Պտույտ դատարկության շուրջ. Էդուարդո Չիլյիդա
ԺԱԿ ԴՅՈՒՊԵՆ
(էսսե)
Իրականում Էդուարդո Չիլյիդան ծնվել է 1951 թվականին, Էրնանիի դարբնոցում, դեմ հանդիման հանդիպելով դատարկությանը:
Նա մեծ ճգնաժամ էր ապրում: Կլոր քանդակն ու պատկերը, ծավալն ու ֆիգուրը, հենց ինքն` անհաղթահարելիությունն ու անթափանցությունն իրեն չէին տրվում: Մադրիդում երկար կենալուց հետո, ուր նա զբաղվեց ճարտարապետությամբ, և Փարիզում, ուր նոր փորձեր և բախումներ եղան, Չիլյիդան վերադառնում է Բասկերի երկիրը, առ իր մենավոր պայքարը, ուր Նա բացահայտում է երկաթի հնարավորությունները:
Եվ հրաժարվում է պատկերումից` դժվարություններից չխուսափելով, այլ ընդհակառակը, ձգտելով գլխովին խրվել դրանց մեջ և հաղթահարել, ելք գտնել, գտնել ինքն իրեն: Երկաթը` անցումն է առ դատարկություն, քանդակագործությունը որպես իրադարձություն` նրա պատճառով, ընդմեջ նրա բացվում է այլ մի բան, շատ ավելի ահարկու իր իներտության մեջ, շատ ավելի արդյունավետ:
Դատարկությունը պարզապես անգոյություն չէ` դա տարածության ծոցն է: Այն որոշարկվում է միմիայն արտաքինի, կողք թողնվածի շնորհիվ: Սակայն կարելի է զգալ և հենց այն` զգալ փորձով, վերելքի և ճգնաժամի մեջ, բացակայության և գլխապտույտի մեջ, սիրո մեջ:
Միատեսակ, նեղ միջավայր, այն ձգում է` ինքնին մոլեռանդություն է, տառապանք, քանդակագործի անհավանական նյութը: Մեկեն անշունչ և զգայուն, այն կոչում է ֆորմային, որպեսզի տարածություն ծնի: Քանդակագործը հենց դրանով է զբաղված` նա շաղախում է դատարկության մարմնավորված նեգատիվությունը տարածության կենդանի պոզիտիվությամբ, վերափոխելով մատերիան և նրա մեջ ֆորմա մտցնելով:
Տարածությունը գոյություն ունի լոկ դատարկությունից սերող ֆորմայով` դատարկությունից է նրա հոծությունն ու հզորությունը, այնտեղ է այն վերադառնում, այն հավաքվում է մեկում, այն գրկում է դատարկությունը, մնալով բաց, նրա համար պահելով մուտքեր և մոտեցումներ: Քանդակագործը միշտ անդունդի առաջ է, գրոհում է այն, իսկ նրա հարձակման հետքը հենց ֆորման է` միայն այն է ստեղծում և ծավալում տարածությունը, այնպես որ տարածությունն ու ֆորման անբաժանելի են, ինչպես մետաղադրամի երկու կողմը:
Այն ամենը, ինչ կապված է քանդակագործի հետ, չի շոշափում դատարկությունը, բայց ուղղակիորեն վերաբերում է տարածությանը` քանդակագործի մտքերը, զգացմունքները, ցնորատեսիլները, ժամանակն ու վայրը, նրա կենաց հանգամանքները` այն ամենը, ինչ նա ունի ձեռքի տակ, ստեղծագործական քայլի անորսալի իրադարձության հետ մեկտեղ, այն մասով, որ պատկանում է աստվածներին ու գիշերվան:
Այդ ամենից քանդակագործը քաղում է անկրկնելիությունը, յուրօրինակությունը, բարդությունը: Այդ ամենը տարածությանը տարատեսակություն է հաղորդում, լցնում հանգույցներ, փոսորակներ, անտեսանելի օդային խոչընդոտներ ստեղծելով, որոնք էլ հենց ծնում է ֆորման, և որոնց հենց նա դեմ է առնում, և որոնք ստիպում են նրան փշրվել, ծռվել, ճյուղավորվել: Քանդակագործությունը` դա կանխատեսելի ծավալում է, որ խզվում է բեկման կետերում, որոնց նա դեմ է առնում և որոնց ուժը պիտի ներառի իր մեջ, ֆորմայի փռած ցաքուցրիվ երթուղին տարածության մեջ:
Բայց նրա խզումները հարկ է լրացնել մատերիայի անընդհատականությամբ, ծանրությամբ, հոծությամբ: Այդ հակասությունը, չվերացնելով այն, այլ նեցուկ կանգնելով, պիտի լուծի կոնստրուկցիան: Եվ ահա երկաթը վերցնենք օրինակի համար, այն ծռվում է, փափկելով սղոցի հպումից, անկյան տակ խիստ ճկվում է կամ սահուն հոսում է թեքության տակ, ցաքուցրիվ է գալիս կամ պատռվում է, մասնատվում է կամ հանգույց է կազմում: Տարածության կողմից ենթարկվելով անընդհատականության պահանջին, որն այլ կերպ չի իրականանա: Չիլյիդան օգտագործում է ֆորմա, հակադրությունների, օպտիկական պատրանքների և իրական համանմանությունների ողջ պաշարը` համանմանություններ, որ ռեալ աշխատում են, որոնցով էլ իրենց գոյությունը և հաստատվում է:
Նա պիտի ծայրաստիճան սեղմի տարածությունը ֆորմայի մեջ, ավելի ու ավելի նեղացնի այն, այլ կերպ ասած, մշտապես այն հատի ճառագումներով, ծռի ստվերը, պտտեցնի անպատկերացնելի գալարը, կահավորի դատարկությունը: Հենց որ նրա ձեռքը պատրաստ է սեղմվելու, այն տեղնուտեղը բացվում է: Բռնում և ազատագրում է, ճանկում և բաց է թողնում, ծռում և ուղղում է: Վերջին խոսքը միշտ խզմանն է, հենց խզումն է տարածությանն ու նրա ծավալմանը հաղորդում այն զարկերակը, առանց որի քանդակագործություն չկա:
2. Վերադարձ կամ Նախնական երկվությունը
Եթե պարզության կամ հարմարության համար առանձնացնենք, գերադասության իրավունքով, ինչ-որ մեկ հեռանկարը, իսկ քանդակագործության արտահայտչամիջոցները, ենթադրելով կետերի անսահմանափակ բազմությունը, որոնցով կարելի է այն դիտարկել, դա լիովին թույլ է տալիս, ապա կարելի է ասել, որ Չիլյիդան սերում է նախնական հակադրությունից կամ դրանց որոշակի հավաքածուից, որոնք արձագանքվում են նրա ողջ ստեղծագործության մեջ հակադրությունների բախումով և նրան ծառայում են` որպես էներգիայի աղբյուրներ:
Դատարկ և լցված, փակ և բաց, սպիտակ և սև (տուշով գծանկարներում, փորագրանկարներում), ֆորման և տարածությունը, մնջանքն ու երաժշտությունը, մատերիան (ֆորմայով զարդարված) և էներգիան (ոչ ելք է փնտրում)` բոլոր միմյանց լրացնող այդ հակադրությունները և առանց մեկը մյուսի գոյություն չունեցող հասկացությնունները Չիլյիդայի մոտ ներքաշված են միասնական գործողության մեջ:
Դրանք սեղմված և անբաժան զույգ են, ձուլված և բաժանված ճեղքվածքի էներգիայով դրանց միջև եղած մազե դատարկությամբ: Չիլյիդան չի հոգնում այդ հակադրությունները մոտեցնելուց և կապելուց և լուսաբանելուց, որոնք ծեծված են, բայց առանց որոնց չի կարող սկսվել, մեկեն երեք չափումներում, ֆորմայի ուղին: Որքան ավելի շատ են խոչընդոտներ հաղթահարվում, այնքան ավելի հակագործողություններ են հաղթահարվում, այնքան ավելի վտանգավոր է սայթաքելն ու կասկածելը: Որքան ավելի լուրջ է սպառնալիքը, այնքան ավելի ամուր է քանդակագործի տեխնիկական, պլաստիկական, հոգևոր անդրդվելիությունը: Բայց որքան լավ է նա զինված, այնքան ավելի անպաշտպան է: Նրա ուժն աճում է միայն ֆորմայի հետ, որը հակադիր է այն բանին, ինչ ուրվագծում է:
Այդ երկվության մեջ, որից մենք չափազանց պինդ ենք բռնվել, տեսնելով դրանում բանալին, Չիլյիդայի արվեստի մոտեցումներից մեկը, դրանով է ներթափանցված նրա աշխատանքը առարկայի վրա:
Սակայն այն այնքան է սրվում, մտնելով փոխհարաբերությունների կամ մրցակցության մեջ ամեն անգամ դրանց դիմակայող բևեռներով, և ամեն րոպե անհրաժեշտ է անթիվ ուղղումներ ներմուծել, որոնք թելադրվում են նոր ու նոր շրջադարձով գալարուն երթուղուց: Սահմանափակվենք մի բանով` այդ երկվությունը հառնում է ոչ միայն բախմամբ, որքան խափանմամբ, որ կանգ չի առնում հակադրությունների առաջ, ընդհակառակը, նա դրանք ի ցույց է դնում, հագենում է դրանցէներգիայով և, դրանից դրդվելով, շարունակում է գրոհը:
Նա չի սկսի պասիվ այդ ամենը տանել, սպասմամբ մտատանջվել: Նա գալիս է հայտնագործություններ գործելով, ձգված ձեռքերով, գրկաբաց առաջ նետվելով: Նա շարժվում է առաջ, ամեն քայլափոխին վերացնելով հենց նոր արածը, կամ կայծակի ճանապարհով: Նա ժխտում է երկընտրանքը և դրանից ծնված շվարածությունը: Եվ վստահվում է մղումին, թող որ հակասական թռիչքին, թող որ վաղաժամ, անհաստատունության և անհամաչափելիության դինամիզմին, որից էլ իր ողջ անթաքույց սարսուռով, նախնական լարվածությամբ, անկասելի եռքով և շեշտվում է ֆորման:
Այն ամենը, ինչ գրավում է Չիլյիդային, ներմուծված է նետման դինամիկայի մեջ, ծավալվող շարժմունքի ջերմության մեջ: Դա, և դրա հետ մեկտեղ` լուսաթափանցում է կատարին, այլ ոչ թե գործողության ակունքում:
3. Որսման և ծավալման մասին
Իր ողջ տպավորիչ գերազանցությամբ և պարադոքսալությամբ Չիլյիդայի ստեղծագործությունները պարտ են այդ գլխապտույտ անկմանը, որը դրանց կլանում է, և որը ամեն անգամ նորիցնոր ենթարկեցնում են:
Արտասովոր խստության, կարծրության, հոծության պլաստիկական լեզուն, որ իր առջև խնդիր է դնում պարզաբանել, կենդանացնելով այն, որ հառնում է` որպես ծայրահեղ անորոշություն և միջանկյալություն, անդադար հարցմունք ֆորմայի մասին` տարածությունը: Խոսքն այն մասին է, որպեսզի որսաս, պահպանելով շարժունակությունը, նրա զարկերակը, շոշափելիությունը, անսահմանությունը, հենց նրա չուրվագծումը կասկածի չենթակայի ճանկերում, անառարկելիորեն նյութական գծերի ճանկերում:
Հիմքը, նմանատիպ նախաձեռնության նախնական պայմանը` հրաժարումը պատկերումից, եռաչափությունից, իմաստից (արտաքին իմաստից): Եռակի խզումը տարածության սկիզբն է դնում:
Ֆորման պտտվում է դատարկության շուրջ, բացակայող կենտրոնի շուրջ` դա էլ հենց տարածության թաքնված ակունքն է պարապությունների հանքահորերում: Ամենագո և անհասանելի ակունքը, որը ամենուր է և ոչ մի տեղ է, որ դրդում և ուղղորդում է քանդակագործի ձեռքը: Սկսելով այդ նախնական և հիմնարար դատարկությունից, անիրագործելի տարածությունը մղման, անկման մեջ, շոշափելով և կորցնելով ուղին, փնտրում է իրեն լեզվի սահմաններից դուրս և բացվում է ինքն իրեն, իր լեզուն պատմելով քանդակագործին:
Այդ բացակայող կենտրոնը ձգում է հանց մագնիս և մոտ չի թողնում հանց հուր: Այն դրդում է, տեղնուտեղը ցրվելով ֆատա-մորգանայի թեթևությամբ։ Որովհետև, արձագանքելով նրա կանչին, նրա սպասմանը, ֆորման պիտի բավարարի երկու իրարամերժ պահանջներին:
Մի կողմից` այն ճշգրիտ է և սեղմ, հստակ սահմանազատված է շրջապատից, վստահորեն ուրվագծված է, ենթարկված է այն ծնող միասնական մղմանը: Սակայն մյուս կողմից` եթե նկատի ունենանք նրա ողջ անցած ուղին, այն բաղկացած է խզումներից և կրկնություններից, հանգույցներից և միահյուսումներից, կողմնակի արահետներից և բազմակի ճյուղավորումներից, անմատույց բարձունքներից և թաքնված դարուփոսերից, այնպես որ, տարածությունը նշուլում է նեղ արանքների և փոքր սպանդանոցների միջով: Նետման անզսպելի էներգիան կուտակվում և պահվում է որսման և ծավալման բարդագույն կոնստրուկցիայով:
4. Արտաքինը և ներքինը
Ֆորմաների նրբինության և պայթուցիկության մեջ, դրանց հանգուցային մտրակման և վազքարշավի մեջ, ինչպես և սկվաժինաների նեղության մեջ, որ փորփրում են ծանրաքարշ զանգվածը, կենդանի կոտրվածքների և լեռնացած կոնքերի մերկության մեջ սահմանների երկվության մեջ բացվում է կոնստրուկցիան, մեկ` ծանրաքարշ, մեկ` օդային, և ամեն ակնթարթ, իր ցանկացած մասում, ինչպես և ամբողջությամբ, ենթարկված զմռսման և ազատագրման երկակի թելադրանքին: Քանզի դրա հիմքում խզումն է, ապա ամբողջի կառուցվածքը վերացնում արտաքինի և ներքինի հինավուրց և ննջեցնող տարբերությունը:
Ոչ մի պատ դրանք չի սահմանազատում, ոչ մի բառ չի բաժանում: Խորհրդավոր ձգողականությամբ ծանրաքարշ, Չիլյիդայի փակ և միաժամանակ թափանցիկ քանդակները պարտ են այդ հայտնագործությանը: Դրանց, թվում է թե, իրենց մեջ փակված և ծածուկ խորքերից աչք ածող դատարկությունը, դրանց ներսն իրականում հենց մակերևույթն է, կենարար բացվածությունը, որը կլանում է, ինչպես պտտահողմը: Դա տարածությունն է` իր ողջ հզորությամբ և թաքնված դողով, գործի ծանրությամբ և ձևերի ճնշումով ճզմված էներգիայի կուտակման համար:
Չիլյիդան շրջում և ցուցադրում է թաքնվածը, այլ կերպ ասած, դեռևս չտեսնվածը, ոչ թե թաքցնելու և պայծառատեսության միստիկայի օգնությամբ, այլ ֆորմաները ճզմող և բացող գործողությունների օգնությամբ, որ թելադրված են պարզության և եղելության յուրահատուկ պոետիկայով: Որսման և բացման յուրաքանչյուր շարժմունքը ենթարկված է այն բանին, որպեսզի դուրս թողնի, շոշափելիության աստիճանի շրջի տարածությունը, ստիպի նրան աշխատել: Մեր առջև ոչ թե անդրենականի աշխարհն է, այլ այսկողմնայինի գաղտնիքը, որ թաքնված է դատարկությամբ և բացված է ֆորմայով, որն այն եղելություն է դարձնում կենդանի տարածության մեջ` տարածության մերկ պարզության և նրա հզորության անհատնելի ճառագման մեջ:
5. Անմարմնությունը, կենդանի տարածությունը
Անցել է այն ժամանակը, երբ Բաշլյարը կարող էր Չիլյիդայի արածը սահմանափակել «երկաթյա աշխարհը» ձևակերպմամբ: Երկաթի կողքին իրենց տեղը գրավեցին արճիճն ու պողպատը, փայտը, գրանիտն ու ալեբաստրը, գծանկարների և կոլաժների թուղթը, լիտոգրաֆիայի քարը, փորագրանկարային պղինձը: Այո, Չիլյիդան` իր օգտագործած նյութերի տիրակալն ու գործընկերն է: Այո, նրա անսահման նրբինությունը առ կենդանի բաները, առ նյութականի հնարավորություններն ու դիմադրությունը մշակված են մշտական պրակտիկայով: Եվ այդուհանդերձ, նրա ինտուիտիվ իմացությունը և երկաթի, քարի և փայտի հետ աշխատանքի խորացված փորձը նույնքան նրա ստեղծագործության պայմանն է, որքան և դրա բաղկացուցիչ մասը:
Նրա աշխատանքների նախնական նյութը` դատարկությունն է, վերջնական արդյունքը` տարածությունը: Նրա իշխանությունը մատերիայի վրա այն կարգի է, որը չի տրվում ոչ արհեստով, ոչ էլ արհստավորի ավանդույթով, ոչ էլ ձեռքի և գործիքի բազմամյա վարժանքով: Դրա ակունքը` ուժն է, որ գործում է անհողդողդությամբ և խստաշունչ համոզչությամբ, դրա սկիզբը` անկասելի ձգտումն է` բացելու այն, ինչ բովանդակում և թաքցնում է դատարկությունը: Որովհետև դատարկությունը հարկ է կարողանալ լսել և տեսնել: Այստեղ ոչնչից չես կարող բռնվել, ոչնչի վրա չես կարող հենվել` այն կարելի է սոսկ ուրվագծել և կենդանացնել, անխաթար ճզմելով նրա անմարմնությունը ֆորմայով, առ որը այն կանչում է, որպեսզի ձուլվի տարածությանը, երկխոսություն բացի, շարժման մեջ դնի դրամայի ընթացքը: Ենթարկվելով այդ կամայական համարձակությանը, ֆորման ներթափանցում կամ գրկում է դատարկությունը, այն խորթ է և ֆորմային, և ամորֆությանը, սակայն նրա ժխտական էներգիան, թաքնված կիրքն արթնանում են ֆորմայի հպոումից և լցվում են կյանքով ծնվող տարածության մեջ:
Այդ էներգիայի կուտակումը, դրա ազատագրումը դեպի նյութականը անհավանական նրբինություն են պահանջում: Հարկ է կենդանի մարմինը մաքրել չորությունից, հասցնել ամենակարևորին: Ազատությամբ ավելորդից, սեղմությամբ, հագեցվածությամբ Չիլյիդայի քանդակն ամենավառ կերպով դրսևորում է պլաստիկայի շարժիչ ուժերն ու օրենքները` որպես այդպիսին: Առանց դույզն-ինչ ցուցադրական դինամիզմի, առանց զարդարանքի և, բառիս նեղ իմաստով, գեղագիտության հավակնությունների` այն լուսարձակում է ֆորմայի և տարածության մաքուր միաձուլումը, ծավալում է երկարաձիգն ու բարդագույնը, իր անզուգական համառոտությամբ, պատմում է դրանց անհաշտելի դիմակայության և անբաժանելի հանկարծահաս փոփոխությունների մասին:
1972թ.
Ռուսերենից թարգմանեց
ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ