Բաժիններ՝

Կրկին հակասություն. ԱՎԾ-ն ցույց է տալիս արտահանման աճ, ՊԵԿ-ը՝ նվազում

ՊԵԿ մաքսային կոմիտեի հրապարակած արտաքին առևտրի տվյալներից երևում է, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արտահանման ծավալը նվազել է 1.1%-ով, մինչդեռ ԱՎԾ-ն օրեր առաջ տեղեկացրել էր 6%-անոց աճի մասին։

Այսպես, ՊԵԿ մաքսային կոմիտեն իր կայքում հրապարակել է 2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսների արտաքին առևտրի ցուցանիշները։ Արտահանման վիճակագրության բաժնում «ՀՀ արտաքին առևտուրն ԱՏԳ ԱԱ-ի ապրանքախմբերով (2011-2012թթ. I-IX ամիսներ)» զեկույցի համաձայն, այս տարվա հունվար-սեպտեմբերին արտահանման ծավալը կազմել է 971.9 միլիոն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 982.9 միլիոն դոլարի դիմաց։ Փաստորեն, ըստ ՊԵԿ մաքսային կոմիտեի, արտահանման ծավալները նվազել են 11 միլիոնով կամ 1.1%-ով

Մինչդեռ օրեր առաջ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված զեկույցն այլ բան էր ասում։ Ըստ այդ զեկույցի՝ արտահանման ծավալն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է 1 միլիարդ 32 միլիոն դոլար, ինչը նախորդ տարվա ցուցանիշից 6%-ով բարձր է։

Ներմուծման բացարձակ թվերի առումով նույնպես տարբերություն կա. ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում ներմուծման ծավալն ըստ ԱՎԾ-ի՝ կազմել է 3.009 միլիարդ դոլար, ըստ մաքսային տվյալների՝ 3.041 միլիարդ։ Սակայն աճի ցուցանիշները, ի տարբերություն արտահանման, գոնե նույն նշանով են և շատ չեն տարբերվում (ըստ ԱՎԾ-ի՝ 1.2%, ըստ ՊԵԿ-ի՝ 0.96%)։

Կարդացեք նաև

Համոզված ենք, որ հիմա կսկսեն այս տարբերությունը բացատրել մեթոդաբանության տարբերություններով և նրբություններով։ Սակայն հանրության մեծ մասին մեթոդաբանության մանրամասները չեն հետաքրքրում։ Պարզապես պետք է հստակություն մտցնել՝ արտահանման մասին կարծիք կազմելու համար ո՞ր պետական կառույցի ներկայացված թվերի վրա հիմնվենք։ Կամ էլ անկեղծ պատասխանեք՝ որն ավելի «պլպլան» կլինի, դա էլ պետք է մատուցել հանրությանը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս