Երկակի բարոյականություն

Հայ Ազգային կոնգրեսի ու «Բարգավաճ Հայաստանի» միջև համագործակցության թեման ամեն օր նոր դրսևորումներ է ստանում: Ընդհանուր առմամբ, առայժմ այդ հարաբերություններում, գոնե արտաքուստ, գործում է միակողմանի առաջարկի կամ սիրահետման սկզբունքը: ՀԱԿ-ի այն ներկայացուցիչները, ովքեր հավատում են ԲՀԿ-ի հետ «ժողովրդավարական կարգեր հաստատելու» հեռանկարին, առիթը բաց չեն թողնում գովասանքի ու մեծարման խոսքեր հնչեցնել ԲՀԿ-ի հասցեին: Վերջինիս ներկայացուցիչներն էլ, եթե անգամ պատասխանում են, ապա՝ այնքան անտարբեր, որքան անտարբեր կլիներ, ասենք, Սերժ Սարգսյանը, եթե իրեն աջակցության ակնարկ աներ մարքսիստ Դավիթ Հակոբյանը:

ՀԱԿ-ն, իհարկե, մեկ անգամ չէ, որ ապացուցել է` քաղաքական շահը կամ նպատակահարմարությունը վեր է ամեն ինչից, այդ թվում` մարդկային ու քաղաքական բարոյականությունից: Այդուհանդերձ, ՀԱԿ-ում հասկանում են ԲՀԿ-ի հետ համագործակցության արդեն իսկ առկա և հնարավոր վնասները, վերջնականապես վարկաբեկվելու ու հեղինակազրկվելու սպառնալիքը:

Այդ հարցում, բնականաբար, ամենախոցելի հատվածը 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին ԲՀԿ-ի մասնակցության վերաբերյալ ՀԱԿ-ի նախկին գնահատականներն են: Դրանք եղել են շատ ուղղակի և հասցեավորված, ուստի ՀԱԿ-ում հասկանում են, որ դրանցից հրաժարվել չեն կարող: Ու գտել են, իրենց կարծիքով, «միջանկյալ տարբերակը», որի մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀԱԿ  խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

«Եթե Մարտի 1-ի մասին խոսենք, բոլոր նրանք, ովքեր մասնակից են եղել այդ գործում, այդ թվում` ԲՀԿ ներկայացուցիչները, պատժից չեն խուսափի, եթե գան իշխանության»,- հայտարարել է տիկին Սարգսյանը: Նա, բնականաբար, չի ասել, որ իր հայտարարությունը ՀԱԿ-ում որոշված «դոկտրինի» արդյունք է, սակայն դժվար չէ կռահել, որ այդչափ կարևոր ու սկզբունքային հարցում Լ. Սարգսյանն արտահայտել է ՀԱԿ-ի` առնվազն «բարգավաճական» թևում որոշված կամ ընդունելի մոտեցումը:

Հայաստանում քաղաքականությունն, իհարկե, արդարացիորեն շատերն ասոցիացնում են «շուստրիության» հետ: Բայց ամեն ինչ, ինչպես ասում են, սահման ունի: «Շուստրիության» և ցինիզմի միջև էլ սահման կա, որը ՀԱԿ-ը` ԲՀԿ-ի մասով, ակնհայտորեն անցնում է: Այսինքն` համաժողովրդական շարժման արդյունքում ձևավորված այս միավորի անդամներն ուզում են հասարակությանը համոզել, որ ԲՀԿ-ի հետ գալու են իշխանության, որ ԲՀԿ-ին պատժեն Մարտի 1-ի սպանություններում ունեցած դերակատարության համար: Դա նույնն է, որ մարդասպանի օգնությամբ դատարանի շենք կառուցես, որպեսզի այդ շենքում նրան դատապարտես ցմահ ազատազրկման:

Ընդդիմությունը, այդ թվում և առաջին հերթին՝ ՀԱԿ-ը, գործող իշխանությանը մեղադրում է ընտրովի արդարադատություն իրականացնելու, երկակի ստանդարտներ կիրառելու մեջ: Իրավացի է ՀԱԿ-ը, Հայաստանում իշխանությունն առաջնորդվում է հենց այդ սկզբունքներով. դատում է նրան, ով լավ չի ծառայում, յուրայիններին թույլ է տալիս տասնյակ միլիոններ գրպանել, ոչ յուրայինների նկատմամբ գործեր է հարուցում ընդամենը միլիոն լվանալու համար: Խնդիրն այն է սակայն, որ սկզբունքորեն ՀԱԿ-ը ոչնչով չի տարբերվում իշխանությունից:

ԲՀԿ-ի վերաբերյալ Լյուդմիլա Սարգսյանի արտահայտած տեսակետը դրա բազմաթիվ օրինակներից մեկն է: Փաստորեն, տիկին Սարգսյանն ասում է, որ ԲՀԿ-ն մեղավոր է Մարտի 1-ի հարցում, բայց ՀԱԿ-ը ժամանակավորապես «աչք է փակում» դրա վրա, որպեսզի ԲՀԿ-ի հետ գա իշխանության ու պատժի ԲՀԿ-ին: Սա ոչ թե երկակի ստանդարտ է, այլ երկակի բարոյականություն:

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս