Հ1-ը` բիզնես նախագիծ
Երեկ ԱԺ-ում ներկայացվեցին Հանրային հեռուստառադիոընկերության 2010-2011թթ. հաշվետվությունները, որից, կարծես, բացառապես գոհ էր միայն Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Վերջինիս խոսքերից կարելի էր եզրակացնել, թե ՀՀԸ-ն ինչպիսի ազգանպաստ գործ է կատարում մեր երկրում` ի դեմս սերիալների, ինչը, սակայն, մեր հասարակությունը դեռ չի «հասկանում»: Մինչև այն պահը, երբ հարակից զեկույցով հանդես եկավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուբեն Հակոբյանը, ով պետք է ներկայացներ հանձնաժողովի դիրքորոշումը:
Պատգամավորի խոսքով` իրատեսորեն նայելու դեպքում հասկանալի է դառնում, որ ՀՀԸ-ը հասարակությանն ավելի շատ ներկայանում է` որպես բիզնես-նախագիծ:
«Իսկապես, սերիալախեղդ է եղել մեր հեռուստատեսությունը, և երբ ասում են` դիտում են դրանք, ապա լավ օրից չի, որ դիտում են, որովհետև ուրիշ բան չեն առաջարկում: Զրո գեղագիտական ճաշակ, անհասկանալի սյուժեներ, որոնք ուղղակի այդ պահին մարդկանց պահում են ուշադրության կենտրոնում, հետո վերանում են, ոչ մի բան չի փոխվում մարդկանց մոտ: Չեմ խոսում այն մասին, որ մեր լեզուն անպաշտպան է դարձել եթերում:
Պաշտպանված չէ հայոց լեզուն սլենգներից, բարբառներից, և չկա որևէ չափանիշ, որ պետք է ասել, թե այս նշաձողը պետք է պահվի: Ի վերջո, անտերության է մատնված այսօրվա հեռուստաեթերը»,- ասաց Ռ. Հակոբյանը` նշելով, որ եթերում ցուցադրվող հերոսները հակահերոսներ են, և, որ երբեմն իշխանության շահերը հակասում են պետության շահերին: Ռ. Հակոբյանը հարակից զեկույցը ներկայացնելու վերջում նշեց, որ ի գիտություն են ընդունում Ա. Հարությունյանի ներկայացրած հաղորդումը: Ի պատասխան Ռ. Հակոբյանի` ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց. «Ստացվում է ճնշում մյուս ելույթ ունեցողների համար, և եթե իմ փորձը չլիներ, կմտածեի, թե այս հանձնաժողովի ներսում մի եքա պատերազմ է տեղի ունեցել, և հիմա այդ պատերազմի արդյունքները ներկայացնում ենք հասարակությանը, առավել ևս, փորձում ենք այս խմբակցությանը, այն խմբակցությանը վերագրումներ անել, նաև գալ-հասնել նրան, թե ինչո՞ւ` ընդդիմությանը` քիչ, մյուսներին` շատ:
Գոնե ՀՀԸ-ից մենք անընդհատ բողոքում ենք, ասում ենք հետևյալը` էն, ինչ որ հասարակությանը ներկայացնում եք ընդդիմության համար, դրա կեսի կեսը գոնե մեզ էլ տրամադրեք, մի երկու բառ էլ մենք ենք ասում` ինչի՞ երբևիցե չի արտահայտվում դա, այնպես որ` խառնել սեփական կարծիքը հանձնաժողովի տեսակետի հետ` դա կանոնակարգի խիստ խախտում եմ համարում:
Վերջը հանձնաժողովի տեսակետը տենց չոր ու ցամաք գրված է` ի գիտությո՛ւն ենք համարում»: Իսկ Ռ. Հակոբյանն էլ նշեց. «Դա անփորձության արդյունք չէ, ուղղակի իմ փորձն այն է, որ գիտեմ, թե ի՞նչ է նշանակում` հարակից զեկուցող: Այստեղ ընդունված է ավանդույթ, որ, եթե ասվում է, գովաբանվում է, գնահատական է տրվում, հարակից զեկուցողը պետք է ասի` շատ հրաշալի է և ամեն ինչ նորմալ է: Եթե դուք ուզում եք մի քիչ ուսումնասիրել պառլամենտարիզմի պատմությունը, կտեսնեք, որ հարակից զեկուցողն ասում է այն, ինչ չի ասում հիմնական զեկուցողը»:
Ալեքսան Հարությունյանը` ՀՀԸ-ի մասին
Քննարկումից հետո մենք որոշ հարցեր ուղղեցինք Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին: Մեր հարցին, թե ինչո՞ւ ՀՀԸ-ում չկա այլընտրանք, և, ինչպես նշեցին ընդդիմադիր պատգամավորները, տարվում է հիմնականում իշխանամետ քաղաքականություն, Ա. Հարությունյանը պատասխանեց. «Մենք պետք է միշտ հաշվի առնենք, որ ամեն մարդ իրավունք ունի իր կարծիքն ունենալ, իսկ կոնկրետ Հանրային հեռուստատեսության մասով նույնիսկ այստեղ ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ էականորեն և շահեկանորեն տարբերվում է, որ հակառակը` հենց վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ շատ հավասարակշռված է լուսաբանում, և բոլորը հավասար հնարավորություն են ունեցել: Դա «Ժառանգության» ներկայացուցիչն ասաց, և նաև միջազգային դիտորդների գնահատականներում նշված է, որ այս տարի ՀՀԸ-ն բացառիկ լավ կատարեց իր գործառույթը, իսկ ելույթ, որ այդպես չէ կամ այնպես չէ` դրանք կարծիքներ են»: Իսկ հարցին, թե ինչո՞ւ է Հ1-ում կրթադաստիարակչական, ինտելեկտուալ հաղորդումների ճգնաժամ նկատվում, փոխարենը` շատ են սերիալներն ու գովազդները, Ա. Հարությունյանը պատասխանեց. «ՀՀԸ-ն երեք ալիք ունի: Միշտ խոսում են ՀՀԸ-ի Առաջին ալիքի մասին` մոռանալով, որ կա «Շողակաթ» ալիքը, արբանյակի մասին չեմ խոսում, Դուք դա չեք դիտում: Ի՞նչ իմաստ ունի երկու «Շողակաթ» պահել: «Շողակաթ» ալիքը շատ լավ ալիք է` փոքր լսարանով. բնական է` այդպես պետք է լինի: Հիմա ինչո՞ւ պետությունը պետք է փող տա և պահի երկու կրթադաստիարակչական ալիք: Այդ նույն դեպուտատները, որ վաղը-մյուս օրն ընտրություն լինի, կուզենա՞ն, որ իրենց քաղաքական գովազդը հեռարձակվի «Շողակաթով»` չէ, չէ՞: Այնպես չէ, որ բոլոր երկրներում ՀՀԸ-ն նույն դիրքերն ունի, ինչպես Հայաստանում: Վրաստանում ՀՀԸ-ն 6-րդ, 7-րդ լսարանն ունի, Ուկրաինայում ընդհանրապես չկա առաջին տասնյակում: Ամբողջ արևելյան Եվրոպայում ՀՀԸ-ները շատ թույլ են: Քննադատել և ասել թերությունները պետք է, բայց կարելի է ասել, որ ՀՀԸ-ն միակ ՀՀԸ-ն է ամբողջ արևելյան Եվրոպայի և նախկին հեռուստատեսության տարածքում, որ մեծ լսարան ունի, և որտեղ ընդդիմադիրներն ընտրություններին ձգտում են առաջին հերթին այդ ալիքով ելույթ ունենալ»: Իսկ մեր դիտարկմանը, թե ինքը նկատե՞լ է այն, որ այսօր ՀՀ քաղաքացին իրեն չի տեսնում ՀՀԸ-ի եթերում, Ա. Հարությունյանը պատասխանեց, թե շատ հաղորդումներ կան, որտեղ քաղաքացին իրեն տեսնում է` սկսած թոք-շոուներից` մինչև լրատվական հաղորդումներ: Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք դիտում է Հ1-ով հեռարձակվող սերիալները, Ալ. Հարությունյանը պատասխանեց. «Սերիալները, եթե ժամանակ լինում է` նայում եմ, որովհետև դա իմ պարտականությունների մեջ էլ է մտնում` հետևել: Կոնկրետ մեր եթերում այսօր երկու սերիալ է հեռարձակվում` մեկը նոր է սկսել, պայմանական ասած` Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանի» մերօրյա ներկայացումն է, մյուսը` «Գեներալի աղջիկը», որը Պաշտպանության նախարարության աջակցությամբ ենք նկարում: Խոսքը, իհարկե, ֆինանսականի մասին չէ, այլ ռեսուրսների, հանդիպումների, զորամասերի կազմակերպման: Ես բավական մոտ եմ կանգնած մեր բանակին, մեր սպայական կազմին, և իմ ամբողջ, եթե կարելի է այդպես ասել` ազգուտակի 80%-ը սպաներ են, և ես գիտեմ, թե ինչ մեծ ընդունելություն ունի դա: Եվ հենց իրենց խնդրանքով, որ սեպտեմբերի 21-ին նախատեսվում էր ավարտել սերիալը, այդ ստեղծագործական խմբին խնդրեցինք, որ ավարտեն հունվարի 28-ին, որովհետև իրենց կարծիքով` հայ սպայի և հայ բանակի մասին այս վերջին տարիներին ինչ աղբ, կեղտ ասես թափել են, և պետք է երևա նաև հայ սպայի, բանակի դրական կերպարը, որպեսզի երեխաներին չթվա, թե բանակ գնալը սարսափելի բան է, ինչքան ասում են թերթերում»:
Իսկ ինչ վերաբերում է գալիք նախագահական ընտրություններին` ՀՀԸ-ում արդեն որոշե՞լ են քարոզչության եթերաժամանակը և րոպեավճարը, Ա. Հարությունյանը նշեց, որ այդ կարգը սահմանում է ԿԸՀ-ն, և, որ փետրվարի սկզբին իր ղեկավարման ժամկետն ավարտված կլինի, բայց կարծում է, որ ՀՀԸ-ն «պատվով կբռնի այն քննությունը, ինչպես այս տարվա ԱԺ ընտրություններին»:
ՄԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ