՝ մոտ 200-250.000 դրամ է կազմում: Բնական է, որ նախարարությունն էլ ազատ միջոցներ չունի, դիմել են Կառավարություն` միջոցներ տրամադրելու համար:

Բայց ապամոնտաժելու համար ի՞նչ գումարներ են պետք: Կառավարությունը պիտի միջոցներ տրամադրի, որ դրանք ոչնչացվե՞ն:

– Ոչ, նորից փորձաքննություն պիտի անցկացնեն, և այլն…

Թող դրանք պարզապես հանեն:

– Այո, երկու ճանապարհ կար. եթե սեղմ ժամկետներում չէինք կարող փորձաքննություն անցկացնել և նոր տեքստեր պատվիրել, որովհետև գումար չկար, ուրեմն՝ պետք է ապամոնտաժվեր: Սխալ տեղեկություններ չպետք է տարածվեր:

Վահանակները պահպանելու` Մշակույթի նախարարության համառության մեջ միտում չե՞ք տեսնում: Ի վերջո, կարելի էր դրանք շատ արագ հանել հուշարձանների տարածքներից, բայց տարիներ շարունակ ինքներս մեզ խայտառակում ենք հազարավոր զբոսաշրջիկների աչքի առաջ:

– Չէի ասի` համառություն, այլ՝ անփութություն, անհետևողականություն, սա ահավոր բան է: Սա կարելի է համարել պետական հանցագործություն, քանի որ միտումնավոր աղավաղվում է պատմությունը: Կան շատ պաշտոնյաներ, որոնք իրենց տեղում չեն: Նրանք մեր մշակույթի, հայագիտության ոչ թե զինվորներն են, այլ՝ թշնամիները: Հայաստանն այսօր դարձել է անգրագետների երկիր, մանավանդ մշակույթի կամ հայագիտության պաշտպանության տեսակետից: Հայաստանում Կրթության և գիտության նախարարությանը կից պետք է բացել անգրագիտության վերացման նախարարություն:

Տարիներ շարունակ դիմում եք նախարար Հասմիկ Պողոսյանին, բայց խնդիրը չի լուծվում, ինչո՞ւ մասնագետները չեն դիմում ՀՀ նախագահին, Անվտանգության խորհրդին: Ի վերջո, այս ամենում Դուք նաև մասնագետների մեղքը չե՞ք տեսնում:

– Ի՞նչ է, դուք կարծում եք, որ նախագահի, վարչապետի աշխատակազմը, անվտանգության մարմինները մամուլի խոսնակներ չունե՞ն, թերթեր չե՞ն կարդում: Եթե կարդում են, անուշադրության են մատնում, ուրեմն՝ հանցագործներ են, իսկ եթե չեն կարդում՝ կրկին հանցագործություն պետք է համարել:

Մեր տիրույթում, մեր տարածքում տվյալներն աղավաղվում են, իսկ մենք անուշադրության ենք մատնում: Ընդունում ենք տեղեկատվական այն փաստերը, որոնք տեղադրված են: Եթե Ադրբեջանը գրեր, որ 18-րդ դարի կեսերից հետո Ադրբեջան պետություն է եղել՝ վայնասուն կբարձրացնեինք: Բայց մենք գրել, տարել-տեղադրել ենք, աշխարհին էլ 5 լեզվով ներկայացնում ենք: Էս 3-4 տարվա ընթացքում դրսում բնակվող իմ ընկերները զարմացած զանգում-հարցնում են՝ այ մարդ, էդ ի՞նչ բան է կատարվում ձեզ մոտ, էս ինչե՞ր են գրում: Վերջերս ՀՀ նախագահն ու վարչապետը մի քանի տեղերում ասացին՝ խայտառակություն է:

Այն, ինչի մասին խոսեցինք, խայտառակություն է: Ցավոք, մեր գործող գիտնականները, մտավորականները երկու կողմից հարվածներ են ստանում. մի կողմում` Ադրբեջանն ու Թուրքիան են, մյուս կողմում էլ՝ մեր անգետներն են: Հիմա ես չգիտեմ` այս աշխատանքի մեջ իրոք փողե՞ր են լվացվել, թե՞ անփութություն է. հակապետական ծրագիր են իրականացնում մեր աչքի առջև: Այսքան ասելուց, գրելուց հետո նույն կոտրված տաշտակի առջև ենք կանգնում:

Հ.Գ. CAPS-ի կայքէջում կարող եք կարդալ այս ծրագրին նրանց և այլ կազմակերպությունների մասնակցության մասին տեղեկատվությունը` http://www.caps.am/index. phpգcat_i d=197: «AMAP»-ի գործընկերներն են նշված Հայաստանի հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեն  (ԻԿՕՄՕՍ/Հայաստան հկ-ն), Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության, Հնագիտության և Ազգագրության ինստիտուտները, Մատենադարանը, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ մշակույթի նախարարությունները և Հայկական ճամփորդական բյուրոն:

Տեսանյութեր

Լրահոս