««Հարսնաքարի» դեպքը ցույց տվեց, որ օլիգարխներին այլևս չեն ներում». Ռ. Կիրակոսյան
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ քաղաքացիական հասարակությունը միանշանակ կարող է քաղաքական կյանքում փոփոխություններ մտցնել:
galatv.am-ի հետ զրույցում քաղաքագետը նշե է, որ դրա վառ օրինակը ՀՀԿ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, որի հետևանքով մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, պատգամավորական մանդատից հրաժարվելն էր:
«Քաղաքացիական հասարակությունը արդեն իսկ հաշվետու է դարձնում պետական մարմիններին և դրա վառ օրինակն է պարոն Հայրապետյանի հրաժարականը` կապված իր ռեստորանում տեղի ունեցած իրադարձության հետ: Այլ կերպ ասած` այս դժբախտությունը ցույց տվեց, որ իշխանության ուժի գոռոզությունը, որ ունեն օլիգարխները, այլևս չի կարող ներվել և չի կարող նրանց թողնել բեմում»,- ընդգծել է Կիրակոսյանը:
Նրա կարծիքով, քաղաքացիական նախաձեռնությունների դերը ժողովրդավար երկրի կառուցման գործում շատ մեծ է, եւ շատ կարևոր է, որ Հայաստանի նման երկրում ոչ պետական մարմինները փորձում են օժանդակել ժողովրդավարության կայացմանը: Ըստ նրա` Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությունը շատ ավելի արդյունավետ է, քան Հայաստանի նման այլ պետություններում, օրինակ՝ Ադրբեջանում:
«Հետաքրքրական է, որ 2008թ. հետընտրական ճգնաժամից և մարտի մեկից հետո քաղաքացիական հասարկությունը Հայաստանում ավելի մեծ դեր է կատարում: Այլ կերպ ասած` մենք ակտիվ գործունեություն ենք տեսնում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ` բնապահպանությունը, քաղաքաշինական կառուցապատումը, օտար լեզուների դպրոցները և բանակում տիրող իրավիճակը»,- ասոլ է Ռիչարդ Կիրակոսյանը:
Քաղաքացիական հասարակությունը քաղաքագետի կարծիքով նպաստում է երկու կարևոր գործոնների առաջացմանը: Առաջին` ակտիվ քաղաքացիական հասարակության շնորհիվ ձևավորվում է ավելի տեղեկացված ընտրող և քաղաքացի: Եվ երկրոդ` ուժեղ քաղաքացիական հասարակությունը ցանկացած կառավարությանը ապացուցում է, որ վտանգավոր է անտեսել հասարակության` փոփոխության հասնելու պահանջները:
Ըստ նրա երկրորդ դեպքը շատ ակնհայտ էր Վրաստանում, որից պետք է դաս քաղել: