Բաժիններ՝

«Հավակնում ենք Հայաստանի կրթության պատմության մեջ բացել հեղափոխական էջ». Արմեն Աշոտյան

Օրենսդրական նախաձեռնության նպատակն է բոլոր երեխաների համար սահմանել միասնական իրավական մոտեցում: Արդյունքում` երեխայի անհատական տարբերություններից ու հաշմանդամությունից անկախ կունենանք կրթության իրավունքի միասնական իրավական կարգավորում, որը կերաշխավորի բոլորի համար կրթության հավասարության իրավունքը։ Այս մասին Ազգային ժողովի հոկտեմբերի 23-ի նիստում ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Հանրակրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում լրացումների և փոփոխությունների օրենսդրական փաթեթը:

Ըստ նախարարի, հետզհետե կտրուկ կնվազի հատուկ դպրոցների թիվը, դրանց մեծ մասը կվերածվի ներառական կրթության համար համապատասխան կարողություններ ունեցող մարզային ռեսուրս կենտրոնների: Այդ գործընթացը նախատեսվում է ավարտել 2022թ.: Ներկայումս գործում է 107 ներառական դպրոց, յուրաքանչյուր տարի նման դպրոցների թիվն ավելանում է 15-ով:

«Ներառական դպրոցներում կարողանում են կրթություն կազմակերպել ոչ միայն սովորական աշակերտների համար, այլ նաև համապատասխան խնդիրներ, առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար: Շատ կարևոր է, որպեսզի մեր պետությունը ստեղծի միասնական իրավական դաշտ` ապահովելու համար միասնական կրթական տարածք: Երեխաների այս կամ այն կրթական կարիքի գնահատումը չի կարող բերել խտրական վերաբերմունքի` կրթության ոլորտում իրենց կրթական իրավունքի իրականացման տեսակետից»,- ընդգծել է Ա. Աշոտյանը:

Ա. Աշոտյանը նաև նշել է, որ անգամ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» այսօրվա գործող օրենքը թույլ է տվել ՀՀ-ին, ըստ միջազգային բոլոր գնահատականների, տարածաշրջանում ունենալ լավագույն զարգացումներն այս տեսակետից: Ընդ որում` խոսքը ոչ միայն Հարավային Կովկասի մասին է, այլև` ԱՊՀ ողջ տարածաշրջանի:

Կարդացեք նաև

«Հայաստանում տեղի ունեցող գործընթացները` կապված նման տեսակի կարիքներ ունեցող երեխաների կրթական տարածքում ինտեգրելու հետ, լուծվում են լավագույնս: Մենք հավակնում ենք այսօր, Ձեր հավանությանն արժանանալու դեպքում, այս օրենքով բացել Հայաստանի կրթության պատմության մեջ նոր էջ, չեմ վախենում այդ բառից` իրականում հեղափոխական էջ, որովհետև համատարած ներառականության սկզբունքը, որ մենք առաջարկում ենք որդեգրել մեր հանրապետությունում, որպեսզի խտրական դպրոցներ չլինեն նման երեխաների համար, և մենք իրականում կարողանանք բոլոր երեխաներին վերադարձնել հասարակություն, զուգահեռ ապահովելով կրթական ծառայությունների համապատասխան բարձր որակ»,- նշել է նա` հավելելով, որ սրանք են այն գերակայությունները, որոնցով առաջնորդվել են այս օրենսդրական նախաձեռնության մշակման ընթացքում:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս