«Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ հաշվարկների և վերլուծությունների մեջ է»

Հարցազրույց «Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան» կուսակցության ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանի հետ

– Դուք կարծիք էիք հայտնել, որ ՀԱԿ հանրահավաքը կլինի հոկտեմբերի 10-ին: Ինչո՞ւ այն դեռևս չի կայացել:

– Դա ընդամենը կարծիք է, և դա ընդամենը իմ կարծիքն էր: Ես մտածում էի, որ քաղաքական դաշտը մինչ այդ կհստականա, բայց դեռ հստակություն չկա, նախագահական ընտրություններից առաջ քաղաքական ուժերը դեռ այն ակտիվությունը չեն դրսևորում և չեն փորձում բանակցել իրար հետ, որպեսզի կարողանան ընդհանուր հայտարարի գալ այն հարցի շուրջ, թե ինչ թեկնածուներով հանդես գալ, ով` ում սատարի, և այլն: Բնականաբար, հանրահավաքը ՀԱԿ-ի համար ինքնանպատակ չի եղել. մենք կարող ենք հայտարարել, բայց հետո տեսնել, որ իրավիճակը դեռ հասունացած չի, որպեսզի հանրահավաք հրավիրենք:

Հանրահավաքը մեզ համար պայքարի միջոցներից մեկն է միշտ եղել, և այսօր ևս մնում է, հետևաբար` հանրահավաքը նպատակային է դառնում այն ժամանակ, երբ քո ասելիքն արդեն կոնկրետացված է լինում: Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ հաշվարկների և վերլուծությունների մեջ է, պիտի հասկանա առաջադրման իրական հնարավորությունները, ուստի հանրահավաքը կլինի այն ժամանակ, երբ Լ.Տեր-Պետրոսյանը պատրաստ կլինի հայտարարությամբ հանդես գալ:

– Իսկ ի՞նչ հաշվարկներ են դրանք: ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասում է, որ ՀԱԿ-ը չի կարող հայտարարել իր թեկնածուի մասին, քանի դեռ չի հստակեցրել իր մարտավարությունը նախագահական ընտրություններում:

– Բնականաբար, Լ.Տեր-Պետրոսյանն այն կալիբրի պետական գործիչներից է, որ հենց այնպես ոչինչ չի ասում, առավելևս` նախագահական ընտրություններին ընդառաջ` թեկնածության մասին: Մինչև նա չհաշվարկի իր մարդկային ռեսուրսները, իր միջոցները, արդյոք հնարավորություն կա՞ քիչ թե շատ արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման, բնականաբար, հայտարարությամբ դեռ հանդես չի գա:

Ինչ վերաբերում է մարտավարությանը, բնականաբար, ամեն մի ընտրությունից առաջ յուրաքանչյուր լուրջ քաղաքական ուժ մշակում է որոշակի մարտավարություն: Մեզ մոտ այդ մարտավարությունը դեռ քննարկման փուլի մեջ է: Երբ մենք պատրաստ լինենք այդ մարտավարության մասին խոսելու` այդ ժամանակ կհայտարարենք:

– Իսկ, ըստ Ձեզ, Լ. Տեր-Պետրոսյանը կառաջադրի՞ իր թեկնածությունը, թե՞ կառաջադրվի ՀԱԿ-ի մեկ այլ ներկայացուցիչ:

– Նախ` կարող եմ ասել, թե ի՞նչ ենք ուզում մենք` բոլորս, իսկ բոլոր քաղաքական ուժերը, որոնք անդամագրված են ՀԱԿ-ին, նրանց բոլորի միակ ցանկությունը և միակ թեկնածուն Լ.Տեր-Պետրոսյանն է: Ես կարծում եմ, որ Լ.Տեր-Պետրոսյանն ամեն դեպքում հաշվի կառնի ՀԱԿ քաղխորհրդի և քաղաքական բոլոր ուժերի ցանկությունը, և հույս ունեմ, որ հանդես կգա հայտարարությամբ, որ առաջիկա նախագահական ընտրություններում ինքն է լինելու ՀԱԿ-ի թեկնածուն:

– Ի՞նչ կարծիք ունեք ՀԱԿ-ի ներսում Լևոն Զուրաբյան-Նիկոլ Փաշինյան հրապարակային և աստիճանաբար ակնհայտ դարձող հակամարտության մասին: Ի՞նչ հետևանքներ սա կարող է ունենալ ՀԱԿ-ի համար:

– Ասեմ, որ այն, ինչ որ Ձեզ համար ակնհայտ է, ինձ համար տեսանելի չէ: Բայց, կարծում եմ, որ ես շատ ավելի պետք է տեսնեի, քան Դուք: Համենայնդեպս, նման հակամարտություն չկա: Մենք ամեն օր հանդիպում ենք, ամեն օր ԱԺ խմբակցությունում ենք լինում, քաղխորհրդում ենք լինում:

Կան տարբեր տարակարծություններ տարբեր հարցերի շուրջ, այդ թվում` նաև ինձ մոտ կա տարբեր մոտեցում տարբեր հարցերի շուրջ: Կարծում եմ` ինքներդ ականատես եղաք, որ ՀԱՊԿ արձանագրության հետ կապված մեզնից յուրաքանչյուրն արտահայտեց իր տեսակետը: Դրանք տարակարծություններ են, ոչ թե հակասություններ, դա ներքին բախում չէ, առավելևս` թշնամանք չէ: Վերջերս ձեր թերթը գրել էր, իբր տեղի է ունեցել նաև բացահայտ բախում` մինչև կռվի հասնելու աստիճանի, ինչը բացարձակապես չի համապատասխանում ճշմարտությանը:

– Սակայն օրերս մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանն արդեն հրապարակայնորեն հաստատեց իր անհամաձայնությունը ԲՀԿ-ի հետ համագործակցության կուրսին` նշելով, որ Լևոն Զուրաբյանը, հայտարարելով, թե այսօր իշխանությանը մարտահրավեր նետելու ունակ երկու քաղաքական ուժ կա` ՀԱԿ-ը և «Բարգավաճ Հայաստանը», արտահայտել է իր անձնական դիրքորոշումը:

– Դա տարակարծություն է: Մեզանից յուրաքանչյուրը տարբեր մոտեցում ունի այդ հարցի վերաբերյալ, բայց մենք, միևնույն է` համախմբված ենք միասնական նպատակի շուրջ, իսկ այդ նպատակն այս հանցավոր ռեժիմին տապալելն է: Այդ նպատակի շուրջ մենք բոլորս համախոհ ենք և միասնական: Հետևաբար` այդ կարգի տարակարծությունները չեն կարող մեզ իրարից բաժանել, և վստահեցնում եմ` ՀԱԿ-ն օր օրի ավելի ամուր հիմքերի վրա է կանգնելու, և կարծում եմ` կտեսնեք` ինչ թափով է գնալու նախագահական ընտրություններին ընդառաջ:

– Իսկ նման տարակարծությունների դեպքում ՀԱԿ առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանն ինչպե՞ս կկարողանա համախմբել բոլորին:

– Դուք բացարձակ մի անհանգստացեք, Լ.Տեր-Պետրոսյանը միշտ կարողանում է գտնել ճիշտ բառերը, ճիշտ մոտեցումները և մեզ բոլորիս միշտ կարողանում է համախմբված պահել:

– Համաձա՞յն եք Լ.Զուրաբյանի այն տեսակետի հետ, որ միայն ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն կարող են իշխանափոխություն իրականացնել, և, որ նախագահ Սարգսյանը «2013թ. վերարտադրվելու դեպքում կհեռացնի քաղաքական դաշտից այն գործոնները, որոնք նաև ունեն տնտեսական և ֆինանսական հնարավորություններ, այսինքն` Ռոբերտ Քոչարյանին և Գագիկ Ծառուկյանին»:

– Այստեղ ուղղակի շատերին հուզում է Քոչարյանի թեման, և փորձում են դա կապել Գագիկ Ծառուկյան-ՀԱԿ-Քոչարյան շրջանակի մեջ: Ես կասեմ մի բան, որ վերլուծաբանները, լրագրողները երբեմն թեժացնում են մի թեմա, որի մեջ նյութ չկա: Տվյալ դեպքում` Լ.Զուրաբյանը փորձել է թվարկել այն տնտեսական մագնատներին, որոնք գոյություն ունեն Հայաստանում, և ամենահարուստներից մեկը, բնականաբար, Ռոբերտ Քոչարյանն է: Եվ այս համատեքստում Լ.Զուրաբյանը տվել է նաև նրա անունը:

– Իսկ կարծում եք, որ նախագահ Սարգսյանն իրո՞ք քաղաքական դաշտից կհեռացնի նշված գործիչներին, ինչպես պնդում է Լ.Զուրաբյանը:

– Ես կարծում եմ` այո՛, որովհետև նրան պետք չեն ֆինանսապես ամուր կանգնած ֆինանսական ուժեր, խոսքս «Բարգավաճ Հայաստանի» մասին է, որը կարող է հետագայում խնդիր դառնալ իր համար, քանի որ այս փուլում նա այդ խնդիրն արդեն տեսնում է:

– Այս առումով հետաքրքիր է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի` Լ.Զուրաբյանի նշված հայտարարության վերաբերյալ դիտարկումը, որ Լ.Տեր-Պետրոսյանն էլ 2007թ. նմանատիպ հայտարարություն էր արել` «եթե Սերժ Սարգսյանը զբաղեցնի նախագահի պաշտոնը, բոլոր օլիգարխները «բոմժ» կդառնանգ», ինչը չիրականացավ:

– Լ.Տեր-Պետրոսյանը չի ասել` ընտրվելուց անմիջապես հետո: Եթե չեմ սխալվում, նա ասել է` որոշ ժամանակ անց կդառնան «բոմժ»: Այո՛, ես համամիտ եմ նրա հետ, որովհետև այսօր Հայաստանում ոչ մի բիզնես ապահովագրված չէ, և ոչ մի բիզնեսմեն չի կարող ապահովագրված լինել իր վաղվա օրվա համար, և նա օրենքի ուժով հնարավորություն և երաշխիքներ չունի` իր կուտակած գումարը կարող է կտակել իր ժառանգներին, որովհետև այս երկրում օրենքը չի գործում, և բիզնեսն էլ օրենքից դուրս է:

Ես ավելի` քան վստահ եմ, որ յուրաքանչյուր քիչ թե շատ նորմալ գործարար ավելի շատ կկարողանար օրենքի դաշտում աշխատել և ապահովագրված լինել ամեն կարգի ոտնձգություններից և օրինական հարկերի վճարման դեպքում ստիպված չէր լինի «հարկ բաժանել» նաև Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին և այլ Սարգսյաններին: Այսինքն` այսօր ո՛չ բիզնեսն է ապահովագրված, ո՛չ բիզնեսմենը, ո՛չ ծառայողը և ո՛չ էլ բարձրաստիճան պաշտոնյան: Մենք շատ լավ տեսնում ենք, թե ինչպես են նրանք կարողանում զոհել իրենց թիմակիցներին, երբ հասունանում է դրա անհրաժեշտությունը:

– ԲՀԿ-ի հետ համագործակցության կուրսի հետ համաձա՞յն եք:

– Ես համաձայն եմ այն մոտեցման հետ, որ, այո՛, ոչ մի քաղաքական ուժ այսօր մենակ սիստեմի դեմ պայքարելու հնարավորություն չունի, և եթե կան ուժեր, ովքեր պատրաստ են մեզ հետ պայքարելու, այդ թվում` Դաշնակցությունը և այլ քաղաքական ուժեր, ապա, այո՛, պետք է համախմբել:

– Սակայն ՀԱԿ-ն այդ մոտեցման համար խիստ քննադատության է ենթարկվում: Օրինակ` Մանվել Բադեյանը նշել է, որ ՀԱԿ-ն «ամեն ինչի ելքը տեսնում է իշխանափոխության մեջ և այդ ճանապարհին պատրաստ է համագործակցել նույնիսկ սատանայի հետ», նմանատիպ կարծիք է հայտնել նաև ՀՀՇ անդամ Երջանիկ Աբգարյանը:

– Ես կասեի` դա վիրտուալ է ասված: Կարծում եմ` և՛ Երջանիկ Աբգարյանը, և՛ բոլոր մյուսները, ովքեր նման միտք են արտահայտել, նկատի են ունեցել, որ քաղաքական դաշտում չկան հավերժ թշնամիներ և հավերժ բարեկամներ, և այն ուժերը, որոնք նախկինում թշնամի կամ հակառակորդ էին համարվում, այսօր, եթե առաջնորդվում են նույն շահերով և մղումներով, այդ քաղաքական ուժերի միջև հնարավոր է համագործակցություն:

– Բայց Մ.Բադեյանն այլ բան նկատի ուներ, և գտնում է, որ «ՀԱԿ-ի ռեյտինգը շատ ցածր է, որովհետև պատրաստ է համագործակցել ցանկացածի հետ»:

– Ուրեմն` կասեմ, որ Մանվել Բադեյանը զուր է անհանգստանում մեր ռեյտինգի մասին: Ավելի լավ կլիներ` մտածեր, թե ի՞նչ ռեյտինգ կունենա ՀՀԿ-ն, եթե չլինի իշխանական մեծամասնությունը: Ես խնդրում եմ Մ.Բադեյանին` զուր չանհանգստանալ և ավելի շատ իր հայացքն ուղղել իր կուսակցության ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս