Ո՞ւմ և ինչի՞ հաշվին է իշխանությունը բանակցում ԲՀԿ-ի հետ
Վերջին օրերին կրկին ակտիվացել են ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի, ավելի ճիշտ` նախագահ Սերժ Սարգսյանի ու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջև ընթացող բանակցությունների մասին տեղեկությունները: Դրան մեծապես նպաստեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով չորեքշաբթի օրը` պատասխանելով սահմանադրական փոփոխությունների ճանապարհով մեկից ավելի փոխվարչապետի սահմանման հնարավորության մասին հարցին, հայտարարեց, որ «օրակարգում նման հարց կա»:
Այսինքն` եթե անգամ այդ բանակցությունների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ակնհայտ է, որ իշխանության համար այդ թեմայի գեներացումն առնվազն ձեռնտու է: Այլ կերպ ասած, իշխանության ՀՀԿ-ական թևն առնվազն չի կանխում, որ նման հնարավորության քննարկումը դառնա քաղաքական օրակարգի հարցերից մեկը:
Ենթադրենք, սակայն, որ այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, և, եթե ամեն ինչ ընթանա ըստ նախապես սահմանված նպատակների, ասենք` նոյեմբերին կամ դեկտեմբերին ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կվերագտնեն իրար` հին կամ նոր կոալիցիոն հուշագրում: Սակայն այս դեպքում առնվազն առաջանում են մի քանի հարցեր, որոնց պատասխաններն իշխանությունը չի կարող տալ: Նախ` ի՞նչ է լինելու «հակակոռուպցիոն խորհրդակցության շրջանակներում» հարուցված քրեական գործերի, ինչպես նաև՝ Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի հետ:
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջին ամսվա ընթացքում «ատկատների դեմ պայքարի» անվան տակ համապատասխան մարմինները գործ են հարուցել հիմնականում այն ոլորտներում, որոնք նախկինում ղեկավարում էին ԲՀԿ-ականները` առողջապահություն, քաղաքաշինություն, և այլն: Քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը Հանրային գրադարանի հետ կապված հայտնի քրեական գործի շրջանակներում անգամ հրավիրվել է որպես վկա:
Ակնհայտ էր, որ բոլոր այս գործընթացները սկսվեցին ոչ թե երկրում արդարությունն ու «օրենքի գերակայությունը» վերականգնելու, այլ ԲՀԿ-ի հետ քաղաքական առևտրում ցանկալի արդյունք ստանալու համար: Հիմա ենթադրենք` իշխանությունը, Սերժ Սարգսյանը ստացան այդ ցանկալի արդյունքը, ասենք` ԲՀԿ-ի սատարումը, ի՞նչ շարունակություն են ունենալու վերը նշված քրեական գործերը:
Մեծ հավանականությամբ, դրանք կամ կարճվելու են, կամ առավելագույնը՝ «փակվելու են» մի քանի «սլաքավարների մակարդակում»: Հակառակ պարագան, այսինքն` որ այդ գործերը շարունակություն կունենան և կհասնեն մինչև «գլխից բռնելուն», պատկերացնելն ուղղակի անմտություն է, քանի որ կստացվի, որ ԲՀԿ-ն սատարում է սեփական կուսակիցներին հետապնդող իշխանությանը:
Այսինքն` հերթական անգամ արդարադատությունը ծառայեցվելու է իշխանության քաղաքական նպատակներին` հերթական հարվածը հասցնելով Հայաստանի արդարադատության համակարգի` առանց այդ էլ գոյություն չունեցող հեղինակությանը: Ավելի պատկերավոր ասած, եթե ԲՀԿ-ն, ի վերջո, համաձայնի պաշտպանել Սերժ Սարգսյանին, ապա իշխանությունն «ատկատների» գործերը «զակատ» կանի:
Նույնը կարող է տեղի ունենալ նաև Վարդան Օսկանյանի պարագայում:
Ակնհայտ է, որ վերջինիս հարցն առանցքայիններից մեկը կարող է լինել Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի բանակցություններում: Կրկին` մտածել, որ ԲՀԿ-ն կպաշտպանի Սերժ Սարգսյանին` որպես պայման չառաջադրելով Օսկանյանի գործի «փակումը»` անմտություն կլինի:
Սերժ Սարգսյանին սատարելու դեպքում հեղինակության յուրաքանչյուր գրամը շատ թանկ է լինելու ԲՀԿ-ի համար, իսկ Օսկանյանին «հանձնելն» ուղղակի զրոյին կհասցնի այդ միավորի հեղինակությունը: Այսինքն` այս դեպքում ևս ԲՀԿ-ն ու իշխանությունը «լեզու կգտնեն» ու որևէ լղոզված ձևակերպմամբ կջրեն «փողերի լվացման» գործը:
Այսինքն` գործ ունենք Հայաստանի համար շատ օրինաչափ իրավիճակի հետ, երբ ընտրություններից առաջ, կոնյունկտուրային նպատակներով իրավապահ մարմիններն՝ առանձին-առանձին, արդարադատությունն` ընդհանուր առմամբ, օգտագործվում է՝ որպես մահակ` իշխանության նպատակներին հասնելու համար: Երբ իշխանությունը հասնում է այդ նպատակին, «մահակն» իջնում է մի քանի «շարքայինների գլխին»` մինչև հաջորդ ընտրություններ: Եվրոպական հարթակներից ժողովրդավարությունը խորացնելու, արդար ընտրություններ անցկացնելու խոստումներ տվող իշխանությունը սեփական նպատակի համար ուղղակի ոչնչացնում է ժողովրդավարության հիմնասյուներից մեկը` արդարադատության ինստիտուտը:
Ու ամենազավեշտալին այն է, որ դա արվում է «սահմանադրական փոփոխությունների» ճանապարհով:
Ինչ վերաբերում է փոխվարչապետերի քանակի ավելացման հնարավորությանը, որը վարչապետ Տիգրան Սարգսյանը պայմանավորել է կառավարության գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ, ապա դա ևս պետության, քաղաքացիների հաշվին՝ իշխանության նպատակներին հասնելու օրինակ է: Հայաստանի կառավարության արդյունավետության հարցն այլ հոդվածի նյութ է, որին կանդրադառնանք առաջիկայում:
Սակայն առանց մանրամասնելու էլ դժվար չէ նշել, որ կառավարությունը Հայաստանի, թերևս, ամենաարդյունավետ աշխատող համակարգերից մեկն է, որի պատճառներից մեկն էլ, եթե ոչ՝ հիմնականը, անիմաստ ու անհիմն ուռճացված բյուրոկրատիան է: Ի՞նչ կարող է անել մեկ կամ երկու փոխվարչապետը, որը հնարավոր չէ կատարել առանց այդ պաշտոնների:
Մի երկրում, որտեղ անգամ վարչապետի պաշտոնը կարելի է շռայլություն համարել, քանի որ իրականում ամեն ինչ որոշվում է նախագահականում, փոխվարչապետը, առավել ևս՝ մի քանի փոխվարչապետերը, պետական բյուջեի ծախսերի ավելացումից բացի, որևէ հետևանք չեն կարող ունենալ: Սակայն, քանի որ դա անհրաժեշտ է ներիշխանական «առևտրի» համար, իշխանությունը նման մանր ծախսերի մասին չի մտածում: Առավել ևս, որ այդ ծախսերը կատարվելու են ոչ թե պաշտոնյաների, այլ հարկատուների, քաղաքացիների հաշվին: