Ռուսական և հայկական ընդդիմության ընդհանրություններն ու տարբերությունները
Ռուսաստանում հրապարակվեցին ընդդիմության Կոորդինացիոն խորհրդի ընտրության արդյունքները: Կոորդինացիոն խորհրդի կազմում ընդգրկվեցին ռուսական ընդդիմության ամենատարբեր քաղաքական ուղղությունների ներկայացուցիչներ:
Քվեարկությանը, որը կազմակերպվել էր ինչպես՝ օնլայն, այնպես էլ՝ ընտրատեղամասերում քվեաթերթիկների միջոցով, մասնակցել է 82 հազար քաղաքացի: Դա Ռուսաստանի համար, իհարկե, բավական փոքր թիվ է, սակայն, եթե նկատի ունենանք այդ երկրում տիրող քաղաքական բարքերը, ոստիկանական հաճախակի ստուգայցերն ընդդիմության կազմած ընտրատեղամասեր և կիբերհարձակումներն այն կայքէջի վրա, որում տեղի էր ունենում քվեարկությունը, ընտրությունը կարելի է բավական հաջողված համարել:
Կոորդինացիոն խորհրդի 45 տեղի համար առաջադրվել էր 204 թեկնածու: Կոորդինացիոն խորհրդի 30 անդամներ ներկայացնում են ընդհանուր քաղաքացիական ուղղությունը, իսկ 5-ական թեկնածու ընտրել են ձախ, լիբերալ և ազգայնական ուղղությունները՝ իրենց առանձին ցուցակներով:
Ռուսաստանի ընդդիմությունն այսկերպ փորձեց նախ՝ ակտիվացնել հասարակությանը, նրան մասնակից դարձնել ընդդիմության լիդերների ընտրության գործում, բացի այդ, որոշվեց՝ մի կողմ դնելով քաղաքական և գաղափարախոսական տարաձայնությունները, միավորվել, զրկելով իշխանությանն իրենց միմյանց դեմ օգտագործելու հնարավորությունից:
Համակարգող խորհրդի անդամ են դարձել հայ հանրությանը հայտնի Քսենյա Սոբչակը, Գարրի Կասպարովը, Բորիս Նեմցովը, Սերգեյ Ուդալցովը, Ալեքսեյ Նավալնին:
Կոորդինացիոն խորհրդի կազմում ընդհանուր քաղաքացիական հոսքից ՀԽ անդամ է ընտրվել նաև մեր հայրենակից Սուրեն Ղազարյանը, ով ստացել է գրեթե 19 հազար ձայն: Ղազարյանը «Յաբլոկո» կուսակցության անդամ է, էկոլոգիական շարժման ակտիվիստ և հայտնի է նրանով, որ դատապարտվել է 3 տարի ազատազրկման Կրասնոդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի առանձնատան ցանկապատի վրա գրություններ գրելու և ցանկապատը վնասելու մեղադրանքով:
Ռուսական ընդդիմության կոորդինացիոն խորհրդի ընտրության այս գործընթացը բավական հետաքրքիր է նաև հայաստանյան իրականության հետ համեմատության համատեքստում: Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում ընդդիմությունը բավական մասնատված է և ընդդիմադիր կուսակցությունների ու շարժումների միջև հակասություններն ու տարաձայնությունները շատ դեպքերում ավելի սուր և անլուծելի էին թվում, քան իշխանության հետ եղած խնդիրները:
Իշխանությունը բավական հմտորեն օգտագործում էր ընդդիմության պառակտվածության փաստը՝ ամեն անգամ ցույց տալով, որ մասնատված և իրար նկատմամբ թշնամանքով լցված ընդդիմությունը անընդունակ է համախմբել հասարակությանը:
Ռուս ընդդիմադիր գործիչները հասկացան, որ իրենք չեն կարող հաջողության հույս ունենալ, եթե շարունակեն նման կերպ դրսևորել իրենց: Նրանք չգտան առաջնորդ կամ միասնական թեկնածու, ով ամեն ինչ գիտի և ցանկացած հարցում ճիշտ է, և ում պետք է կուրորեն հավատալ և վստահել:
Նրանք կազմեցին ընդդիմադիր գործիչների ցուցակ և հանրությանը հնարավորություն տվեցին քվեարկության միջոցով որոշել, թե ով պետք է առաջիկայում ղեկավարի ընդդիմադիր շարժումը: Եվ, ամենակարևորը. ընդդիմությունը պետք է ղեկավարի ոչ թե առաջնորդը, այլ կոլեկտիվ մարմինը`Կոորդինացիոն խորհուրդը:
Ցավոք, հայ ընդդիմադիրները չեն կարող նման համախմբման գնալ, քանի որ, ինչպես առիթ ունեցել ենք նշելու, ցանկացած կոլեկտիվ գործունեություն հակացուցված է հայ հանրությանը, որ, եթե նույնիսկ ընդդիմադիր գործիչների ցուցակ կազմվի և ընտրություններ կազմակերպվեն, ապա կարող է պարզվել, որ հայ ընդդիմադիրներն ավելի հմուտ ընտրակեղծարարներ են, քան իշխանությունները: Այնպես որ, մենք դժվար թե ականատեսը լինենք ընդդիմության միավորմանը: Ավելի շուտ կտեղեկանանք հերթական պառակտումների մասին: