Բաժիններ՝

Շահում եք դուք՝ շահում է պետությունը – 2

ԱԺ-ում այսօր քննարկվել է Հայաստանում նվազագույն աշխատավարձը 2500 դրամով ավելացնելու օրինագիծը։ Հիշեցնենք, որ առաջարկվում է 2013թ. հունվարի 1-ից նվազագույն ամսական վարձատրության չափը 32 500 դրամից դարձնել 35 000 դրամ։

Հիշեցնենք նաև, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջարկում էր նվազագույն աշխատավարձը դարձնել 72 500 դրամ, սակայն այդ առաջարկը մերժվեց այն հիմնավորմամբ, որ բյուջեն կունենար 360 միլիարդի լրացուցիչ ծախս։

Իսկ որքա՞ն է ավելանում բյուջեի ծախսը 2500 դրամանոց ավելացման դեպքում։ Պետությունը պատասխանել է այս հարցին՝ 941 միլիոն դրամ։ Սակայն մյուս հարցին՝ որքա՞ն է շահում այդ փոփոխության արդյունքում, մինչ օրս հայտնի չէր։

Այսօրվա քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ով ներկայացնում էր օրինագիծը, որոշ չափով լույս սփռեց այդ հարցի վրա։ Կոնկրետ թվեր չհայտարարվեցին, փոխարենը՝ կարելի է համոզված ասել, որ նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելով՝ պետությունն ավելի շատ ստանում է, քան ծախսում։

Փորձենք դա ապացուցել առանց բարդ հաշվարկների ու մասնագիտական խուճուճ ձևակերպումների՝ հիմնվելով միայն ֆինանսների նախարարի ասածների վրա։

1. Մասնավոր հատվածում նվազագույն աշխատավարձ ստացողներն ավելի շատ են:

Վ. Գաբրիելյանը նշել է, որ Հայաստանում 470 հազ. վարձու աշխատողների մոտ 10%-ը՝ 47 հազար մարդ։ Պետական համակարգում, ըստ նախարարի, նվազագույն աշխատավարձ կամ դրան շատ մոտ գումար պետական սեկտորում ստանում են գրադարանավարուհիներն ու  հավաքարարները։ Իսկ մասնավոր հատվածում, ըստ Գաբրիելյանի, ցածր աշխատավարձ ստացողներն ավելի շատ են:

2. Աշխատավարձը 2500 դրամով ավելացնելու դեպքում գործատուն ծախսում է 5000 դրամ

Վ. Գաբրիելյանը պարզաբանել է, որ որպեսզի մաքուր նվազագույն աշխատավարձը կազմի 35 հազար դրամ, «կեղտոտը» (ներառյալ հարկերը) պետք է ձևակերպվի նվազագույնը 46 296 դրամ։ Նախարարը նաև տեղեկացրել է, որ նվազագույն աշխատավարձը 2500 դրամով ավելացնելու դեպքում գործատուի ծախսն ավելանում է 5000 դրամով:

Սկսենք վերջից։

Եթե գործատուի ծախսն ավելանում է 5000 դրամով, որից մաքուր աշխավարձի բարձրացմանը գնում է 2500 դրամ, ապա հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր է գնում գործատուի ծախսած 5000-ի մյուս կեսը։ Իհարկե՝ պետբյուջե՝ հարկերի և սոցապ վճարների տեսքով։  Այսինքն՝ պետությունը մի կողմից՝ պետական համակարգում աշխատող յուրաքանչյուր աշխատողի մաքուր աշխատավարձն ավելացնում է 2500 դրամով, մյուս կողմից՝ մասնավոր հատվածի յուրաքանչյուր աշխատողի վարձատրության բարձրացման դեպքում ստանում է լրացուցիչ 2500 դրամի հարկեր։

Եվ քանի որ, ըստ առաջին պնդման, մասնավոր հատվածում ցածր աշխատավարձ ստացողներն ավելի շատ են, ապա պետությունը, պատկերավոր ասած, ավելի շատ «2500 դրամներ» է ստանում, քան ծախսում է։

Այսպիսով, պետությունը նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելով՝ ոչ միայն չի կորցնում, այլ շահում է։ Իսկ ովքեր նախապես կասկածում էին, որ պետությունը կարող է ի վնաս իրեն ինչ-որ փոփոխություններ անել, ապա դա միամտություն է։ Ի վերջո, 2500 դրամը հենց այնպես՝ օդից չի վերցվել։ Կարելի է համոզված ասել, որ մանրամասն հաշվարկներ են արվել՝ բյուջեի համար «օպտիմալ» թիվը որոշելու համար։ Իսկ մենք ասում էինք՝ սպառողական զամբյուղ, գներ, աղքատություն… Շատ ռոմանտիկ ժողովուրդ ենք։ Նույնքան ռոմանտիկ, որքան պրագմատիկ է հայրենի կառավարությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս