Այս տարի գրանցվել է մայրական մահացության վեց դեպք
Վերջին շրջանում առողջապահության ոլորտի որոշ մասնագետներ ահազանգում են մայրական մահացության դեպքերի աճի մասին: Նրանք մասնավորապես մատնանշում են այն փաստը, որ կանայք սահմանված ժամկետները շրջանցելով` դիմում են արհեստական ճանապարհով հղիության ընդհատման գործողությունների, ինչն էլ հաճախ մահվան ելքով է ավարտվում:
Այս տեղեկատվության իսկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՀ Առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ, բժշկական գիտությունների դոկտոր Գայանե Ավագյանին:
Նախ նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ յուրաքանչյուր տարի հղիության և ծննդաբերության բարդությունների պատճառով աշխարհում մահանում է մոտ 500.000 կին: Մայրական մահացության ամենաբարձր ցուցանիշն Աֆղանստանում է, ինչպես նաև աֆրիկյան երկրներում՝ մոտ 800-850 մահ: Նման բարձր ցուցանիշը պայմանավորվում է այդ երկրներում անհրաժեշտ բուժօգնության, անտենատալ հսկողության, խնամքի, հաշվառման բացակայությամբ:
Հայաստանում նախորդ տարվա 4 դեպքի փոխարեն այս տարի արձանագրվել է մայրական մահացության 6 դեպք: «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) փոքր պոպուլյացիաների համար առաջարկում է մայրական մահացության ցուցանիշը հաշվարկել երեք տարվա կտրվածքով: Այսինքն` երեք տարվա ծնունդները և մահերը գումարել միմյանց և հանել ցուցանիշ 100.000 կենդանածնի հաշվով, որովհետև նման փոքր պոպուլյացիաների տատանումները շատ մեծ են լինում:
Օրինակ, եթե անցյալ տարի ունեցել ենք 4 մահ, այս տարի՝ 6 մահ, թվում է՝ մահերի թիվն ավելացել է, բայց, երբ մենք ցուցանիշ ենք հաշվում` առանձին մեծ տատանում չկա»,- վստահեցնում է Գ. Ավագյանը: Նա նշում է, որ ՀՀ Առողջապահության նախարարությունն ունի Մանկաբարձության և գինեկոլոգիայի կոմիտե, որը ղեկավարվում է նախարարի կողմից, հետևաբար` մայրական մահվան բոլոր դեպքերը միանշանակ ենթարկվում են վերլուծության:
Ընդ որում, բոլոր դեպքերը ենթարկվում են դատաբժշկական փորձաքննության, իսկ Առողջապահության նախարարությունը մահվան դեպքին կարող է անդրադառնալ այն ժամանակ, երբ քննչական վարույթում գործն ավարտվում է: Գ. Ավագյանը հավաստիացնում է, որ մայրական մահացության բոլոր դեպքերին ծառայողական ուսումնասիրմամբ իրենք անդրադառնում են, իսկ քննչական վարույթում գտնվող մահվան դեպքերի պարագայում նույնպես Հայաստանի փորձագետներն են մասնակցում:
Այդուհանդերձ, ըստ Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետի՝ նախարարությունը նման բոլոր դեպքերի մասին իրազեկված է, քանի որ գործում է մայրական մահերի գրանցման և հաղորդման կարգ՝ հաստատված Արդարադատության նախարարության կողմից: Առողջապահության նախարարությունը 3-օրյա ժամկետում ստանում է բոլոր մահերի մասին տեղեկատվությունը: Այդուհանդերձ, անցյալ տարվա 4 դեպքի համեմատ այս տարվա մայրական մահացության 6 դեպքը Գ. Ավագյանը որպես մահացության աճ չի դիտարկում՝ հիշեցնելով 2000 թվականին գրանցված 25 դեպքերը: Վերջին տարիներին մայրական մահացության ինդեքսը 100.000 կենդանածնի հաշվով մոտ երկու անգամ ավելի ցածր է, քան ԱՊՀ երկրների միջին ցուցանիշը, որը 29.4 է:
«Անշուշտ, յուրաքանչյուր կնոջ մահը ցավալի դեպք է, և նման յուրաքանչյուր դեպք մենք համարում ենք արտակարգ իրավիճակի նման մի բան: Մեզ մոտ մահացությունը տատանվում է մինչև 10-15, ոչ ավելի: Մայրական մահացության դեպքերի կառուցվածքում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ: Եթե նախկինում այդ դեպքերը հիմնականում մանկաբարձական արյունահոսությունները, հղիության հիպերտենզիվ խանգարումները, հետծննդյան թարախասեպտիկ բարդություններն ու աբորտներն էին, որոնք կանխատեսելի, կանխարգելելի պատճառներ էին, ապա ներկայումս ստրուկտուրան փոխվել է:
Մենք կարողանում ենք այս պատճառների դեմ պայքարել, կանխարգելել և ճիշտ կառավարել: Սակայն պետք է նշեմ, որ անկառավարելի կամ դժվար կառավարվող, բարձր մահաբերություն ունեցող ախտաբանություններ կան, օրինակ՝ թրոմբոէմբոլիան, պտղաջրերով կամ թրոմբով, որն այսօր ամբողջ աշխարհում անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ: Դժբախտաբար, այս տարի մենք նման երկու դեպք ենք ունեցել»,- ասաց Գ. Ավագյանն՝ ավելացնելով, որ նաև մեծացել են էքստրագենետալ ախտաբանությունները:
Այսինքն, երբ մահվան պատճառը կապ չունի հղիության հետ: Օրինակ՝ կինն ունի սրտային ծանր ախտաբանություն, բայց համառորեն հրաժարվել է հղիությունն ընդհատել, որի հետևանքով վատ ելք է արձանագրվել: Մայրական մահացության դեպքերից մեկը եղել է փայծաղի պատռվածքի հետևանք, որն առաջացել է հղիության ընթացքում և համարվում է անկանխատեսելի հետևանք:
Գ. Ավագյանի հավաստմամբ՝ Հայաստանում այս տարի արձանագրված 6 դեպքերից բոլորն էլ շատ բարդ, մահաբերություն ունեցող դեպքեր են եղել, որոնք առկա են ամբողջ աշխարհում: Անդրադառնալով անթույլատրելի ժամկետներում աբորտի դիմելու խնդրին` ԱՆ Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետը` հաստատելով, որ գրանցվել է նման մի դեպք, շեշտում է. «Նախ` 22 շաբաթականից հետո այլևս աբորտ չի համարվում, այլ՝ ծննդաբերություն է: Այդ դեպքը եղել է 22 շաբաթականից բարձր ժամկետում: Ոչ թե աբորտ է արվել, այլ ինքնաբեր վիժման հետևանքով սկսվել է արյունահոսություն, որի բարդությունից էլ մահացել է կինը: Արյունահոսության պատճառն էլ ընկերքի սերտաճումն է եղել: Բուն աբորտից մահվան ելքեր չունենք»:
Ծնվել է 11 եռյակ
Մենք նաև անդրադարձանք բազմապտղության խնդրին, որը Հայաստանում վերջին շրջանում հաճախ է գրանցվում: Հիշեցնենք, որ նախորդ մի քանի ամիսներին հանրապետությունում ծնվել են եռյակներ: Միայն 2012թ.-ին հանրապետությունում ծնվել է 11 եռյակ: Գ. Ավագյանը եռյակների ծնունդը ոչ մի դեպքում անոմալիա չի համարում. «Բազմապտղությունը զարմանահրաշ երևույթ է բնության մեջ, և այն շատանում է, երբ կա արտակարգ իրավիճակ, հումանիտար ճգնաժամ և այլն: Երկրաշարժից հետո խիստ շատացան զույգ, եռակի պտուղները:
Այսօր նման պտուղները շատացել են ոչ միայն գենետիկական նախատրամադրվածությամբ պայմանավորված, այլ՝ արդեն ունենք վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ՝ ձվարանների հորմոնալ ստիմուլյացիա, որի դեպքում մի ձվաբջջի փոխարեն զարգանում են մի քանիսը, և մենք կարողանում ենք ունենալ բազմապտղություն»: