Կանադայում բիոչիպեր են արտադրվում հայ գիտնականների իրականացրած մշակումների հիման վրա
Հայ գիտնականների մշակած համակարգի վրա կանադական մի ընկերություն սկսել է բիոչիպեր արտադրել: Այդ բիոչիպերը բժշկական նշանակություն ունեն, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել ինչպես՝ չարորակ բջիջների ախտորոշում, այնպես էլ` օգնում են կեղծ դեղերի հայտնաբերման գործում:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Արսեն Հախումյանը` նշելով, որ իրենք ներկայում զբաղվում են այդ զգայուն տվիչների մշակմամբ, որոնք հնարավորություն են տալիս տարբերակելու կեղծ դեղն իրականից` չվնասելով հետազոտվող նյութը: Այսինքն` առանց դեղը ջարդելու՝ կարելի է պարզել. կե՞ղծ է այն, թե՞ ոչ:
«Դրանք բավական նոր տեխնոլոգիաներ են: Մենք չունենք տեխնոլոգիա, մենք մշակում ենք էլեկտրադինամիկ համակարգերը, իսկ պատրաստումը կատարվում է Կանադայում: Շատ հետաքրքիր և շատ խոստումնալից արդյունքներ են ստացվել, որոնք համատեղ ներկայում հետազոտում ենք»,- ասաց Ա. Հախումյանը` նշելով, որ իրենք ոչ թե վաճառել են գաղափարը, այլ համատեղ ծրագիր են իրականացնում:
«Մենք ունենք մեր ուժեղ կողմերը` միտքը, իսկ իրենք ունեն իրենց ուժեղ կողմը` տեխնոլոգիան և արտադրություն իրականացնելու հնարավորությունները, ինչո՞ւ չմիավորել այդ ամենը և արդյունքներ չստանալ. մենք հենց այդպես էլ վարվեցինք»,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Հախումյանը:
Նրա խոսքով` տերահերցային բիոչիպերի մշակման ուղղությունն ամենաքիչն է հետազոտվել, և չի հետազոտվել միայն այն պատճառով, որ չկային համապատասխան սարքավորումներ, սակայն վերջին 20 տարում, երբ զարգացավ լազերային տեխնիկան, դրանց կիրառմամբ հնարավոր դարձավ տերահերցային տիրույթի հաճախությունների ուսումնասիրման ուղղությունների հետազոտում իրականացնել:
Ըստ Ա. Հախումյանի` այդ ամենը խիստ կարևոր է կենսաբանական կամ օրգանական նյութերի ճնշող մեծամասնության սպեկտրալ հատկությունները պարզելու համար:
«Այսինքն` հետազոտելով ուսումնասիրվող նյութը, սպեկտրալ հատկությունների տիրույթում կարելի է միարժեքորեն մեծ ճշգրտությամբ որոշել՝ դա հենց այդ նյո՞ւթն է, թե՞ այդ նյութի հետ ինչ-որ բան է կատարվել»,- ասաց Ա. Հախումյանը` ավելացնելով, որ այդկերպ կարելի է իրականացնել բազմաթիվ կարևոր նշանակության հետազոտություններ, եթե, իհարկե, համապատասխան սարքավորումներ լինեն: Մինդեռ, ըստ նրա`Հայաստանում իրենք փորձում են քրտնաջան աշխատանքի միջոցով ինչ-որ կերպ լրացնել առկա բացերը և որոշակի արդյունքներ ստանալ:
ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Արսեն Հախումյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում: