Բաժիններ՝

Կարտոֆիլը, ցորենը, պարարտանյութը, որ Գյուղնախարարությունը տրամադրում է գյուղացուն, գնում է մի քանի հոգու գրպանները

Այսօր  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակի դահլիճում տեղի ունեցավ Կայուն զարգացման ծրագրի (ԿԶԾ) Քաղաքացիական համագործակցության ցանցի (ՔՀՑ) «Գյուղատնտեսության և գյուղի զարգացման հիմնախնդիրների» (ԳԳԶՀ) բանակցային (ոլորտային) խմբի նիստը: Նիստին մասնակցում էին ոլորտային խմբի մեջ մտնող ոչ կառավարական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, գյուղացիներ հանրապետության տարբեր մարզերից, գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ, գիտնականներ:

Նիստին մասնակցում էին նաև ներկայացուցիչներ միջազգային
կառույցներից` ՄԱԿ-ից, Եվրամիության պատվիրակությունից, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունից, ԱՄՆ դեսպանատնից:
Նիստում համառոտակի քննարկվեցին` գյուղատնտեսության արդի վիճակը, զարգացման
հեռանկարները, ոլորտային խմբի առաջիկա անելիքները (մասնավորապես`
նախապատրաստվել մասնակցելու Կայուն զարգացման ծրագրի վերանայման
գործընթացին):

Նիստում ԿԶԾ ՔՀՑ նախագահ և ոլորտային խմբի համակարգող Սարգիս Սեդրակյանը
հայտարարեց, որ և ՔՀՑ-ն պատրաստակամ է աշխատել, սակայն արդյո՞ք
կառավարությունը նույնպես պատրաստ է, թե սա իմիտացիա է:  Նիստին ներկա ՀՀ տարբեր մարզերի ներկայացուցիչները, «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության անդամներն ու ֆերմերները քննարկեցին հանրապետության գյուղերում առկա խնդիրներն ու առաջարկեցին այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ քայլերը: Ինչպես իր խոսքում նշեց Լոռու մարզի ֆերմեր Նաիրի Արոյանը, գյուղացին այսօր կառավարության աջակցության կարիքն ունի: «Դիզվառելքը, որ տրամադրում էին գյուղացուն, կարող է դառնալ մեծ կաշառակերության աղբյուր: Ես տարեկան օգտագործում եմ 2000 տ դիզվառելիք, բայց ես երբեք այդքան գումար չունեմ տանը դրած, որ գնամ և գնեմ ինձ անհրաժեշտ քանակը: Դրա համար, որպեսզի մի քանի հոգի չգնեն այդ վառելանյութն ու, ինչպես միշտ, կրկնակի գնով չվաճառեն մեզ վրա, ավելի լավ կլինի տրամադրեն կտրոններ, որում նշված կինի այն քանակը, որն ըստ օրենքի ինձ հասնում է: Ես էլ, երբ գումարը կունենամ, կգնամ ու կգնեմ ինձ հատկացված վառելանյութը»,- ասաց Լոռու մարզի ֆերմեր Նաիրի Արոյանը:

Նիստի ընթացքում բուռն կերպով քննարկվում էին ջրդի հողակտորներին բավարար քանակությամբ ջրով չապահովելու փաստը: Ըստ նիստի մասնակիցների, դա է այն կարևոր խնդիրներից մեկը, որ պետք է լուծվի, քանի որ առանց ջրի բերք ստանալն անհնար է:

«Արտաշատի Ազատավան գյուղում գյուղացին 24-25.000 դրամ է վճարում իր հողակտորը ոռոգելու համար: Որտե՞ղ է նման բան գրված: Իսկ կարտոֆիլը, ցորենը, պարարտանյութը, որ Գյուղնախարարությունը տրամադրում է գյուղացուն, գնում է մի քանի հոգու գրպանները: Կամ օգտագործում են ընտրությունների ընթացքում՝ որպես ընտրակաշառք: Ես մեղադրում եմ գյուղապետերին, մարզպետներին և կառավարությանը, որոնք պետք է վերահսկեն այս ամենը»,- ասաց «Արտաշատի իրավապաշտպան» բարեգործական ասոցիացիայի նախագահ, Արտաշատի Ազատավան գյուղի բնակչուհի Արուս Հովհաննիսյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին ՀՀ տարբեր մարզերի ֆերմերների՝ տարվա ընթացքում, թե՛ երաշտի, թե՛ այլ պայմանների պատճառով կրած վնասների չափն ու այդ վիճակից դուրս գալու ելքերը:

Ըստ նիստի անդամների և նիստը համակարգող ԿԶԾ ՔՀՑ նախագահ, ոլորտային խմբի համակարգող,  «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանի, գրառվելու են բոլոր խնդիրներն ու առաջադրված լուծումները և ներկայացվելու են համապատասխան մարմիններին՝ կիրառման համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս