«Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել և չի լինի Ադրբեջանի կազմում». Հ. Աբրահամյան

Հոկտեմբերի 30-ին պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ:

Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Չեխիայի Հանրապետության ժողովրդին և Սենատի անդամներին՝ Ազգային տոնի առթիվ: Նա վստահություն հայտնեց, որ երկու երկրների խորհրդարանների միջև բարեկամական կապերի վրա հիմնված համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա:

«Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ տարբեր ձևաչափերով համագործակցությունը զարգացնելու հարցում, հաշվի առնելով նաև այն ընդհանուր նպատակները, որ մենք ունենք Արևելյան գործընկերության շրջանակներում»,- նշել է ԱԺ նախագահը: Միջպետական հարաբերությունների խորացման առումով` Հովիկ Աբրահամյանը կարևորեց միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը:

ԱԺ նախագահի խոսքով` քաղաքական երկխոսության համատեքստում կարևոր դեր կարող է ունենալ խորհրդարանական դիվանագիտությունը, պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը:

Անդրադառնալով սաֆարովյան գործին` ԱԺ նախագահը գոհունակությամբ արձանագրել է Չեխիայի ԱԳՆ դիրքորոշումը, որը միանշանակ խիստ գնահատական էր տվել տեղի ունեցածին: Նա բարձր է գնահատել Չեխիայի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով ընդունած դատապարտող բանաձևը:

«Կարևորելով մեր գործընկերների կողմից արդարացի և առանձնահատուկ այս քայլը՝ համոզված եմ, որ մեր խորհրդարանների միջև համագործակցությունն այսուհետ ևս կլինի արդյունավետ և շարունակական»:

Չեխիայի Սենատի նախագահը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին իր հրավերը ընդունելու և Չեխիա այցելելու համար: Նա բարձր գնահատեց երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և այս համատեքստում կարևորեց միջխորհրդարանական գործակցության զարգացումը: Միլան Շտեխը համոզմունք հայտնեց, որ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Չեխիա նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը: Նա կարևորեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները : Անդրադառնալով Սաֆարովի արտահանձնմանը և դատապարտելով այն` պարոն Շտեխը նշեց, որ Հունգարիայի քայլը միգուցե սխալի կամ անփութության հետևանք էր, բայց Ադրբեջանի նախագահի քայլը միջազգային բոլոր չափանիշներին դեմ էր:«Անթույլատրելի է , որ մարդասպանը ազատ է արձակվում և հերոսի կոչում է ստանում»,-նշեց Չեխիայի Սենատի նախագահը:

Միլան Շտեխը կարևոր համարեց Հայաստանում Չեխիայի լիարժեք դեսպանություն ունենալու Հովիկ Աբրահամյանի առաջարկը և համոզմունք հայտնեց, որ այն կնպաստի երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը բոլոր ուղղություններով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային խնդիրներ ևս: Անդրադարձ կատարվեց հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրին, Սիրիայում ծավալվող իրադարձություններին: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ մինչև 2015թ.-ը Չեխիայի Հանրապետության խորհրդարանը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը:

Հովիկ Աբրահամյանը Չեխիայի Սենատի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան. հրավերը սիրով ընդունվեց:

Հանդիպման արդյունքները երկու խորհրդարանների ղեկավարները ամփոփեցին համատեղ ճեպազրույցում, ինչպես նաև պատասխանեցին լրագրողների հարցերին:

«Ադրբեջանի իշխանությունների այս որոշումը հակասում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին՝ մարդասպանը չի կարող ազատության մեջ հայտնվել ու ստանալ հերոսի կոչում»,- ասել է պարոն Շտեխը:

«Մարդասպանին, ոճրագործին հերոսացնելը հարիր չէ որևէ երկրի նախագահի: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Չեխիայի արտգործնախարարությանը, Չեխիայի Սենատին, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, նրանց, ովքեր դատապարտեցին Ադրբեջանի և Հունգարիայի կողմից իրականացված այդ անբարոյական քայլը», – ասել է Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով` Չեխիայի իշխանությունները հավասարակշռված դիրքորոշում ունեն կովկասյան տարածաշրջանի հակամարտությունների հարցում, ինչը Հայաստանը բարձր է գնահատում: Հովիկ Աբրահամյանը  նշել է, որ իր այցի ընթացքում դիմելու է Չեխիայի կառավարությանը, որպեսզի Երևանում գործող դիվանագիտական ներկայացուցչությանը հնարավորություն տրվի մուտքի վիզաներ տրամադրել Հայաստանի քաղաքացիներին:

Չեխիայի Սենատի նախագահը ասել է, թե տեղյակ է, որ Հայաստանի պատմությունը հնագույններից է, և Հայաստանն է առաջին անգամ պետականորեն քրիստոնեություն ընդունել: Նա վստահեցրեց, որ մտադիր է տարբերակներ որոնել Հայաստանի քաղաքացիների համար Չեխիա մուտքի արտոնագրերի տրամադրման հարցը դյուրացնելու ուղղությամբ: Պարոն Շտեխը նշեց, որ Չեխիան պատրաստ է աջակցել Հայաստանին եվրաինտեգրման գործընթացում: Նրա խոսքով` չեխ գործարարները պատրաստակամ են ներդրումներ կատարել Հայաստանում:

Չեխիայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բոնիչի և խմբի անդամների հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում միջխորհրդարանական համագործակցության խորացմանը, միջազգային կառույցներում փոխգործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:

Նույն օրը ԱԺ նախագահը և պատվիրակության անդամները այցելել են Լիդիցե տուն-թանգարան, շրջայց կատարեցին Լիդիցե հուշահամալիրում, ծաղիկներ դրեցին անմեղ զոհերի շիրիմին և Լիդիցեի երեխաների արձանի մոտ, եղան Լիդիցեի մանկական պատկերասրահում: Հովիկ Աբրահամյանը հանդիպեց և զրուցեց ողբերգությունը վերապրածների հետ:

Օրվա վերջում ԱԺ նախագահը հանդիպել է Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հովիկ Աբրահամյանը իր խոսքում անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին, պատասխանեց մեր հայրենակիցներին հուզող բազմաթիվ հարցերի:

«Մենք ունենք աշխարհասփյուռ հայրենակիցներ, որոնց ջանքերի և հնարավորությունների մեկտեղումը բխում է և’ Հայաստանի, և’ Սփյուռքի շահերից, որովհետև տարածության առումով բաժանված լինելով, բայց և մեր ժողովրդի միասնական շահը գիտակցելով՝ մնացած ամեն ինչով մեկ ընդհանրություն պետք է լինենք: Միայն ա՛յդ կերպ կարող ենք դիմագրավել համազգային մարտահրավերները, լուծել համազգային խնդիրները, և հենվելով այսօրվա Հայաստանի ձեռքբերումների վրա՝ ուրվագծել ա՛յն արժանապատիվ ապագան, որը մեր ժողովրդի բոլոր զավակների ձգտումն է՝ անկախ նրանց գտնվելու վայրից:Այսօր բոլորիս խնդիրն է ամրապնդել Հայաստանի պետականությունը և հզորացնել մեր երկիրը, իսկ այդ ճանապարհին մենք պետք է լուծենք բազմաթիվ խնդիրներ: Այս գործընթացում ակնկալում ենք նաև ձեր գործուն մասնակցությունը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

«Ես ուրախ եմ, որ դուք այստեղ՝ Եվրոպայի սրտում, անմասն չեք և’ Հայաստանի, և’ ընդհանրապես մեր ժողովրդի խնդիրներից, անտարբեր չեք նրա ճակատագրի հանդեպ»:

«Սիրելի հայրենակիցներ, համոզված եմ, որ գալու է նաև այդ ժամանակը, երբ արդեն շուրջ 20 տարի դե ֆակտո անկախ Արցախը վաղ թե ուշ անկախ է ճանաչվելու նաև դե յուրե: Արդեն այսօր ժողովրդավարությամբ և մարդու հիմնարար ազատությունների պաշտպանության մակարդակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գերազանցում է իր անմիջական հարևան Ադրբեջանին: Իսկ այժմ Հայաստանը ԼՂ հարցի շուրջ վստահորեն բանակցություններ է վարում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի շրջանակներում՝ առաջնորդվելով ոչ միայն արցախահայության, այլև համայն հայության շահերով: Հայաստանի իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ կողմ են խնդրի լուծմանը միայն խաղաղ ճանապարհով՝ ի տարբերություն Ադրբեջանի կողմից պարբերաբար և ամենաբարձր մակարդակով հնչող ռազմատենչ հայտարարությունների: Միևնույն ժամանակ մենք համոզված ենք, որ Արցախի հարցը ստանալու է հայանպաստ լուծում: Հայաստանի Հանրապետությունը` Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հստակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել և չի լինի Ադրբեջանի կազմում»,- շեշտել է ԱԺ նախագահը:

Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի, Ներկայացուցիչների պալատի նախագահ Միրոսլավա Նեմցովայի և Պրահայի արքեպիսկոպոս, Բոհեմիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ: Նույն օրը ուշ երեկոյան ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան:

Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Տեսանյութեր

Լրահոս