ԲՀԿ-ի պատասխանը Շարմազանովին
«Բարգավաճ Հայաստան» կուսկացության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Հովհաննիսյանը արձագանքում են ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Էդ. Շարմազանովը tert.am-ին ասել էր, թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները շատ «անհաջող համեմատություն են արել՝ կոալիցիոն հուշագիրը համեմատելով Սևրի պայմանագրի հետ, քանի որ Հայաստանի իշխանությունները երբևէ չեն հայտարարել, որ հրաժարվում են այդ պայմանագրից»:
«Հակառակը, դրա մասին մշտապես հայտարարում է թուրքական կողմը: Եվ զարհուրելի է, որ մեր ԲՀԿ-ական գործընկերները կարող են ոգևորվել թուրքական կողմի պնդումներից, թե Սևրի պայմանագիրը ուժի մեջ չի՝ համեմատելով այն կոալիցիոն հուշագրի հետ: Աբսուրդ է ազգային գերկարևոր փաստաթղթերը ներքաղաքական զարգացումների հետ համեմատելը»,- ասել էր Էդուարդ Շարմազանովը:
Ն. Զոհրաբյանի և Վ. Հովհաննիսյանի համատեղ հայտարարության մեջ ասված է.
«Ի պատասխան Է. Շարմազանովի` Սևրի պայմանագրի վերաբերյալ արված դատողությունների, ցանկություն է առաջանում անել ընդամենը մեկ-երկու դիտարկում:
- Գյուլի հետ ֆուտբոլային դիվանագիություն խաղալիս կամ Դավութօղլու հետ արձանագրություններ ստորագրելիս արդյո՞ք այդ մասին տեղյակ պահել եք թուրքական կողմին:
- Ֆուտբոլի Ազգային հավաքականի համազգեստից մեկ խաղով (Թուրքիայի հետ հանդիպման ժամանակ) Արարատի պատկերը հանելը դարձյա՞լ բխում էր Սևրի պայմանագրի հիմնադրույթներից:
Հ.Գ. 1. Շարմազանովի դիտարկումները ստիպեցին ևս մեկ անգամ ուշադիր ընթերցել հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները: Եվ այնտեղ, իրոք, Սևրի մասին ոչինչ չկար: Ոչ մի անդրադարձ: Անգամ ակնարկ։
Հ.Գ. 2. Սևրի պայմանագիրը մեր բոլորի երազանքներում է: Բայց որպեսզի այդ երազանքը մի օր իրակություն դառնան եւ իրապես լինի ուժի մեջ, մենք պարտավոր ենք այսօր հզորացնել մեր փոքր Հայաստանի ու փոքր Ղարաբաղի անվտանգությունը, տնտեսական հզորությունն ու ժողովրդավարությունը: Անել հնարավորը, որ մարդիկ չլքեն Հայաստանն ու Ղարաբաղը, ապրեն այստեղ վստահ ու արժանապատիվ: Ցավոք, այսօր միանգամայն հակառակն է:
Հ.Գ. 3. Շատ հեշտ է տնտեսական ձախողումների ֆոնին խաղալ ազգային զգացմունքների վրա։ Բայց դա բնավ լավ ճանապարհ չէ: Կա շատ ավելի դժվար, բայց ազնիվ ճանապարհ` որպես նպատակ ձևակերպել Հայաստանի և Ղարաբաղի հզորացումը, ինչից վերջին տարիներին անշեղորեն հեռանում ենք: Ցավոք»: