«ՏԷՑ-ի կռուգ»` անտեսված գոտի

«ՏԷՑ-ի կռուգ» կոչվող թաղամասի հարակից բնակելի տարածքին մենք տարիներ շարունակ անդրադարձել ենք: Մասնավորապես` բազմաթիվ հրապարակումներ ենք լուսաբանել նույն տեղանքում գտնվող Արցախի 4-րդ նրբանցքի հանրակացարանային շենքի` խիստ վտանգավոր պայմաններում բնակվող ընտանիքների մասին:

Հիշեցնենք, որ այն 1950-ականներին կառուցված նախկին Գեղարվեստի ուսումնարանի շենքն է, որտեղ տարիներ շարունակ բնակեցվել են անօթևան ընտանիքներ: Հինգ տարի շարունակ մենք ահազանգել ենք վերոնշյալ շենքի խիստ վթարային կարգավիճակի մասին, որտեղ տարեցտարի պատեր ու տանիքներ են փլուզվում, և չի բացառվում, որ մի օր էլ շենքն ամբողջովին փուլ գա:

Եկող-գնացող քաղաքապետերն ու Շենգավիթի թաղապետերը` բազմիցս այդ տարածքում ուսումնասիրություններ կատարելով, հաստատել են, որ, մասնավորապես, թիվ 5-րդ շենքի 38-40 ընտանիքների կյանքը վտանգի տակ է: Հաստատելուց բացի` պետական պաշտոնյաներն ամեն տարի տեղում բնակվող քաղաքացիներին խոստանում են վերաբնակեցնել, սակայն այդ խոստումն առայսօր մնում է «օդից կախված»: Արդեն քանի օր է` կրկին մեզ է դիմում նույն շենքի բնակչուհի, երեք երեխաների մայր Կարինե Հակոբյանը՝ դարձյալ ահազանգելով իրենց խնդրի մասին:

Իսկապես Արցախի 4-րդ նրբանցքի 5-րդ շենքն աստիճանաբար կորցնում է ոչ միայն ամրությունը, այլև տեղի բնակիչներն ապրում են խիստ վտանգավոր միջավայրում: Բնակելի այդ շենքի ինչպես` տանիքը, այնպես էլ` երկու հարկերի որոշ հատվածներ փլվել են: Գրեթե ամեն օր շենքի պատերից հսկայական քարեր են գլորվում ներքև, իսկ բակում մշտապես մանկահասակ երեխաներ են խաղում: «Արդեն տասը տարի է` Շենգավիթի թաղապետի միջնորդությամբ մեր ընտանիքն այստեղ է բնակվում: 2008-2009թթ. շենքի տանիքից սկսեց քարեր գլորվել: Թաղապետարանից ներկայացուցիչներ եկան, սկսեցին ուսումնասիրություններ կատարել, այնուհետև` նաև Փրկարար ծառայության, անվտանգության աշխատակիցներ այցելեցին, մի խոսքով՝ մեծ աղմուկ բարձրացավ:

Տարատեսակ գրություններ, արձանագրություններ կազմեցին, համաձայն որոնց՝ շենքի վթարայնությունը 4-րդ կարգի է, բնակիչների կյանքը վտանգի տակ է, հետևաբար` անհրաժեշտ է նրանց վերաբնակեցնել»,- պատմում է Կ. Հակոբյանը՝ հավելելով, որ ինչպես` Շենգավիթի, այնպես էլ՝ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները բնակիչներին իրազեկել են, որ տեղում բնակվելը խիստ վտանգավոր է: 38-40 ընտանիքներին բանավոր կերպով առաջարկել են որևէ այլ թաղամասում բնակարաններ վարձակալել և բնակվել՝ խոստանալով, որ վարձավճարի հարցը կհոգա համայնքային կամ քաղաքային իշխանությունը: Մինչդեռ որոշ ժամանակ անց այդ խոստումը ևս մոռացել են, իսկ սոցիալապես անապահով այդ ընտանիքները, չունենալով այլընտրանք, շարունակել են նույն շենքում բնակվել:

Ի դեպ, Արտակարգ իրավիճակների ծառայության համապատասխան մասնագետներն այդ շենքում ուսումնասիրություն կատարելուց հետո իրենց եզրակացությամբ հաստատել են, որ շենքը 4-րդ կարգի վթարային է, որտեղ մարդկանց կյանքի անվտանգության մասին խոսելն ավելորդ է:

«Նախկին թաղապետ Մարտին Սարգսյանն անձրևանոցով մտավ մեր տուն, քանի որ տանիքի փլուզման հետևանքով անձրևն ուղիղ գլխին էր թափվում: Ամբողջ հատակն ու պատերը թաց էին: 2009թ. մեզ ասացին՝ մեկ ամսվա ընթացքում ձեզ բնակարանով կապահովենք: Եկան հեռուստաընկերություններից, նկարահանեցին, թաղապետն ու քաղաքապետը ցուցադրական խոստումներ տվեցին, բայցգ»:

Բայց` թեև քաղաքային իշխանություններն ի լուր աշխարհի հայտարարեցին, թե վթարային այդ շենքը քանդման ենթակա է, և բնակիչներին պետք է վերաբնակեցնեն նորակառույց շենքերում, այդուհանդերձ, երեք տարի անց էլ այդ մարդիկ շարունակում են բնակվել կիսափուլ շենքում:

Ի դեպ, քաղաքային իշխանությունները ևս մեկ խոստում տվեցին 2010թ.` հավաստիացնելով, թե Արցախի 4-րդ նրբանցքի 5-րդ վթարային շենքի բնակիչներին բնակարանով կապահովեն Քանաքեռի այն նորակառույց շենքում, որտեղ բնակեցրել էին նաև Աերացիայի վթարային հանրակացարանի բնակիչներին: «Մեզ ուղարկեցին Կադաստրային մարմիններ, որտեղ հաշվառման գործողություններ էին կատարում, թղթաբանություն էին կազմում: Մի խոսքով` մեզ հավաստիացնում էին, որ մեկ ամսվա մեջ մեր բնակարանների խնդրին լուծում կտան:

Մինչև հիմա նույն կարգավիճակով, վախի մեջ ապրում ենք: Ախր, դիմումներ ենք գրում, գնում ենք թաղապետարան, ասում ենք՝ լավ, ամեն տարի հույսով եք անում: Մեզ փայտ ա պետք, ձմռանը նախապատրաստվել ա պետք, մենք գիտենք` գնում ենք, չենք ուզում ավելորդ ծախս անել, բայց խորը աշնանն ընկնում, փողոցներից ցախ ենք հավաքում, որ էս խոնավ ու թաց պայմաններին դիմադրենք: Մենք ընտանիքով բոլորս հիվանդ ենք: Էստեղ անգամ կենդանիները չէին կարող գոյատևել, բայց մենք ապրում ենք»,- իրավացիորեն դժգոհում է Կ. Հակոբյանը՝ մատնանշելով ևս մեկ գրություն, համաձայն որի՝ նման մի խոստում էլ տրվել է 2011թ.:

Հատկացվել էր 1 մլրդ դրամ և դեռ պիտի հատկացվեր

ՀՀ կառավարության 2009թ. փետրվարի  5-ի նիստում հաստատվել է Երևանի քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացնելու կարգը: Դրան հաջորդել էր Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի հայտարարությունը, համաձայն որի՝ Երևանի համայնքների ենթակայության երեք հանրակացարաններ կան՝ Աերացիայի 7, Սիսակյան 3 և Արցախի
4-րդ նրբանցքի հ. 10 հասցեներում, որոնք 4-րդ կարգի վթարայնության են, և անհրաժեշտություն է առաջացել՝ այդ հանրակացարանների փոխարեն նոր շենքեր կառուցել և վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնել:

«Ընդունված կարգի համաձայն՝ բնակարաններով կապահովվեն հանրակացարանային բնակելի շենքերի կացարանների սեփականատերերը, այնտեղ փաստացի բնակվող և ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության կողմից հաշվառված փախստականները, կացարանի համար ձևակերպված օրդերներով, Երևանի թաղային համայնքների ղեկավարների որոշումներով վարձակալ ճանաչված և փաստացի բնակվող բնակիչները, նաև՝ մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը հանրակացարանային շենքում անձնագրային հաշվառումով կամ առանց հաշվառման փաստացի բնակվող այն բնակիչները, ովքեր բնակարանի հատկացման պահին ՀՀ տարածքում չունեն բնակելի տուն, բնակարան կամ բնակելի տարածք, և իրենք կամ իրենց հետ համատեղ բնակվող անձինք վերջին 5 տարում ՀՀ-ում չեն օտարել բնակելի տուն, բնակարան կամ այլ բնակելի տարածք»,- նշել էր Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Ե. Զախարյանը՝ նաև սահմանելով, որ բնակարանների հատկացումը կիրականացվի նախկինում զբաղեցրած սենյակների թվին համապատասխան:

Այնուհետև Ե. Զախարյանը նաև ընդգծել էր, որ նշված 3 հանրակացարանային շենքերի բնակիչներին նոր բնակարաններ հատկացնելու համար անհրաժեշտ կլինի կառուցել 5-6 բազմաբնակարան շենք, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կկազմի մոտավորապես 800 մլն դրամ, և նշել էր, որ Կառավարության հաստատած ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2009-2011թթ.:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն ինտենսիվ տեղեկություններ էր հաղորդում մամուլին այն մասին, որ «Երևանի քաղաքապետարանի և Քաղաքաշինության նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ Արցախի 4-րդ նրբանցքում տեղակայված հանրակացարանային շենքը 4-րդ կարգի վթարային և քանդման ենթակա է: Որպես սոցիալական կարևորագույն խնդիր, Երևանի ավագանու որոշմամբ երեք հասցեների հանրակացարանների բնակիչների վերաբնակեցման խնդիրն ամբողջությամբ լուծելու համար 2011թ. բյուջեով նախատեսվել է հատկացնել 1 մլրդ դրամ, իսկ անհրաժեշտ գումարների մնացած մասը հատկացնել Երևան քաղաքի 2012թ. բյուջեից»:

«Ի վերջո, այստեղ մարդիկ են ապրում, ոչ թե՝ կենդանիներ»

Այսպիսով, երեք տարի շարունակ տրված բանավոր և գրավոր խոստումներն առայժմ մնում են անկատար, ինչի հետևանքով Արցախի 4-րդ նրբանցքի հանրակացարանային շենքի բնակիչները շարունակում են ապրել կյանքին վտանգ սպառնացող այն շինության մեջ, որի պատերն օրեցօր փլուզվում են:

Կ. Հակոբյանն իշխանություններին կոչ է անում շենքում բնակվող 38 ընտանիքներին որևէ ստույգ խոսք ասել` կա՛մ վերաբնակեցնելու, կա՛մ իրենց խնդրի մասին այդպես էլ լուծում չգտնելու վերաբերյալ. «Հասկանո՞ւմ եք, չի կարելի անընդհատ խոստում տալ ու մարդկանց սպասեցնել, այն էլ` նման վտանգավոր պայմաններում: Եթե մեզ չեն տեղահանելու, նոր բնակարաններ չեն հատկացնելու, թող ասեն, գոնե մենք մեր ուժերով մի փոքր ամրացնենք` ապրենք:

Այլևս հնարավոր չէ, շուտով ձմեռ է գալու, որի ընթացքում տանիքից անձրևն ու ձյունը թափվում է ուղիղ գլխներիս: Արդեն հասկանում ենք, որ 2008-ից տրված խոստումները փուչ էին, և երբեք էլ մեզ բնակարանով չեն ապահովի: Թող գոնե սեփականաշնորհման իրավունքով էս սենյակները մեզ տան, մենք մեր ուժերով բարեկարգենք` ապրենք: Եթե չեն տեղահանում, կարող են գոնե ամրացման աշխատանքներ կատարել և հանձնել բնակիչներին: Հակառակ դեպքում` այլևս չենք կարողանում գոյատևել, հիվանդանում, հազար ու մի ծանր խնդիրների ենք բախվում:

Մեր ընտանիքում երեք հաշմանդամ մարդ կա, որոնց առողջական վիճակը գնալով ավելի է վատանում էս խոնավ ու թաց պայմաններից: Ի վերջո, այստեղ մարդիկ են ապրում, ոչ թե` կենդանիներ»:

Տեսանյութեր

Լրահոս