Մանկատան աշխատակիցները ստրուկնե՞ր են
Հայաստանյան իրավական դաշտում պարադոքսալ երևույթ կա. ՀՀ քաղաքացու իրավունքն ամրագրված է Սահմանադրության մեջ և օրենսդրական դաշտով, մինչդեռ նույնիսկ օրենքի և իրավական դաշտի հղումն անկարող է քաղաքացուն պաշտպանել ոտնձգություններից:
Երեկ փաստաթղթերի հսկայական փաթեթով խմբագրություն էր եկել քաղաքացի Ալեչկա Նարեկացյանը, ով տարիներ շարունակ պայքարում է իր դստեր՝ Նունե Սավզյանի իրավունքների համար, սակայն 2009-ից դատարանում գտնվող գործը բումերանգի պես պտտվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից` ՀՀ Վերաքննիչ դատարան, և` հակառակը: Բանն այն է, որ Ն. Սավզյանը 1999-ից մինչև 2010թ. աշխատել է նախկին` «Հատուկ տիպի», այժմ` Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը` որպես դաստիարակչուհի: Խնդիրն այն է, որ սկսած1999-ից, նա, ինչպես նաև մանկատան մյուս աշխատակիցներն, աշխատել են երկու օրը մեկ, երկու հերթափոխով, ինչպես նաև՝ աշխատել են կիրակի և տոն օրերին, առանց լրացուցիչ հանգստի վճարման՝ վարձատրվելով միայն մեկ դրույքաչափով:
«Այնպես ստացվեց, որ 2005թ. շատ պատահաբար նկատեցի, որ աղջիկս մեկ օր աշխատել, մեկ օր հանգստացել է և այդ մեկ աշխատած օրն աշխատել է երկու հերթափոխով: Այսինքն` նշանակում է՝ մեկ օրում, եթե երկու օրվա փոխարեն են աշխատել, և ամիսն ունեցել է 15 աշխատանքային օր՝ կրկնակի հերթափոխով: Ստացվում է, որ մարդն ամսվա բոլոր օրացույցային օրերն աշխատել է: Փաստորեն, ամիսը 4-5 կիրակի է ունենում և գումարած դրան՝ տոնական օրեր են լինում, բայց եթե դա վերածենք մեկ հերթափոխային աշխատանքի, ուրեմն՝ աղջիկս բոլոր այդ օրերին աշխատել է: 2003թ. աշխատանքային կնքված պայմանագիր կար, որտեղ գրված էր՝ շաբաթական 42-ժամյա աշխատանքային շաբաթ:
Աշխատանքային նախկին և ներկայիս օրենսգրքում 42-ժամյա շաբաթական աշխատանքային ժամ ոչ մի բնագավառի աշխատանքի համար նախատեսված չէ, հատկապես մանկավարժների, բժիշկների և այլն»,- պատմում է Ա. Նարեկացյանը՝ հավելելով, որ Ն. Սավզյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրային կետերը ոչ մի կերպ չէին համապատասխանում Աշխատանքային օրենսգրքի դրույթներին: Դրանից բացի, պայմանագիրը թերի է եղել, աշխատավարձի մասին տեղեկատվությունն առհասարակ բացակայել է:
Ըստ գործող աշխատանքային օրենսդրության՝ նման հիմնարկներում սահմանված է 30-ժամյա աշխատանքային շաբաթ, մինչդեռ այդ հաստատության փաստաթղթերում (1999-2002թ.) չի երևում, թե իրականում Ն. Սավզյանը քանի՞ ժամ է աշխատել: Ինչևէ, Ա. Նարեկացյանը դստերը խորհուրդ է տվել տնօրինությանը տեղյակ պահել նման պայմանագրի առկայությունից բխող հետևանքների մասին. «Ես խորհրդի կարգով ասացի, որ եթե առաջիկայում ստուգումներ կատարեն, նման պայմանագրի համար կարող են իրենց տույժ ու տուգանքի ենթարկել: Որևէ հետին միտք չեմ ունեցել, մանավանդ, որ չեմ հասկացել, թե դրա տակ ինչեր կան թաքնված»: Ն. Սավզյանի աշխատանքային պայմանագրի վերաբերյալ նկատառումը տնօրինությունը փորձել է «լղոզել», սակայն, միևնույն ժամանակ, հասկացել է, որ վերջինս կոնկրետ ապօրինություն է մատնանշում:
Բնականաբար, Մ. Իզմիրլյանի անվան մանկատանն աղմուկ է բարձրացել, հատկապես, երբ աշխատակիցներից ոմանք ևս հասկացել են, որ իրենց հավելյալ աշխատեցնում են` առանց վարձատրության, իսկ ոմանք էլ՝ տնօրինության հետ խնդիրներ չունենալու և աշխատանքը չկորցնելու պատրվակով` ուղղակի չեզոք դիրք են գրավել: Պայմանագրի կետերը խախտելու վերաբերյալ Ն. Սավզյանի բարձրացրած հարցից հետո` մանկատան տնօրինությունը 2005-ից սկսել է աշխատած կիրակի օրերի համար աշխատակիցներին վճարել, իսկ հետագայում անցել են մեկօրյա հերթափոխային աշխատանքի:
Մինչդեռ շարունակել են աշխատել տոնական օրերին` մինչև 2010թ. սեպտեմբերի 21-ը: «Մանկատան տնօրենը Գրետա Հայրապետյանն էր, որ շատ լավ կին էր և, հանդիպելով իրեն, ես բացատրեցի Աշխատանքային օրենսդրության պահանջների և պայմանագրի կետերի հակասությունների մասին: Միասին գնացինք նախարարություն, որոշակի պարզաբանումներ ստացանք, և ես հանգստացա, որ այդ խնդրից հետո աղջկաս դեմ լարվածություն չի լինի: 2006թ. մայիս ամսին պաշտոնափոխություն եղավ, և Գ. Հայրապետյանի հարսը՝ Հասմիկ Մկրտչյանը, դարձավ մանկատան տնօրեն, իսկ Գ. Հայրապետյանը՝ փոխտնօրեն: Որոշ ժամանակ անց աղջկաս հետ վեցամսյա ժամկետով պայմանագիր կնքեց, այնուհետև աշխատանքից ազատեց:
Այսինքն՝ իրեն պետք չէր այն մասնագետը, ով հանդգնում է իր իրավունքները պաշտպանել»,- պատմում է Ա. Նարեկացյանն, ով աշխատանքային պայմանագրի խախտված կետերի վերաբերյալ նամակներ էր գրել ՀՀ նախագահին, ԱԺ փոխնախագահին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին, որոնք, սակայն, վերահասցեագրվել էին Սոցապ նախարարություն և Աշխատանքի պետական տեսչություն: Սոցապ նախարարը մասնագետներին հանձնարարել էր Մ. Իզմիրլյանի անվան մանկատանը ստուգում կատարել: Այնուհետև ի պատասխան Ա. Նարեկացյանի դիմումների` Աշխատանքի պետական տեսչությունը տեղեկացրել է, որ «1999-2002թթ. չի վճարվել տոնական օրերի աշխատավարձը, ընդ որում՝ վճարվել է միայն մեկ դրույքով, այն դեպքում, երբ պետք է վճարվեր կրկնակի դրույքի աշխատավարձը»:
«Մի խոսքով՝ Աշխատանքի տեսչությունը մատնանշել էր մի շարք օրենքներ, որոնք ոչ մի կապ չունեին արծարծված խնդրի հետ: Քանի որ իրենք չէին կարողանում հիմնավորել իրենց հաշվարկները` ես որոշեցի պայքարել և հասնել արդարության, մանավանդ` ի պատասխան այնպիսի անգրագետ, փնթի հաշվարկներ և գրություններ էի ստանում, որ ուղղակի ապշում էի, թե ինչպես կարելի է պետական համակարգից նման անգրագետ գրություններ ստանալ»,- հավաստիացնում է Ա. Նարեկացյանը, ով բավականին շատ փաստաթղթեր է ներկայացրել` յուրաքանչյուր բառը հիմնավորելու համար:
Հասկանալով, որ Սոցապ նախարարությունում չեն ցանկանում մանկատան այդ անօրինական պայմանների «շղթան» բացահայտել և ամեն կերպ փորձում են «թաքցնել» իրականությունը՝ Ա. Նարեկացյանը հետևելով նախարարության պաշտոնյաների խորհրդին` որպես Ն. Սավզյանի լիազոր ներկայացուցիչ, 2009թ. դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:
Հայցվոր Ն. Սավզյանը` դիմելով դատարան, խնդրել է Մ. Իզմիրլյանի անվան մանկատուն պետական ոչ առևտրային կազմակերպությունից հօգուտ իրեն բռնագանձել 1999-2005թթ. աշխատած տոնական և կիրակի օրերի չվճարված աշխատավարձը և 2003-2004թթ. արտաժամյա չվճարված գումարը` 603113 դրամ գումար: Ընդ որում, դատական արձանագրությունների մեջ մատնանշված են թե՛ Կառավարության որոշումներ, թե՛ Աշխատանքային օրենսգրքից դրույթներ և մի շարք օրենքներ, որով հայցվորը հիմնավորում է իր պահանջը: Ավելին՝ աուդիտի հաշվարկներով նույնպես հիմնավորվել է, որ այդ հաստատությունը, մեղմ ասած՝ «քցել» է իր աշխատակիցներին, իսկ այդ հաշվարկները դատարանի համար որոշակի փոփոխություններով ընդունվել են` որպես հիմնավորում:
Այնուամենայնիվ, դատարանը հայցը բավարարել է մասնակի. «Պատասխանող Մ. Իզմիրլյանի անվան մանկատուն ՊՈԱԿ-ից հօգուտ հայցվոր Նունե Սավզյանի բռնագանձել 895.489 դրամ՝ որպես 2003թ. հունվար ամսից մինչև 2009թ. փետրվար ամիսը հանգստյան, տոնական օրերի և արտաժամյա աշխատանքի չվճարված աշխատավարձի գումար»:
Այնուհետև Մ. Իզմիրլյանի անվան մանկատուն ՊՈԱԿ-ը վճիռը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում, որի ընթացքում Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բեկանվել և կրկին ուղարկվել է նույն դատարան: 2009-ից դատական ատյաններում գտնվող այս գործը կրկին ընդհանուր իրավասության դատարանում հօգուտ Ն. Սավզյանի է ավարտվել, սակայն մանկատան վերաքննիչ բողոքից հետո այն կրկին ուղարկվել է Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների իրավասության դատարան, որտեղ հոկտեմբերի 25-ին կրկին նիստ է նշանակված:
Մենք, անշուշտ, կմասնակցենք դատական նիստին և առաջիկայում կփորձենք կրկին անդրադառնալ այս խնդրին, մանավանդ, որ Ա. Նարեկացյանի ներկայացրած փաստաթղթերը խորը ուսումնասիրության կարիք ունեն և լույս են սփռում մի շարք անօրինականությունների վրա: «Հասկանո՞ւմ եք, ես արդարություն եմ ուզում: Այս անօրինականությունները պետք է կանխվեն, ի վերջո, մարդիկ ստրուկ չեն, որ օր ու գիշեր աշխատեն առանց պատշաճ վարձատրության: Ես պահանջում եմ մեր իրավունքը և բոլոր ապացույցներն ու հիմքերն ունեմ այդ անօրինականությունը հաստատելու համար:
Դատավարության ընթացքը շատ է ձգձգվում, ես չգիտեմ, թե ժամանակ շահելով` ինչի են ուզում հասնել, բայց չի կարելի մարդկանց տարիներ շարունակ դատարաններ քարշ տալ: Ես կարող եմ այդ գումարը ստանալուց հետո այն որևէ մեկին բարեգործություն անել, չնայած, որ դրա կարիքը շատ ունեմ, բայց սկզբունքորեն պայքարում եմ մեր իրավունքի համար:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում շղթա է գործում, որոնք չեն ցանկանում մանկատներում անօրինականությունները բացահայտել, բայց այսպես չի կարող երկար շարունակվել: Թող ստուգումներ անցկացնեն և հասկանան, թե ինչ է կատարվում»,- հայտարարում է Ա. Նարեկացյանը, ում ներկայացրած փաստաթղթերում բավականին հետաքրքիր բացահայտումներ կան, որոնք կներկայացնենք առաջիկայում: