«Գեգամետ պլյուսը» մտադիր է Սևանա լճի ափին մոտ բաց եղանակով հանքավայր շահագործել

«Գեգամետ պլյուս» ընկերությունը մտադիր է Սևանա լճի ափին մոտիկ, մոտ 120 հա տարածքում բաց եղանակով շահագործել Շորժայի մագնեզիումասիլիկատային  ապարների և քրոմիտների հանքավայրը: Հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության հասարակական լսումներ տեղի կունենան հոկտեմբերի 30-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժայի գյուղապետարանում: Ինչպես հաղորդում է ecolur-ը, Նախագծի համաձայն` հանքավայրը ձգվում է Սևանա լճի ամբողջ հյուսիս-արևելյան ափով եւ գտնվում է Սևանա լճի մակարդակից մոտ 250 մ բարձրության վրա: Հանքավայրը մոտ է «Սևան» ազգային պարկին:

Հանքավայրի շահագործումը տեղի է ունենալու փուլերով:  Առաջին փուլը տևելու է 50 տարի:  Բացվելու է երեք հանքային տեղամաս, որոնց ընդհանուր տարածքը կազմում է մոտ 120 հա: Տարեկան արդյունահանվելու է 120.0 հազար տոննա հանքաքար: Նախագծի համաձայն` շահագործման ավարտից հետո  կատարվելու է միայն բացահանքերի  հատակների վերջնական հարթեցում 1.7 հա մակերեսով:  Ինչպես գրում է ecolur-ը, հարց է մնում, թե ինչ է լինելու 120 հեկտարանոց բաց հանքերի տարածքը, որ հարթեցվելու է միայն 1,7 հա տարածքը:

Բացհանքի  փոշու գումարային արտանետումների ծավալը կազմելու է  տարեկան 4,04  տոննա:

2009-ի նախագծում այդ հանքավայրը կոչվում էր դունիտ-պերիդոտիտների հանքավայր եւ շահագործվում էր միևնույն «Գեգամետ պլյուս» ընկերության կողմից: Ենթադրվում էր, որ պետք է արտադրվեն հրակայուն աղյուսներ: Եւ այն ժամանակ, և հիմա նախագծում ոչ մի խոսք չկա Սևանա լճի վրա հանքավայրի ազդեցության մասին:  2009թ. նախագիծը դիմադրության հանդիպեց ոչ միայն հասարակայնության կողմից, այլև Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կողմից, որը մերժեց նախագիծը:

Տեսանյութեր

Լրահոս