Առաջ, Մոզամբիկ

Երեկ «Ինտերֆաքսն» առաջին հայացքից Հայաստանի հետ որևէ կապ չունեցող, սակայն բավականին հետաքրքիր մի տեղեկատվություն է տարածել: Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել մի համաձայնագրի, ըստ որի, Մոզամբիկի պարտքը ՌԴ-ին կօգտագործվի աֆրիկյան այդ երկրի զարգացման նպատակներով:

Այսինքն, այն գումարը, որը պետք է ուղղվեր ՌԴ պարտքի մարմանը, Մոզամբիկը կարող է ուղղել էներգետիկ ոլորտի զարգացմանը, առողջապահության և կրթության ոլորտներին: Պարտքի չափը  կազմում է մոտավորապես 144 միլիոն դոլար:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը վերջին շրջանում բավականին շռայլ է պարտքեր ներելու հարցում: Ոչ վաղ անցյալում ներվեց Ղրղըզստանի կես միլիարդ դոլարի պարտքը, իսկ նախորդ ամիս ներվեց Հյուսիսային Կորեայի 11 միլիարդը:

Այս համատեքստում բավական հետաքրքիր է դիտվում Հայաստանի՝ ՌԴ ռազմավարական գործընկերոջ վիճակը: Հայաստանը նույնպես ՌԴ-ին պարտք է 500 միլիոն դոլար: Սակայն ռուսներն այն զիջելու մասին անգամ ակնարկ չեն անում:

Փոխարենը՝ ակտիվորեն քննարկվում է Ռուսաստանին հերթական ակտիվը փոխանցելու թեման: Խոսքը վերաբերում է «ՀայՌուսգազարդի»՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնետոմսերին:

Իհարկե, շատերն այս թեման համարում են մտացածին, արհեստական, և այլն: Սակայն, որ վերը նշված սցենարն առավել քան իրատեսական է, ցույց է տալիս տարրական տրամաբանությունը:

Այսպես, նախ հիշեցնենք, որ ըստ ՊԵԿ մաքսային կոմիտեի տվյալների, այս տարվա երրորդ եռամսյակում Ռուսաստանից ներմուծվող 1000խմ գազի գինը կազմել է 244 դոլար: Առաջին կիսամյակի տվյալներով՝ 220 դոլար: Մինչդեռ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը շարունակել և շարունակում է  հավաստիացնել, որ գազը գնվում է 180 դոլարով: «Հայկական Ժամանակ» թերթի թղթակիցը երեկ հարցրել է ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանին, թե ո՞ր տվյալն է ճիշտ՝ Էներգետիկայի նախարարությա՞ն, թե՞ Մաքսային ծառայության: «ՀՀ ներմուծվող ցանկացած ապրանքի վերաբերյալ վիճակագրությունը հիմնվում է մաքսային մարմինների կողմից հաշվառված մաքսային արժեքների մասին տեղեկությունների վրա»: Սա նշանակում է, որ գազի գինը թանկացել է, և դա արդեն կարելի է ընդունել որպես փաստ: Այս դեպքում  Էներգետիկայի նախարարի խոսքերին արդեն կարելի է ուշադրություն չդարձնել:

Հիմա գանք տրամաբանական շղթայի երկրորդ փուլին: Ի՞նչ է լինում, եթե ընկերությունը գազը գնում է թանկ, սակայն շարունակում է վաճառել նույն գնով: Ճիշտ է՝ վնասներ է կրում: «ՀայՌուսգազարդը» հենց այդպես էլ անում է: Արդյունքում՝ աշխատել է վնասով և այս տարին էլ կփակի վնասով (հիշեցնենք, որ մոնոպոլիստը 2011 թվականը փակել է շուրջ 15 միլիարդ դրամ վնասով):

Երրորդ կետը. որևէ ընկերություն տնտեսական ինքնասպանության չի գնում՝ իր ապրանքը վաճառելով ինքնարժեքից ցածր և վնասներ կրելով: Առավելևս, երբ այդ ընկերությունը երկրի թիվ մեկ հարկատուն է և մոնոպոլիստի կարգավիճակ ունի: Այս դեպքում միակ խելամիտ բացատրությունը մնում է այն, որ կա պայմանավորվածություն: Այսինքն` «ՀայՌուսգազարդը» վնասներ է կրում պայմանավորվածության արդյունքում:

Չորրորդ կետ: Ցանկացած  բանակցության ժամանակ, երբ կո՚ղմերից մեկը մի բան զիջում է, պետք է ստանա դրան համարժեք մեկ այլ բան: «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 80%-ի սեփականատերը «Գազպրոմն» է, իսկ «Գազպրոմի» սեփականատերը՝ Ռուսաստանի Դաշնությունը, ռուսական պետությունը: «Քցել» Ռուսաստանին, բնականաբար, մեր իշխանությունները ոչ կարող են, ոչ էլ կփորձեն: Եվ վնասները, որոնք պատճառվել են, Ռուսաստանը կոպեկ-կոպեկ ետ է ստանալու:

Խոսակցությունները, որ ռուսները ցանկանում են ձեռք բերել «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի՝ Հայաստանին պատկանող 20%-ը, նոր չեն: Դեռ օգոստոսին 168.am-ը գրել էր այդ մասին, ինչին ի պատասխան՝ «ՀայՌուսգազարդը» պարզաբանում հրապարակեց՝ ըստ էության, ոչ հերքելով, ոչ էլ հաստատելով 20%-ի փոխանցման մասին լուրը:

Իսկ հիմա ոչ հերքել-ոչ հաստատելու հույժ պատասխանատու գործառույթն իր վրա վերցրել է էներգետիկայի նախարարը: Նախօրեին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը ՀՀ կառավարությունից հետաքրքրվել է` արդյոք ՀՀ կառավարությունը պայմանավորվածություն ձեռք բերե՞լ է ՌԴ-ի հետ՝ «ՀայՌուսգազարդի» Հայաստանի բաժնեմասը, որը կազմում է ընդհանուր սեփականության 20 տոկոսը, վաճառել ՌԴ-ին՝ 63 մլրդ դրամով: ՀՀ էներգետիկայի ի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ի պատասխան  նշել է, թե տևական ժամանակ է` ՌԴ-ի «Գազպրոմ» ընկերության հետ բանակցություններ են ընթանում, որոնք դեռևս շարունակվում են, և որևիցե բան չի կարող ասել, քանի դեռ չեն ավարտվել  այդ բանակցությունները: Զուրաբյանը փորձել է ավելի հստակեցնել՝ արդյոք որոշում կա՞ վաճառել քսան տոկոսանոց բաժնեմասը՝ 63 մրդ դրամով: Ա. Մովսիսյանը, սակայն, դարձյալ խուսափել է հստակ պատասխան տալ:

Փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում խոսակցությունները, ցավոք սրտի, իրականություն են դառնում:

Նշենք նաև, որ «վաճառել» ասվածը չափազանցված է հնչում: Մենք չենք վաճառելու, մենք պարզապես տալու ենք (թեպետ չի բացառվում, որ ինչ-ինչ ձևակերպումների միջոցով դա ներկայացվի՝ որպես շահավետ գործարք կամ վաճառք):  Օրինակ` նշենք տարբերակներից մեկը: 63 միլիարդը կազմում է մոտավորապես 155 միլիոն դոլար: Հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարդը» «Գազպրոմբանկից» ստացել է ընդհանուր առմամբ 90 միլիոն դոլարի վարկ՝ 2 մասով: Այսինքն՝ չի բացառվում, որ 20% բաժնետոմսերի դիմաց  «Գազպրոմբանկը» մարի «ՀայՌուսգազարդի» պարտքի մի մասը: Սա ընդամենը տարբերակներից մեկն է: Չի բացառվում նաև, որ Ռուսաստանը ոչինչ չվճարի, և 20% բաժնետոմսերի արժեքը մարվի Հայաստանին մատակարարվող գազի գնի դիմաց որոշակի զեղչերի տեսքով: Հիշեցնենք, որ այդ տարբերակով «հանձնվեց» 5-րդ էներգաբլոկը:

Հայաստանը Մոզամբիկ կամ Ղրղըզստան չէ, որ պարտքերը ներեն: Առավելևս, որ այս դեպքում խոսքը ոչ թե պարտքի, այլ պատճառված վնասի մասին է: Ցավոք, պետք է նախապատրաստվենք, որ հերթական անգամ Հայաստանն ինչ-որ բան զիջելու է իր ռազմավարական դաշնակցին: Թե կոնկրետ ե՞րբ և ի՞նչ տարբերակով, դա արդեն տեխնիկայի հարց է:

Տեսանյութեր

Լրահոս