«Մենք գրեթե համոզված ենք, որ բոլոր հէկ-երի փորձաքննությունները կատարվել են այսպիսի փնթի վիճակում»
Ըստ էության՝ «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագիծն իրականում կապ չունի այն գործողությունների հետ, որոնք հիմա կատարվում են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը:
«Մեծ մասնագետ լինել պետք չէ, որպեսզի երկու փաստաթուղթ կարդալ, համեմատել և հասկանալ՝ ինչպես է կազմվել այդ նախագիծը: Բնապահպանական մասում, օրինակ, գրված է, որ խողովակաշարի երկարությունը լինելու է 2450 մ, իսկ նախագծում գրված է` 2758 մ: Բնապահպանական մասում գրված է, որ արտադրվելու է տարեկան 12,5 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, նախագծում գրված է, որ 19,9 մլն կվտ/ժ էներգիա: Ոչ մեկը չի ասել՝ ինչո՞ւ են թվերը տարբեր: Գրված է, որ աշխատանքներն իրականացնելու համար առկա են բոլոր տրանսպորտային միջոցնեըը: Ցավոք սրտի, մենք արդեն երրորդ անգամ գնացել ենք, այնտեղ ոչ մի ճանապարհ չենք տեսել: Չգիտեմ՝ որտե՞ղ են իրենք տեսել տրանսպորտային ճանապարհները, որովհետև, եթե նախագծողը կամ գոնե բնապահպանության փորձագետը Google Maps-ով նայեր այդ տարածքը, կտեսներ, որ այնտեղ անտառ է, ճանապարհ չկա»,- նշում է Լևոն Գալստյանը` հավելելով, թե կարելի է հանդիպել նման բազմաթիվ անհամապատասխանությունների:
Ըստ նրա՝ նախագիծն ընդհանրապես կապ չունի նշված տարածքի հետ: «Ուղղակի մարդիկ` իմանալով, որ այդ ամեն ինչը հեշտ ու հանգիստ անցնելու է, ինչ-որ բաներ են գրում և ներկայացնում են: Մենք գրեթե համոզված ենք, որ բոլոր հէկ-երի փորձաքննությունները կատարվել են այսպիսի փնթի վիճակում»,- ասաց նա:
Լևոն Գալստյանի փոխանցմամբ` «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ը գտնվում է Իջևանի արգելավայրի տարածքում: «Երկու օր առաջ, երբ գնացինք տեղազննման, մենք ոնց որ ստիպելով այդ տեսուչին տարանք էդ տարածք, որպեսզի ինքը թուղթ ու գրիչ վերցնի ու գրի՝ քանի ծառ ա ինքը տեսնում կտրված»,- ասաց Լևոն Գալստյանը:
Նրա խոսքով` Բնապահպանության նախարարության որոշ աշխատակիցներ, ովքեր ներգրավված են եղել «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ն ուսումնասիրող հանձնաժողովում, նշել են, որ իրենք նախարարից հանձնարարական չունեն, և մինչև հրահանգ չլինի, իրենք չեն կարող ինչ-որ բան անել: