Բաժիններ՝

Մխիթարյանը Շախտյորի հաջողության ճարտարապետն է «The Guardian»-ի հոդվածն ամբողջությամբ

Երբ «Չելսին» երեքշաբթի օրը «Դոնբաս Արենա» մարզադաշտում հյուրընկալվի   «Շախտյորին», կասկած չկա այն հարցում, թե ում հարկավոր կլինի կանգնեցնել։ Այդ մասին գրել է անգլիական «The Guardian»-ը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին իր հրապարակման մեջ։ Թարգմանաբար ներկայացնում ենք այդ նյութն ամբողջությամբ:

Հենրիխ Մխիթարյանն ընդամենը 23 տարեկան է, սակայն արդեն հասցրել է 3 անգամ արժանանալ Հայաստանի լավագույն խաղացողի մրցանակին։ Նրա գերազանցությունն այնքան կայուն է եղել, որ զարմանալին ոչ թե այն է, թե ինչպես է երիտասարդ տարիքում հասցրել երեք անգամ նվաճել այդ տիտղոսը, այլ այն, թե ինչպես 2010-ին մրցանակը նրան բաժին չհասավ։ Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը ճիշտ կաներ առավելագույնս օգուտ քաղեր 2010-ի իր նվաճումից, քանի որ Մխիթարյանն իր խաղով այլոց համար հնարավորություն չի թողնում տիրանալ այդ մրցանակին։

Մխիթարյանի պոտենցիալը վաղուց էր պարզ. Հայաստանի հավաքականի կազմում նա առանցքային ֆիգուր էր, որը քիչ էր մնում Իռլանդիային զրկեր Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրից։ Սակայն մենք խոսում ենք ա՛յս մրցաշրջանի մասին, հատկապես Ժադսոնի հեռանալուց հետո, ով իրոք ծաղկեց Դոնեցկի «Շախտյորում»։ Մխիթարյանն այնպիսի ապշեցուցիչ մարզավիճակ ձեռք բերեց, որ Միրչա Լուչեսկուն ստիպված էր փոխել իր անխախտ մարտավարությունը. բրազիլացիներն՝ առջևում, արևելաեվրոպացիները՝ ետևի գծում։ Այնպես որ, երբ «Չելսին» երեքշաբթի օրը «Դոնբաս Արենա» մարզադաշտում հյուրընկալվի   «Շախտյորին», կասկած չկա այն հարցում, թե ում հարկավոր կլինի կանգնեցնել։

 

Կարդացեք նաև

Այս ամռանը, երբ Ժադսոնը տեղափոխվեց Բրազիլիա (մասամբ՝ անձնական պատճառներով, մասամբ էլ՝ Բրազիլիայի հավաքականում տեղ զբաղեցնելու հույսով), «Շախտյորի» երկրպագուներն անհանգստացան։ Ի վերջո, Ժադսոնն իր խաղային որակներով և խփած գնդակներով ՈՒԵՖԱ-ի գավաթը նվաճած թիմի առանցքային խաղացողն էր։ Սակայն, ինչպես պարզվեց, Մխիթարյանը առավել, քան լրացրեց այդ բացը։ «Շախտյորն» ընթացիկ մրցաշրջանում հաղթել է իր անցկացրած 12 խաղերում՝ մրցակիցների դարպասն ուղարկելով 38 գնդակ։ Լեռնագործները Սուպեր Գավաթում պարտության մատնեցին «Մետալուրգին», իսկ Ուկրաինայի գավաթը նվաճեցին ՝ 4-1 հաշվով ջախջախելով «Դինամոյին»։ Չեմպիոնների լիգայում «Շախտյորը» 2-0 հաշվով հաղթեց «Նորսյելանդին», իսկ «Յուվենթուսի» հետ խաղում կարող էին հաղթանակ տանել, սակայն բավարարվեցին ոչ-ոքիով։

Այս ամենի սրտում Մխիթարյանն էր, ով առաջնության 12 խաղերում խփել է 14 գոլ, ևս երկու գոլ՝ «Նորսյելանդի» դարպասը։ «Գոլ խփելը ես այնքան էլ չեմ կարևորում»,- ասում է նա։ Իրոք, գնդակը ցանցն ուղարկելը Մխիթարյանի կատարած աշխատանքի մի փոքր մասն է միայն։ Նրա ամեն գոլից հետո հնչում է Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը», որն արդեն դարձել է «Դոնբաս Արենա» մարզադաշտի ամենապոպուլյար երաժշտությունը։ Սակայն ոչ պակաս կարևոր են այն ֆանտազիան և ունակությունները, որոնց շնորհիվ Մխիթարյանը խաղալու հնարավորություն է տալիս Վիլիանին և Ալեքս Տեյշերային։ «Մեր ամենամեծ քայլերից մեկը Մխիթարյանի զարգացումն է։ Նա արագացրեց խաղը և բացեց նոր տարածքներ»,- ասում է Լուչեսկուն։

 

Մխիթարյանը ծնվել է 1989թ. Երևանում։ Նույն տարում նրանց ընտանիքը տեղափոխվեց Ֆրանսիա, քանի որ Հենրիկի հայրը՝ Արարատի ճանաչված ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանը Աբովյանի Կոտայքից տեղափոխվեց Ասոա Ալենսե։ Ընտանիքը  Երևան վերադարձավ 1995-ին։ Մեկ տարի անց, երբ Հենրիկը 7 տարեկան էր, Համլետը մահացավ չարորակ ուռուցքից։ Սակայն նրա ընտանիքը չհեռացավ ֆուտբոլից։ Հենրիկի մայրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հավաքականների բաժնի պետն է, իսկ քույրը` Մոնիկան, Շվեյցարիայի Նայոն քաղաքում ՈՒԵՖԱ-ում է աշխատում և Միշել Պլատինիի թարգմանիչն էր, երբ վերջինս Եվրո-2012-ից առաջ ժամանել էր Դոնեցկ:

17 տարեկանում Մխիթյանը միացավ «Փյունիկին» և 4 ամիս անցկացրեց Սան Պաուլոյի երիտասարդական թիմում՝ երկու ակումբների միջև համագործակցության շրջանակներում։ Միջազգային դեբյուտը եղավ հաջորդ տարի, երբ 20-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվեց «Մետալուրգ»։ Մեկ մրցաշրջանը բավական էր, որպեսզի «Շախտյորը» նրան տեղափոխեր իր մոտ՝ չխնայելով 5 միլիոն ֆունտ ստեռլինգը։ Թեպետ, պետք է ասել, որ Միրչա Լուչեսկուն Հենրիկի վրա աչք էր դրել դեռ 2007 թվականի Չեմպիոնների լիգայի «Շախտյոր»-«Փյունիկ» հանդիպումից հետո։

Մխիթարյանն արագ հարմարվեց։ Դրանում, անշուշտ, մեծ դեր խաղաց այն, որ նա Սան Պաուլոյում պորտուգալերեն էր սովորել և կարողանում էր շփվել թիմի բրազիլացի խաղացողների հետ։  «Մխիթարյանը գնալով ավելի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է դառնում։ Նա կարողացավ խաղընկերների հետ այնպիսի հարաբերություններ կառուցել, որը նրա համար հարգանք է ապահովում թե՛ խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս»,- ասում է Լուչեսկուն։

Այդ ամենի համար, իհարկե, ժամանակ պահանջվեց։ 21-ամյա երիտասարդը անվճռական էր թվում իր նոր միջավայրում։ «Սկզբում նրա համար հեշտ չէր։ Սակայն նա արագ ինտեգրվեց՝ ֆուտբոլային գիտակցության իր բարձր մակարդակի շնորհիվ։ Խաղը կարդալու նրա ունակությունը հավանաբար Մխիթարյանի ամենակարևոր որակն է։ Դրան գումարվում է արագությունը, ուժը և տեխնիկան, որոնցով բնությունն օժտել է Հենրիկին, նա էլ ավելի է զարգացրել այդ ձիրքերը։ Այս որակների շնորհիվ նա դառնում է այն առանցքային խաղացողներից մեկը, ում առաջ առաջադրանք է դնում մարզչական շտաբը։ Նրա հետ աշխատելը հաճույք է»,- ասում է Լուչեսկուն և ավելացնում՝ նա կատարյալ խաղացող է։

Նախորդ մրցաշրջանի խմբային փուլում «Շախտյորի» դժգույն խաղը խոսակցությունների տեղիք տվեց, որ Լուչեսկուն կարող է հեռանալ թիմից՝ 8 տարվա աշխատանքից հետո։ Մխիթարյանը, սակայն, ռումինացի մարզչին և «Շախտյորին» լավատեսության լիցք է հաղորդել։ Ճիշտ է, Լուչեսկուն միշտ էլ արագ է եղել թիմի միասնականությանն ուղղված իր գործողությունների մեջ,  սակայն այժմ կասկած չկա, թե ով է այդ ամենի էներգիայի աղբյուրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս