Ինչո՞ւ է նվազում արտահանման ցուցանիշը

Այն մարդիկ, ովքեր քիչ թե շատ հետևում են տնտեսական լրահոսին, միգուցե զարմանան՝ ի՞նչ նվազման մասին է խոսքը։ Չէ՞ որ Ազգային վիճակագրական ծառայությունն օրեր առաջ ազդարարել էր, որ 2012թ. հունվար-սեպտեմբերին արտահանումն աճել է 6%-ով և կազմել 1 միլիարդ 32 միլիոն դոլար։

Մինչդեռ արտաքին առևտրի վերաբերյալ տվյալներ հրապարակում է նաև ՊԵԿ մաքսային կոմիտեն, ընդ որում՝ ավելի մանրամասն, ըստ առանձին ապրանքատեսակների։ ՊԵԿ-ի տվյալներից հակառակ պատկերն է ստացվում՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արտահանման ծավալը նվազել է 1.1%-ով։ Մասնավորապես, այս տարվա հունվար-սեպտեմբերին արտահանման ծավալը կազմել է 971.9 միլիոն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 982.9 միլիոն դոլարի դիմաց: Այս թեմային արդեն անդրադարձել ենք 168.am-ի երեկվա հրապարակման մեջ և նշել, որ այդ տարբերությունը թերևս կբացատրեն մեթոդաբանության նրբություններով, սակայն մեթոդաբանությունը ոչ ոքի հետաքրքիր չէ։

Փոխարենը` ՊԵԿ տվյալները, որտեղ ներկայացված են առանձին ապրանքատեսակների արտահանման ցուցանիշները, տալիս են այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ է արտահանումը նվազել։

ՊԵԿ տվյալների հիման վրա կազմված այս աղյուսակում ներկայացված են 2011-2012թթ. հունվար-սեպտեմբեր ամիսներին արտահանված առավել բարձր մաքսային արժեք ունեցող 10 անուն ապրանքները։ Սա մեր արտահանման, այսպես ասենք, «TOP 10»-ն է, արտահանման ողնաշարը։

Ինչպես նկատում եք, առյուծի բաժինը կազմում է մետաղների և մետաղական հանքաքարի արտահանումը։ Դա նորություն չէ. վերջին տարիներին միշտ էլ այդպես է եղել։ Ուշագրավն այն է, որ գրեթե բոլոր մետաղների գծով ունենք արտահանման ծավալների անկում։ Եվ, որ ամենաուշագրավն է, որոշ դեպքերում բնեղեն արտահայտությամբ արտահանումն աճել է, սակայն արժեքով՝ նվազել։

Օրինակ, պղնձի հանքաքարի արտահանման ծավալը բնեղեն արտահայտությամբ աճել է 14%-ով՝ 85.8 հազար տոննայից հասնելով 97.8 հազարի։ Սակայն արժեքային արտահայտությամբ՝ արձանագրվել է նվազում 16%-ի չափով (201.1 միլիոնից նվազել է 168.4 միլիոնի)։ Նույնը՝ չզտած պղնձի և ալյումինի դեպքում։ Սա նշանակում է, որ գներն ընկել են։ Օրինակ՝ մոլիբդենի արտահանման ծավալները բնեղեն արտահայտությամբ աճել են 46.1%-ով, սակայն գների անկման պատճառով արժեքային արտահայտությամբ աճն ավելի քիչ է եղել՝ 25.9%։

Ոչ թանկարժեք մետաղների միջազգային գներն այս տարվա ընթացքում իրո°ք անկում են ապրել։ Գծապատկերներում ներկայացված են տարբերի մետաղների գների դինամիկան Լոնդոնի գունավոր մետաղների բորսայի տվյալներով։

Օրինակ, պղնձի մեկ տոննայի գինը նախորդ տարվա սկզբին մոտեցել է 10 000 դոլարին։ Բարձր գինը՝ 9000-ի սահմաններում, պահպանվել է շուրջ 8 ամիս։ Իսկ այնուհետև իջել է, և երեկվա դրությամբ` մեկ տոննայի գինը կազմում էր 7861 դոլար։

 

Մյուս մետաղների դեպքում պատկերը նույնն է։ Կարճ ասած, մետաղներ ու մետաղական հանքաքար արտահանող մեր ընկերությունների համար այս տարին հաջող չի եղել։

Որքան էլ փորձ անեն ՊԵԿ ներկայացրած անկումը բացատրել մեթոդաբանական նրբություններով, իրական պատճառը պարզ է՝ արտահանման ցուցանիշը նվազել է մետաղների համաշխարհային գների անկման պատճառով։

Իսկ սա իր հերթին վկայում է այն մասին, թե որքան «դիվերսիֆիկացված» է մեր տնտեսությունը։

Կառավարությունը խոսում է դիվերսիֆիկացված արտահանման մասին, սակայն առայժմ ավելի հաջող կերպով կարողանում է անել միայն մեկ բան՝ շրջանցել բացասական ցուցանիշները և քննարկման առարկա դարձնել միայն ԱՎԾ-ի կողմից «ստացված» աճը։

 

Տեսանյութեր

Լրահոս