Ուխտի վախճանը
Երեկ ԱԺ հերթական քառօրյայի առաջին նիստի հենց սկզբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ, խմբակցության կայացրած որոշման համաձայն, խմբակցության անդամ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը որևէ ֆորմատով չի կարող ներկայացնել «Ժառանգություն» խմբակցությունը:
ԱԺ կանոնակարգ-օրենքն արգելում է խմբակցությանն իր շարքերից հեռացնել պատգամավորին, և այս որոշումն ավելի շուտ բարոյական հարթության մեջ է, ու նշանակում է, որ խմբակցության մեծամասնությունը դեմ է, որ Քոքոբելյանը ներկայացնի իրենց կամ հանդես գա իրենց անունից:
Հակոբյանի հայտարարությունից հետո պատասխան հայտարարությամբ հանդես եկավ Խաչատուր Քոքոբելյանը, ով հայտարարեց, որ ինքը և Ալեքսանդր Արզումանյանը մնալով «Ժառանգություն» խմբակցության անդամ, այսուհետ կներկայացնեն «Ազատ դեմոկրատներ» կուսակցության դիրքորոշումը: Քոքոբելյանի հայտարարությունն էլ նշանակում էր, որ` եթե դուք խզում եք հարաբերություններն ինձ հետ, ապա ես միայնակ չեմ, և ինձ հետ` ձեզ հետ իր հարաբերություններն է խզում նաև Ալեքսանդր Արզումանյանը:
Հայտնի է, որ «Ժառանգություն» խմբակցությունն ունի 5 պատգամավոր, և հիմա մի կողմում` Ռուբիկ Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը և Թևան Պողոսյանն են, մյուս կողմում` Խաչատուր Քոքոբելյանը և Ալեքսանդր Արզումանյանը:
Երբ խմբակցության նիստում Քոքոբելյանին «Ժառանգության» անունից հանդես գալու իրավունքից զրկելու հարցը դրվել է քվեարկության, կողմ են քվեարկել հենց նշյալ երեք պատգամավորները:
Ի պատասխան` Խաչատուր Քոքոբելյանն առաջարկել է խմբակցության օրակարգ մտցնել Ռուբիկ Հակոբյանին խմբակցության ղեկավարի պաշտոնից հեռացնելու հարցը, բայց այդ հարցը օրակարգ չի մտել, քանի որ նույն երեք պատգամավորները դեմ են քվեարկել Քոքոբելյանի առաջարկին:
Այսպիսով, պարզ է, որ հանրային սեկտորի ներկայացուցիչ Թևան Պողոսյանը միանշանակ պաշտպանել է «Ժառանգություն» կուսակցության մոտեցումները, և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամները դարձել են փոքրամասնություն:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ռուբիկ Հակոբյանն ասում է, որ իրենք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության և Ալեքսանդր Արզումանյանի հետ որևէ խնդիր չունեն:«Խաչատուր Քոքոբելյանն այնքան կամքի ուժ չունի, որ հասկանա և ընդունի, որ խնդիրն իր հետ է, և դրա համար ամեն ինչ տեղափոխեց միջկուսակցական հարաբերությունների հարթություն, դրանով ծանր կացության մեջ դնելով թե՛ իրեն, թե՛ իր կուսակցությանը: Բայց նորից եմ կրկնում, որ Ալեքսանդր Արզումանյանը կարող է ներկայացնել «Ժառանգությանը», եթե նա այլ որոշում չունի»,- ասում է Ռուբեն Հակոբյանը:
Ալեքսանդր Արզումանյանն էլ ասում է, որ ինքն այլ որոշում ունի, և դա Խաչատուր Քոքոբելյանի հետ կայացրած որոշումն է` ֆորմալ առումով մնալ «Ժառանգություն» խմբակցության անդամ, բայց հանդես գալ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անունից: Նման որոշման պատճառն առավել քան հասկանալի է. եթե Արզումանյանը դուրս գա խմբակցությունից, ապա նա կզրկվի պատգամավորական մանդատից, ինչն իր համար այնքան էլ ցանկալի չէ:
Քոքոբելյանը` լինելով «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը, կարող է դուրս գալ խմբակցությունից, քանի որ, ըստ օրենքի, ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնողները խմբակցությունից դուրս գալու դեպքում չեն կորցնում մանդատը, բայց դա, թերևս, չի անում, որպեսզի Արզումանյանին մենակ չթողնի, և հարց չառաջանա, թե ինչու է Քոքոբելյանը դուրս գալիս խմբակցությունից, իսկ Արզումանյանը` մնում:
Այս իրադարձություններից հետո առաջացող հաջորդ հարցը վերաբերում է «Ժառանգության» ունեցած խորհրդարանական պաշտոնների բաժանմանը: Օրինակ, նույն Ալեքսանդր Արզումանյանը «Ժառանգություն» խմբակցության քվոտայով ընտրվել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ: Հիմա, երբ նա չի ներկայացնում «Ժառանգությունը»` արդյո՞ք պետք է հրաժարական տա հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից, կամ արդյո՞ք խմբակցությունը նրան հետ կկանչի:
Ռուբեն Հակոբյանն ասում է, որ իրենք Արզումանյանի հետ խնդիր չունեն, այսինքն` հազիվ թե նման հարց դրվի: Արզումանյանն էլ ասում է, որ դրանք քննարկելի հարցեր են: Սա խնդրի արտաքին կողմն է: Փաստենք միայն, որ թե բիզնեսում, թե քաղաքականության մեջ հայերին հակացուցված է որևէ կոլեկտիվ գործ կամ նախաձեռնություն:
«Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» պատմությունն առաջինը չէ և ոչ էլ վերջինը կլինի հայ իրականության մեջ: Օրինակ, Հմայակ Հովհաննիսյանն «Ազգային Միաբանություն» կուսակցության համամասնական ցուցակով դարձավ պատգամավոր, բայց իր պատգամավորության շրջանում ԱՄ ամենամեծ քնննադատն էր:
Մեր աչքի առաջ կործանվեցին «Արդարություն» և «Միասնություն» դաշինքները, որի անդամները շատ դեպքերում իրար ավելի շատ էին քննադատում և իրար նկատմամբ ավելի խորը թշնամություն ունեին, քան նույնիսկ իշխանության ներկայացուցիչների հետ, չնայած ֆորմալ առումով պայքարում էին իշխանության դեմ:
Այս վտանգը չի սպառնում միայն իշխանություն ունեցող կուսակցություններին, քանի որ այս դեպքում կա միավորման վեհ նպատակ. գժտվողը կորցնում է այնպիսի հնարավորություն, ինչպիսին իշխանության կերակրատաշտից օգտվելն է: Այնպես որ, «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» հետ տեղի ունեցածը պարզ և բազմիցս կրկնված, խիստ հայկական պատմություն է, որից ապահովագրվելու միակ ձևը նման կոլեկտիվ գործերից հեռու մնալն է:
«Ժառանգությունը» և «Ազատ դեմոկրատները» մտածել էին նման հեռանկարից ապահովագրվելու այլ տարբերակ` ընտրություններից առաջ ստորագրելով «Ուխտ նոր Հայաստանի» անվանումով մի փաստաթուղթ, որով Րաֆֆի Հովհաննիսյանին ճանաչել էին իրենց համար ընդօրինակման արժանի անձնատիպար, ում խոսքն իրենց համար պետք է լիներ անքննելի, իսկ կամքի իրագործումը` պարտադիր:
Բայց ինչպես տեսանք, նույնիսկ ուխտը մեր իրականության մեջ քննություն չբռնեց, և նրա վախճանը նույնքան անփառունակ եղավ, որքան որ անհեթեթ էր ծնունդը: