«Հրաշքներ չեն լինում, բայց նա կաներ առավելագույնը». Ռիմա Դեմիրճյան

«Ա1+»-ի հարցազրույցը  ՀՀ ազգային հերոս, ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հետ:

Դուք ավարտեցիք աշխատանքը ձեր կյանքի թերևս ամենակարևոր գրքի վրա. Կարեն Դեմիրճյանի մասին ՙՀիշատակ՚ գիրքն արդեն տպագրվել է:

– Այո, և դրանով  մասամբ կատարեցի իմ պարտքը Կարենի հիշատակի առջև:  Ես  հասցրի ավարտել գիրքը, դա շատ կարևոր էր, որովհետև այն, ինչ ես գիտեմ, ես կասեմ։ Այնպես, ինչպես ես եմ ճանաչել Կարենին, ոչ ոք չի կարող դա լրացնել։ Սակայն գիրքը գրելու ընթացքում շատ դժվարություններ կրեցի, հիմնականում բարոյական։

Մտածում էի’ արդյո՞ք բավարար են ուժերս, իմ անփորձության իմաստով, որովհետև բացի մեթոդական աշխատանքներից և դասագրքից՝ այլ բան չեմ գրել, արդյո՞ք կպահպանեմ ճշմարտությունը, օբյեկտիվությունը: Այդ բոլորը հաղթահարեցի: Սակայն մի հարց ավելի ինձ տանջեց, գրելու ընթացքում վերապրեցի ամբողջ անցյալը, տառապեցի, բայց կամա, թե ակամա իմ առջև կանգնեց շատ կարևոր մի հարց, արդյոք ճի՞շտ էր այդպես ապրելը, որովհետև երբ նայում եմ ժամանակակից աշխարհին, որը շատ է փոխվել, մարդիկ են փոխվել, շեշտադրումները արժեքային համակարգում փոխվել են. արդյո՞ք ճիշտ ապրեց, արդյոք չպե՞տք է մի քիչ էգոիստ լիներ, իր մասին, ընտանիքի մասին մտածեր:

Երկար չմտածեցի. շատ կարճ ժամանակում ինքս ինձ պատասխանեցի. այո, ճիշտ է ապրել: Կարենի սկզբունքներից մեկն արտահայտվել է իր խոսքերում. «Բարձրագույն արժեքներն են պետությունն ու ժողովուրդը, և մենք մեր գործունեության մեջ պետք է ելնենք նրանց շահերից»… Կարո՞ղ էր արդյոք նա ուրիշ ձևով ապրել, երևի թե ոչ… Նա այդպես էր ծրագրավորված և նրա մոտեցումն այսպես, թե այնպես անդրադառնում էր ընտանիքի վրա:

Ի՞նչ իմաստով:

– Մենք շատ բաներից ենք զրկվել՝ ես, տղաներս, բայց ոչ մի բանի համար չենք զղջացել, ինչպես ասում են՝ ամեն ինչի համար վճարել է պետք: և այն հարգանքը, այն հիշատակը, որ նա ունի ժողովրդի մոտ, ես չեմ վախենում ասել, այն սերը, որ նա վայելում է, պահանջեց այդպիսի վճարում, այդ գնահատականը իր ապրած կյանքի արդյունքն է: Շատ քչերին է դա հաջողվում պատմության մեջ ընդհանրապես: Բայց ամենահանգստացնող այն է, որ նա գնահատվեց, և չնայած իր ողբերգական վախճանին, ես գտնում եմ, որ երկրորդ անգամ Կարենի ասպարեզ դուրս գալը, ունեցավ նաև անձնական շատ մեծ նշանակություն։ Նա տեսավ, որ տարիների ընթացքում ժողովրդի վերաբերմունքն իր հանդեպ չի փոխվել. հասարակությունը նույն կերպ է իրեն վերաբերում: «Հետադարձ հայացք ձգելով՝ գտնում եմ, որ կյանքիս խնդիրը կատարել եմ, սխալներ չեմ գործել». նա կարող էր այդպես վստահ գրել’ տեսնելով համաժողովրդական սերը:

Տիկին Դեմիրճյան, տասներեք տարի է անցել այն չարաբաստիկ օրից: Ցավը որոշ չափով մեղմվե՞լ է:

– Չնայած 13 տարի է անցել, բայց ոչ հեռավորությունը, ոչ տարածությունը, ոչ նույնիսկ կյանքի ընթացքը, կենցաղային հոգսերը մոռացության չեն տալիս ոչինչ. երբեմն թվում է, թե ցավը մեղմվել է, բայց մի փոքր մտքի շարժում, հուշ՝ ամեն ինչ վերականգնվում է ամենայն մանրամասնությամբ։

Հիշում եմ այդ օրը. ամեն ինչ այնպես չէր, ինչպես միշտ.  նախաճաշի ժամանակ նրա կողքին չէի նստած, չճանապարհեցի,ինչպես միշտ էի անում: Ես նրան ձայն չտվեցի, երբ արդեն բնակարանից դուրս էր եկել, որ մեկ էլ տեսնեմ, ամեն ինչ այնպես չէր այդ օրը:  Նախաճաշը  պատրաստեցի  և  գնացի  ինձնով զբաղվելու, որովհետև  դասախոսության էի շտապում:  Դա իմ վերջին դասախոսությունն էր, ի դեպ, դրանից հետո ինձ չկարողացան համոզել շարունակել աշխատանքս, որովհետև իմ հիշողության մեջ մնաց այդ վերջին  դասախոսությունը, երբ ընդամենը ժամեր էին բաժանում ինձ այդ ողբերգությունից, իսկ ես ոչինչ չգիտեի:

Բայց ինձ համար ամենացավալի իրողությունն այն է, որ մենք այդպես էլ չկարողացանք խոսել. մենք միշտ կիսվում էինք, խոսում էինք, միմյանց մտահոգիչ խնդիրներից տեղեկանում էինք, այս անգամ էլ էր այդպես, ես հասկանում էին նրա լրիվ մտահոգությունը, չնայած նա հմտորեն թաքցնում էր, բայց երկուսս իրար խնայում էինք, բարձրաձայն չէինք խոսում խնդիրների մասին: Ինչպե՞ս խոսեինք, նա խնայում էր ինձ ավելորդ հոգեբանական բեռից:

Նա շատ տղամարդավարի պահեց իրեն, նա թույլ չտվեց մեզ մտահոգվել, ցույց չտվեց, որ սպասում է դրան` ոչ այդքան շուտ, բայց սպասում էր: Երբեմն հարց են տալիս` նա գիտե՞ր: Նա չգիտեր, բայց հասկանում էր, թե ինչ բանի մեջ է մտել, որ շատերին և ոչ միայն  ՀՀ-ում, հատկապես դրսում, դուր չէր գա նրա երևան գալը, նրան չճանաչողներն էլ գիտեին, որ նա իր սկզբունքներին դեմ չէր գնա, եթե նա եկավ, ուրեմն պետք է իր ձևով աշխատեր, իսկ ազդեցություն էլ այնպիսին էր, որ արդեն վտանգ էր ներկայացնում: Այդ բոլորը նա գիտակցում էր, ես էլ էի գիտակցում ենթագիտակցաբար: 1998 թվականին, երբ ամեն ինչ ավարտվեց, ես ընկերուհուս ասացի. «Վայ, ինչ լավ է, որ չանցավ, եթե անցներ` կսպանեին»: Այդպես էլ ստացվեց, ուղղակի մեկ տարի նրա կյանքը երկարեց:

Ի՞նչն էր Կարեն Դեմիրճյանի մտահոգության առարկան, որ անգամ սպանվելու  կանխազգացում էր առաջացրել:

– Նա հասկանում էր, որ դժվար գործի մեջ է մտել, որ կան ուժեր ներսում և դրսում, որոնց բոլորովին պետք չէր նրա վերադարձը, որ նա օտար մարմին էր: Գիտեք, ժամակակից աշխարհը սոցիալիզմ բառից խուսափում է, սարսափում է, իսկ նա երկիրը պետք է տաներ միայն ու միայն սոցիալիստական ուղիով` ոչ առաջվա, նորագույն պայմաններում, նոր մոտեցումներով: Նա բարեփոխումների ծրագիր ուներ, նա բարեփոխումների վարպետ էր, Գորբաչով չէր, քանդող չէր:

Մյուս մտահոգության առարկան Մեղրիի հարցն էր: Նա դեմ էր Հայաստանին առաջարկվող այդ կործանարար ծրագրին: Շատ էր մտահոգված, դա նշանակում էր Հայաստանը դարձնել անկլավ, նա երբ պատմեց մեզ` ինձ ու Ստեփանին, ասաց՝  «ոչ մեկին մի ասեք, բայց դուք իմացեք»: Ես այն ժամանակ դրա իմաստը չհասկացա, հետո հասկացա: Նա եղբորը, ընկերներին ասել էր’  «սպանելու են», հաշվարկել էր, որ միակ ձևը իրենից ազատվելու դա էր: Ես էլ զգում էի, անգամ այդ օրն եմ իմ եղբոր կնոջն ասել. «Ես չգիտեմ, Կարենն այնպիսի գործի մեջ է մտել, որ ամեն օր տագնապով սպասում եմ» երեկոյան արդյոք կտեսնե՞մ նրան, թե՞ ոչ, ինտուիտիվ եմ զգացել: Ոչ ես, ոչ ինքը չէինք պատկերացնում, որ այդքան շուտ և այդ ձևով կազատվեն Կարենից, ինձ թվում էր, որ նրան պետք է աշխատեն փոխել, համոզել ինչ-որ հարցերում, հետո հասկացա, որ ճիշտ են կռահել, նա խաբվողը չէր:

Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլիներ Հայաստանը, եթե այսօր Կարեն Դեմիրճյանը ողջ լիներ:

– Ես ուզում եմ անկեղծ լինել. հրաշքներ չեն լինում, փրկիչներ չեն լինում, բայց նա կաներ առավելագույնը, որպեսզի Հայաստանին ետ պահեր սխալ քայլերից։ Մենք այնպիսի ճակատագրական պահեր ենք ապրում, ՀՀ-ն այսպիսի ծանր վիճակում երբեք չի եղել, որովհետև 70 տարի պաշտպանված է եղել, մենք մոռացել էինք այն ծանր տարիները, երբ մենակ էինք, և մեզ հոշոտում էին: Այս իրականության մեջ շատ դժվար է, բայց Կարենը շատ խելացի էր, մեծ դիվանագետ, շատ լավ գիտեր ժամանակակից տնտեսությունը, գերակայությունները’ թե քաղաքական, թե տնտեսական, կոմպրոմիսների և կոնսենսուսի վարպետ էր, դրա համար կաներ առավելագույնը, որպեսզի մեղմեր այս վիճակը: Եթե ես ցավում եմ, ապա սկզբից որպես իմ հարազատի, իմ երեխաների հոր, իմ ամուսնու, բայց ոչ պակաս ցավում եմ Հայաստանի համար. այդ մեծ կորուստ էր, բայց ի՞նչ արած, նրա կյանքը, այնուամենայնիվ, զուր չանցավ, ինչքան կարողացավ՝ արեց:

Ձեր կարծիքով, Կարեն Դեմիրճյանն ըստ արժանվույն գնահատվե՞ց:

– Գիտեք, ամեն ինչ արժե մարդկանց վերաբերմունքը իմ հանդեպ, ես մարդկանց աչքերում կարդում եմ և ցավ, և կարեկցանք, և օգնելու պատրաստակամություն. մեծ ժառանգություն է թողել Կարենը մեր ընտանիքին: Մի անգամ, հենց հոկտեմբերին էր այդ տարվա, ասացի’ «Կարեն ջան, Աստված չանի, քեզ եթե մի բան պատահի’  ես նույնիսկ քո աշխատակիցներին չեմ ճանաչել, ես ինչ պետք է անեմ», ասաց. «Մի վախեցիր, մի մտահոգվիր, ես քեզ այնպիսի անուն եմ թողնում, որ ձեզ  «ոչ» ասող չի լինի»: Իհարկե, հատուկենտ ասողներ գտնվում են, բայց այն վերաբերմունքը, որ ես տեսնում եմ, ինձ համար աշխարհ արժե, դա մեղմում է կորստի ցավը, օգնում է ապրել:

Զրուցեց  Դիանա Մարկոսյանը

 

 

Տեսանյութեր

Լրահոս