Հայեցող ցանկացած գործողության մեջ. Անրի Միշո
Միշոյի նկարների առջև համոզվում ես մի բանում, որ այն ամենը, ինչ կարելի է դրանց մասին գրել, արդեն գրված է` սպառիչ, ճշգրիտ և վերջնական գրել է ինքը` Միշոն: Այստեղ հավելելու բան չկա, նրա ստեղծագործության ոչ մի թաքուցյալ մեխանիզմ չես կարող բացահայտել, և այդ պատճառով մնում է հետևել այն արագությանը, որով այն անցնում է կողքանց, այն արագությամբ, որով այն տպավորվում է քո մեջ, բոլոր քնած պատկերներով և թափանցիկ ստվերներով, որոնք նրա ստեղծագործությունը դուրս են բերում թաքստոցներից և դարձյալ ի մի են բերում:
Սակայն ավելի վաղ վիճակված է բախվել դեմ հանդիման այն տարածությանը, միաժամանակ ճնշող և ազատագրող:
Տարածությունը, որ շրջանակում է մարդուն` գզգզված և բզկտված: Իր կիսադեմով և դիմահայաց տեսքով, իր երազով և ճիչով, հետքով և հոգոցով, մենությամբ և ճնշմամբ: Սակայն առկա է նաև նրա ինքնաժխտումը, նրա ծիծաղն իր վրա: Անկոտրում և փլված, կասկածներով բաժանված, առանց նախապաշարմունքների և սովորույթների պաշտպանական քողի, մերկ, քերթված մաշկով… Երբ այլևս պահպանելու բան չկա, տալու բան չկա, անելու բան չկա:
Առանց պատյանի և աստիճանների, առանց մանրուքների և քայլը կաշկանդող հասկացությունների` նա գլխովին նետվում է առաջ, և նա չունի այլ մարմին, քան իր սեփական ստվերը: Ամեն ինչ նրա մեջ քլթքլթում և դողում է` թղթի կտորը, պատի հատվածը, հետո հանկարծ ոտքի տակից փախչում, բոցավառվում է, և հարցերի ջրվեժը բացահայտում է պեծկլտուն, շլացուցիչ տարածությունը:
Աչքերիդ առջև ձգվող երերուն հյուսվածքի ներքո, մազմզուկներով ծավալվող ակնթարթների ներքո հանկարծ նշմարվում է շտրիխը, թիռթև ինչ-որ բանի հպանցիկ ուրվագիծը` փետուրների, հատիկների, կրակներիգ Ոչ սկիզբը, ոչ ակունքը, ավելի քիչ` նպատակը կամ ուղին: Ընդամենը գծի և գույնի ցատկը, հետքը և անցման սարսուռը: Ինչ են այդ էներգիայի հոսքով փոթորկուն պատկերներն ու ֆորմաները` դրանք ղեկավարող ռիթմի համեմատ, դրանք ոգեշնչող շարժմամբ:
Բանակների դիմակայությունները կամ ժողովուրդների տեղափոխումները, չտեսնված գազանները կամ հրեշային էակները, պարողները կամ արմատներն անվանելու ցանկացած փորձ հակասում է դրանց բնույթին: Ովքեր են նրանք` «Ներքին հեռաստանների» փախստականները: Դրանք` մարմնավորված տարբերությունն են, անհաստատունությունը, գոյություն ունեցողի անվերջանալի ահագնացումը, և դրանց կապը տարածության հետ, և դրա հետ մեկտեղ` հենց իրենց փոփոխականության հետ, ահա թե ինչով են դրանք մեզ գրավում և ինչ են մեզ համար նշանակում:
Ինչպե՞ս ծավալել տարածությունը և միաժամանակ խորանալ դրա մեջ: Ինչպե՞ս մերկացնել ուժի ակունքը, այն դուրս բերել:
Կենտրոնից փախչելո՞վ, կորիզն աճեցնելո՞վ: Այդ ակունքը, ողջ եղածից անդադրում և անկասելի է, որ եռում է մարմնի թավուտներում, գլխապտույտ թռիչքով դուրս է պրծնում երկրի մակերևույթի վրա և մնում է անհպելի, նույնիսկ աչքերն այրելով` ահա այն թղթի պատառի վրա ջղաձգվող, եղունգով քերվող` ինչպես կիթառի լարը, որ ցաքուցրիվ է լինում հազարավոր շիթերի, ջիգա պարող և նորածնի ճիչով տարածվող: Խելքահան անող գծերի միահյուսման մեջ, ջրաներկի շիթերի տակից ցայտելով, այն անորսալի է, որպեսզի տեղնուտեղը կորչի, աղվի պեծկլտուն հրաբխի մեջ:
Նշանը հենց իր անհանձնարարականությամբ, որսում է էներգիան, որսում և տեղնուտեղը նետում այլ նշանների կողմը, փոխանցում է դրանք համընդհանուր ոգևորությանը: Ցանկացած նշանի ակնթարթային կապի համանման ուժի և խզման դիմաց, ամենամոտ և ամենահեռավոր, ամեն ինչ բաց է: Եվ միակ հենման կետը դրա անկասելի ընթացքում` բիծն է, անընդհատական իմպրովիզացիայի այդ ցատկակետը, որին հենց ինքն էլ հրահրում և պահպանում է:
Այն, ինչ սովորաբար բիծ են կոչում, դա այն հեղուկ պուտն այստեղ` ինչ-որ գունագեղ թանձրուկի պես մի բան է, մեկ անխղճորեն տրորված, մեկ փափուկ ծորող, որպեսզի պահպանի այդ մղումը ծնած թարմությունն ու կենսունակությունը: Բիծը դես ու դեն է նետվում, պայթում է, ուռչում և աճում է, ճյուղավորվում է, և դրա զգայնությունը առ կաշվի և թղթի ամենաաննշմար անհարթությունները արձագանքում է կենաց ցանկացած կանչին, տեղնուտեղը այն դրսևորելով:
Ժամանակ առ ժամանակ ջրափոսից, թնջուկից բարձրանում է ինչ-որ մեկի գլուխը: Թրջված և քրքրված, ավարտուն և անավարտգ Այն ցանկացած դեմքից ավելի արտահայտիչ և անկեղծ է: Լիովին հակադրություն դիմակին: Ամենայն արտաքինից զերծ, չափից ազատագրված, այն ասես թե ի հայտ է գալիս ինքն իր կամ անգոյության մակերևույթի վրա, կամ այն բանի վրա, որ թաքնված է մեր ներսում, սակայն սպասում է իր ժամին: Մեկեն հառնում և կորչում է: Քո կողքին և լույսի ծայրին, զննելով քեզ և արդեն չքանալով, դարձյալ հայտնվելով, և նորից անհետելովգ
Շարունակելի
Ռուսերենից թարգմանեց
ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ