Նոր ՀԴՄ-ներն առայժմ փոքրերի համար բեռ չեն դառնա
Նոր, տեխնիկապես ավելի հագեցած ՀԴՄ-ներ 2013թ. հունվարի 1-ից կտեղադրեն միայն խոշոր գործարարները, ովքեր վճարում են ամսական ԱԱՀ։ Միջին և փոքր ընկերությունները նոր ՀԴՄ-ներին անցում կկատարեն 2014թ.-ի և 2015թ.-ի հունվարի մեկից։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Նշենք, որ ՀՀ Կառավարությունն իր այսօրվա նիստում իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն՝ նախատեսվում է ամսական ԱԱՀ վճարողների կողմից կիրառվող ՀԴՄ-ների համար սահմանել լրացուցիչ տեխնիկական պահանջներ, որոնք համահունչ կլինեն ժամանակակից ՀԴՄ-ների պաշտպանվածությանը և տեխնիկական հնարավորություններին։ Մասնավորապես, ՀԴՄ կիրառողները գնորդներին կկարողանան մատուցել լրացուցիչ ծառայություններ, որոնցից են վճարման անկանխիկ ընդունումը, հաշվարկային փաստաթղթերի, ինչպես նաև՝ ՀԴՄ կտրոնների միջոցով անցկացվող վիճակահանության վերաբերյալ տեղեկության տրամադրումը։
Նոր ՀԴՄ-ները պետք է ունենան չջրվող հիշող սարք՝ նվազագույնը 128 մեգաբայթ ծավալով, լրացուցիչ հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն, SIM քարտի միջոցով 3G և GPRS կապուղիներով ինտերնետին միանալու և տվյալներ փոխանցելու և այլ հնարավորություններ։ Նոր ՀԴՄ-ները կարժենան 180 հազար դրամ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Այս նոր համակարգը ենթադրում է, որ մենք ունենալու ենք միասնական ցանց, օնլայն ռեժիմով կապ Պետական եկամուտների կոմիտեի հետ, միջամտության բացառում, որովհետև չիպերը, որոնք տեղադրվելու են ՀԴՄ-ների մեջ, դրանց կոդերը հասանելի են լինելու միայն ՊԵԿ-ի համար, և դա վերաբերելու է շուրջ 60 հազար տնտեսվարողի։ Դա նշանակում է, որ այս նոր ծառայությունը մատուցելու համար մենք պետք է ունենանք մասնագիտացված կառույց, հակառակ դեպքում ՊԵԿ-ն ի վիճակի չի լինի սպասարկել 60 հազար տնտեսվարող սուբյեկտի»։ Վարչապետը ՊԵԿ ղեկավարին հանձնարարել է հաջորդ նիստին ներկայացնել այդ կառույցի ստեղծման որոշման նախագիծ, կառույց, որին լիազորություն կտրվի սպասարկել ամբողջական ցանցը և լինել դրա պատասխանատուն։
«Համակարգը ենթադրում է, որ քարտերով նույնպես մեր քաղաքացիները պետք է կարողանան վճարում իրականացնել, և այդտեղ մեզ անհրաժեշտ է Կենտրոնական բանկի աջակցությունը, որպեսզի, ինչպես միջազգային, այնպես էլ՝ մեր կողմից թողարկվող քարտերն այդ համակարգի միջոցով, ՀԴՄ-ների միջոցով ունենան վճարման հնարավորություն»։
Քանի որ այս համակարգի ներդրումը ենթադրում է նաև բավական լուրջ տեխնիկական աշխատանք, Տիգրան Սարգսյանը ՊԵԿ-ին, Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարություններին հանձնարարել է ներկայացնել առաջարկություններ, թե պետությունն ինչպես է օժանդակելու փոքր և միջին բիզնեսին, որպեսզի նրանց համար անցումը լինի անցավ և սահուն։ «Մենք որպես պետություն՝ պարտավոր ենք լրացուցիչ ջանքեր գործադրել, որպեսզի այդ ծանրության բեռը նրանց վրա չընկնի»,- շեշտել է վարչապետը։
ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ նոր ՀԴՄ-ները պետք է ունենան ֆիսկալ տվյալների պաշտպանվածության բարձր աստիճան, ժամանակակից կապի միջոցներով ՊԵԿ-ի հետ տեղեկատվության փոխանակում:
Այս պահին տնտեսությունում ՀԴՄ-ների ընդհանուր թիվը մոտ 60 հազար է: ՊԵկ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը տեղեկացրել է, որ նոր ՀԴՄ-ներ 2013թ. հունվարի 1-ից կտեղադրեն միայն խոշոր գործարարները, ովքեր վճարում են ամսական ԱԱՀ։ Ըստ ՊԵԿ ներկայացուցչի, այդ տիպի տնտեսվարողների թիվը 1100 է, և նրանց մոտ տեղադրված են 8400 ՀԴՄ-ներ։ ԱԱՀ-ի եռամսյակային հաշվետվություններ ներկայացնողները դրանք կտեղադրեն 2014 թ. հունվարի 1-ից (գործող օրենսդրությամբ՝ ԱԱՀ ամսական վճարողներ են տարեկան 100 մլն դրամից ավելի հասույթ ունեցողները):
Իսկ մնացած բոլոր տնտեսվարողների, այդ թվում՝ փոքր բիզնեսի համարը այդ պահանջն ուժի մեջ է մտնելու 2015թ. հունվարի 1-ից։