«Ի՞նչ, ձեռքերս պիտի ոլորեն, ստիպեն, որ ԲՀԿ-ի թեկնածուի՞ն օժանդակեմ»
Հարցազրույց ՀԱԿ անդամ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի հետ
– Ինչպե՞ս եք վերաբերվում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե` «երբ կան ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, հատկապես` եթե նրանք համագործակցեն, ապա դա դառնում է այս իշխանության համար մղձավանջ: Եվ հնարավոր է քաղաքական երկու այս խոշոր ուժերի համադրմամբ հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին»: Համամի՞տ եք պարոն Զուրաբյանի կարծիքին:
– Նախ, իմ անձնական կարծիքով, հնարավոր չէ, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում միասին հանդես գան: Միասին հանդես գալու համար գոնե ՀԱԿ կազմում գտնվող 15 կուսակցություններն էլ նման միաձայն որոշում պետք է ընդունեն:
Եթե անկեղծ լինի միավորումըգ բայց ես միավորման իմաստը չեմ հասկանում: Ամենագլխավորն այն է, որ ԲՀԿ-ի հետևում ես, որպես այդպիսին, գաղափարական էլեկտորատ, նպատակ, ծրագիր չեմ տեսնում: ԲՀԿ-ն, փաստացի, իր ձայներն ապահովում է ընտրակաշառքների միջոցով:
Եթե ԲՀԿ-ն դառնում է ընդդիմադիր, ինչո՞ւ պետք է իշխանությունը թույլ տա, որ ԲՀԿ-ն շարունակի նույն ձևով ձայներ բերել: Իսկ եթե ընտրակաշառքի մեթոդը չլինի, իմ կարծիքով, համոզված եմ, որ ԲՀԿ-ն լուրջ էլեկտորատ չի ունենա: Դրա համար ես ինքս համաձայն չեմ այս դիրքորոշմանը: Բայց եթե մարդիկ այստեղ տեսնում են իմաստ և նպատակ, ես չեմ խանգարի իրենց: Բայց, միևնույն է` իմաստ չեմ տեսնում ու չեմ էլ հավատում այդ համագործակցությանը:
– Ասացիք` եթե միավորումն անկեղծ լիներգ Անկեղծ համագործակցության դրսևորում երկու ուժերից էլ չե՞ք սպասում:
– Կեղծ ընդդիմադիրներ շատ ենք տեսել, մենք անցել ենք, չէ՞, այս ճանապարհը: Հնարավոր է` համագործակցեն, բայց մեկն ընդդիմություն լինի, մյուսը` ոչ: Սրա մասին է խոսքը: Որպես ՀԱԿ ամենափոքր կուսակցության նախագահ, ես, այնուամենայնիվ, պատրաստ չեմ այդ քաղաքական ուժի հետ համագործակցել: Ես նման համագործակցության ապագան չեմ տեսնում:
– Ո՞րն է պատճառը, որ ՀԱԿ-ում ԲՀԿ-ի հետ համագործակցության ձևաչափի վերաբերյալ պաշտոնական, միասնական դիրքորոշում չկա: ԲՀԿ-ՀԱԿ համագործակցության հարցը քաղխորհրդում չի՞ քննարկվել:
– Երբևիցե այս հարցը ՀԱԿ քաղխորհրդում չի քննարկվել: Պատճառն այն է, որ չկա քննարկման նյութ: Խնդիրը քննարկման առարկա կարող է դառնալ, եթե որևէ մեկի կողմից առաջարկվի ու մնացածի կողմից քննարկման համաձայնության արժանանա: Եթե առաջարկ ու համաձայնություն դեռևս ոչ մեկի կողմից չի ներկայացվել, հարցը չի կարող օրակարգ մտնել:
Այն, որ գուցե անուղղակի ՀԱԿ-ն ինչ-որ բան ասել է, ԱԺ ընտրություններում հեռվից-մոտիկից ինչ-որ բան հայտարարել է, բայց ԲՀԿ արձագանքը միշտ տարբեր նյուանսներով եղել է բացասական: Մշտապես ՀԱԿ-ը բազմաթիվ ռևերանսներ արել է ԲՀԿ-ի հասցեին, բայց ԲՀԿ ռեակցիան բացասական է եղել: Չեմ հիշում որևիցե դեպք, որ ԲՀԿ-ի քայլը, խոսքը ցույց տային, որ գոնե տրամադրված են: Նույնիսկ սա չկա: Իսկ եթե օրակարգում փոխադարձ համաձայնություն, առաջարկ չկա, ապա ինչո՞ւ պետք է քննարկվի նման հարց: Գոյություն չունեցող երևույթն ինչպե՞ս կարող է քննարկվել ՀԱԿ-ում:
– Իսկ ԲՀԿ դիրքորոշումը ՀԱԿ-ի կողմից արված «ռևերանսների» նկատմամբ վերջին շրջանում փոխվե՞լ է:
– Երբեք դրական վերաբերմունք նրանց կողմից չի ցուցաբերվել: Իսկ ի՞նչ է, ՀԱԿ-ը որևէ դրական բան է հայտարարել, որը խոսում է հարաբերությունների, դիրքորոշման մեղմացման մասի՞ն: Նման բան երբեք չի եղել ու հիմա էլ չկա: Համենայնդեպս, ես գոնե տեղյակ չեմ, որ ԲՀԿ-ի կողմից որևէ շարժ լինի, որ գնահատվի իբրև դրական միտում ՀԱԿ-ի նկատմամբ:
Իսկ ՀԱԿ-ի կողմից բազմաթիվ քայլեր են արվել: Հենց թեկուզ Լևոն Տեր-Պետրոսյանը միտինգներում է հայտարարել, ընթացքում է խոսել: Տարբեր առիթներով ՀԱԿ-ն ինչ-որ քայլեր արել է, բայց` արդյունք չկա: Չեմ էլ կարծում, որ հնարավոր է: Այդ քաղաքական ուժն իր տերերն ունի, ղեկավարներն ունի, բացառում եմ, որ նրանք երբևիցե իշխանության դեմ գնան: Բայց, իհարկե, ես 100 տոկոսով կարող եմ սխալ լինել, ու տա Աստված, որ համագործակցությունն ինչ-որ բարի, լավ բան բերի մեր երկրին, ժողովրդին:
Կոնկրետ քաղաքական ուժերի հաջողությունն ինձ ավելի քիչ է հետաքրքրում, քան այն, թե այդ քաղաքական ուժերի համագործակցության արդյունքում մարդիկ որքանով կշահեն: Եթե մարդիկ կշահեն, կրկնում եմ, ես հաստատ չեմ խանգարի, դեռ մի բանով էլ կօգնեմ ցանկացած ուժի, անկախ նրանից` ՀԱԿ է, ԲՀԿ է, թե ինչ է:
– ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը տեսակետ էր հայտնել, թե` «այսօր մենք կարող ենք համագործակցել նույնիսկ նույն Սերժ Սարգսյանի, նույն Ռոբերտ Քոչարյանի հետ, հենց այսօր, և ասել մի բան` եկե՛ք նստենք և իրար հետ որոշենք, դուք էլ եք, չէ՞, ոնց որ հայ: Եկե՛ք համախմբենք, մեր երկիրը հանենք էս վիճակից, եկեք մտածենք` ի՞նչ անենք, որ դրսում 1.2 մլն սոված քաղաքացի չունենանք: Ուրեմն` մեծ սիրով կհամագործակցենք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ»: Դուք համամի՞տ եք այս տեսակետին:
– Սատարել ԲՀԿ թեկնածուին ես բացառում եմ: Նման որոշում ՀԱԿ-ը, կարծում եմ` երբեք չի ընդունի: Այսօրվա դրությամբ, ես` որպես ՀԱԿ 15 քվեարկողներից մեկը, կտրականապես դեմ եմ: Չգիտեմ, հնարավո՞ր է, որ ՀԱԿ գործընկերներս նստեն, փորձեն ինձ բացատրել, հասկացնել, հիմնավորել համագործակցության պատճառը, 1 տոկոսով հնարավորություն տեսնում եմ մտափոխության, բայց հիմնականում այսօր ես 99 տոկոսով դեմ եմ, բացառում եմ նման համագործակցությունը:
– Իսկ եթե որոշվի սատարել ՀԱԿ թեկնածուին, ԲՀԿ-ՀԱԿ համագործակցությունը Ձեզ համար ընդունելի՞ կլինի:
– Այդ դեպքում ինչ-որ բան տեսնում եմ, որ ստացվի: Գիտե՞ք` այստեղ որն է խնդիրը. բոլորիս համար ակնհայտ է, որ ՀԱԿ-ն ընդդիմություն է, բայց ինձ համար հեչ ակնհայտ չէ, որ ԲՀԿ-ն է ընդդիմություն: Քանի որ ինձ համար ակնհայտ չէ, հասարակության մեծ մասին էլ պարզ է, որ ԲՀԿ-ն իշխանություն է, դրա համար բացառում եմ համագործակցությունը: Եթե ես նույն չափով վստահ լինեի, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է, որքան վստահ եմ, որ ՀԱԿ-ն է ընդդիմություն, այդ դեպքում մեծ իմաստով` ի՞նչ տարբերություն, թե ո՞ր թեկնածուին աջակցել` ՀԱԿ-ի՞, թե՞ ԲՀԿ-ի:
Եթե հավասարապես վստահ եմ, որ երկուսն էլ ընդդիմություն են, էլ ի՞նչ տարբերություն. անձի խնդի՞ր ենք լուծում, թե՞ երկրի: Քանի որ` երկրի, այդ դեպքում թեկնածուն նշանակություն չունի: Քանի որ վստահ եմ, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, բացառում եմ սատարել ԲՀԿ թեկնածուին, ու մեկ էլ հետո պարզվի, որ ԲՀԿ-ն հերթական կեղծ ընդդիմությունն էր, ու ես էլ, այսքան տարի, զբաղվելով քաղաքականությամբ, խաբվածի դերո՞ւմ լինեմ: Չեմ կարող ինձ նման բան թույլ տալ:
– Վտանգ չե՞ք տեսնում, որ ԲՀԿ-ՀԱԿ համագործակցության հարցում համաձայնության չգալու դեպքում` այս միավորմանը դեմ արտահայտվող անդամ-կուսակցությունները լքեն ՀԱԿ-ի շարքերը:
– Կարելի է պարզապես այդ որոշումը չընդունել: Ո՞վ կարա ինձ ստիպի, ի՞նչ` ձեռքերս պիտի ոլորեն, պիտի ստիպեն, որ ԲՀԿ թեկնածուի՞ն օժանդակեմ: Իսկ եթե ես, ի վերջո, համաձայնվում եմ` հետո ինչո՞ւ եմ դուրս գալիս կուսակցությունից: Ավելի լավ չէ՞, չհամաձայնվես, որոշումն ընդունվի, դուրս էլ չես գա: Իսկ եթե ինձ համոզում են կամ կարողանում են ստիպել, որ ես այնքան թույլ եմ լինում, որ կարողանում եմ համաձայնել, հրաժարվել իմ սկզբունքներից, էլ հետո ինչո՞ւ եմ դուրս գալիս:
– ՀԱԿ թեկնածուի դերում ո՞ւմ եք տեսնում:
– Միանշանակ` Լևոն Տեր-Պետրոսյանին: ՀԱԿ-ն ունի առաջնորդ ու ցանկացած քաղաքական ուժ առաջնորդ է ունենում նրա համար, որ խորհրդարանական ընտրություններում գլխավորի կուսակցության ցուցակը, նախագահական ընտրություններում` առաջադրվի:
Բայց քանի որ անձն, ի վերջո, պետք է որոշի` առաջադրվե՞լ, թե՞ ոչ, կարծում եմ, չառաջադրվելու դեպքում պետք է առաջնորդի դիրքից հրաժարվի: Այսպես եմ ես հասկանում քաղաքական պրոցեսը: Հիմա մեր առաջնորդը Լ.Տեր-Պետրոսյանն է, ու ես սպասում եմ, որ որպես առաջնորդ` նա պետք է առաջադրի իր թեկնածությունը: Նա միակ թեկնածուն է, որին ես տեսնում եմ, այլ թեկնածու ՀԱԿ-ից ես չեմ տեսնում: Վստահ եմ, սակայն, որ մեր առաջնորդը կառաջադրվի. չէ՞ որ առաջադրվելն առաջնորդի պարտականությունն է, և ոչ թե` վերջին պահին են որոշում, թե ո՞վ կլինի թեկնածու:
Մենք, 5-6 տարի է` առաջնորդ ունենք, ու նա փաստացի պետք է պատրաստվեր այս ընտրություններին, սա բավարար ժամանակ էր, որ Լ.Տեր-Պետրոսյանը պատրաստվեր առաջադրվել: