«Փնտրեք նրանց ողջերի մեջ. այսօր Հոկտեմբերի 27-ն է»
«Հարգելի գործընկերներ, այսօր Հոկտեմբերի 27-ն է»,- Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այսպես այսօր սկսեց քաղաքական քննարկումների և լսումների շարքը:
«Իտալական վերածննդի հսկաներից մեկը`Ֆրանչեսկո Պետրարքան, հանձնարարել էր իր շիրմաքարին գրել. «Նա այստեղ չէ, փնտրեք նրան ողջերի մեջ»: Եվ խորհրդանշանական է, որ մենք Հոկտեմբերի 27-ին սկսեցինք մեր քննարկումների շարքը, չնայած դա համընկավ և մեծ իմաստ ունի իր մեջ, որովհետև իմ գործընկերները գերեզմանատանը չէ, որ պետք է լինեն, այլ պետք է մնան մեր գործերում, մեր սրտերում»,- ասաց Հ.Հովհաննիսյանը` առաջարկելով ներկաներին հոտկնկայս մեկ րոպե լռությամբ հարգել Հոկտեմբերի 27-ի զոհերի` Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի և Արմեն Արմենակյանի հիշատակը:
Հ.Հովհաննիսյանը նշեց, որ համատեղ քննարկումների շարքը սկսվում է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ, ով, ըստ նրա, առաջին հերթին քաղաքագետ է և իր քաղաքագիտական գիտելիքները քաղաքական ասպարեզում ներդնելով, ստեղծել է կուսակցություն, որն աչքի է ընկել իր հետևողականությամբ` պաշտպանելու հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը:
Հ.Հովհաննիսյանն ասաց, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության աշխարհաքաղաքական ենթատեքստը և իմաստը դրսևորվեց հետագա զարգացումներում: Ըստ ՀՔՄ նախագահի` 1999 թ. ընտրությունների արդյունքում ստեղծված քաղաքական ուժը հետևողականորեն պաշտպանում էր հայ-ռուսական ռազմարական դաշինքի ամրապնդման գաղափարը, և Արամ Կարապետյանը հենց այդ գծի հետևողական շարունակողն է:
Ըստ Հմայակ Հովհաննիսյանի` Հոկտեմբերի 27-ից հետո «քաղաքական դաշտից հետևողականորեն դուրս մղվեցին այն դեմքերը և ուժերը, որոնք պատրաստակամ էին շարունակելու Կ.Դեմիրճյանի և Վ.Սարգսյանի գիծը: Արդեն 2003 թ. Կ.Դեմիրճյանի աթոռը (ԱԺ նախագահի.- Ա.Ս.) զբաղեցրեց մարդ, ում ռուսաստանյան վերլուծաբաններն անվանում են հայկական Յուշչենկո, իսկ 2007թ. ընտրություններին ըստ էության այն ուժերը, հոսանքները, ովքեր տարիներ շարունակ պաշտպանել են Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման առաջնայնությունը, ընհանրապես դուրս մղվեցին ԱԺ-ից»:
Նրա խոսքով` քննարկումների նպատակը պետք է լինի փորձագիտական վերլուծության ենթարկել նախագահական ընտրությունների թեկնածուների ծրագրերը, հրավիրել նրանց և տալ 10 հարց: «Քաղաքական ուժերը` ի դեմս իրենց առաջնորդների, որոնք մասնակցում են նախագահական ընտրություններին, ինչպե՞ս են տեսնում Հայաստանի ապագան»: