Կառավարությունը հասկանում է, որ առաջնայինը գիտելիքահեն տնտեսությունն է

Հարցազրույց ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ և
երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանի հետ

– Արդեն շուրջ երեք ամիս է` մեկնարկել է երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը: Ի՞նչ է իրականացվել այս ժամանակահատվածում:

– Ծրագիրը մեկնարկել է հուլիս ամսից, ծրագրի ընդհանուր բյուջեն 100 մլն դրամ է, որը բաշխված է չորս հիմնական ուղղություններով: Առաջին ուղղությունը` երիտասարդ գիտնականներին գիտական գործուղման համար տրամադրվող ֆինանսական աջակցությունն է, երկրորդը` երիտասարդական գիտաժողովների և դրանց կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրումն է, երրորդը` տարբեր անվանակարգերում գիտական մրցանակաբաշխության կազմակերպման ֆինանսավորումն է, և չորրորդ ուղղությունը` երիտասարդ գիտնականներին գիտական դրամաշնորհների տրամադրմանն է ուղղված:

Սրանք են հիմնական չորս ուղղությունները: Նշեմ նաև, որ մենք սեպտեմբերի 1-ից հայտարարել ենք գիտական լրագրության մրցույթ, որը նախատեսված է գիտության հարցերը լուսաբանող բոլոր այն լրագրողների, հրապարակախոսների ու քաղաքացիների համար, ովքեր 2011թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2013թ. փետրվարի 1-ը տպագիր մամուլում կամ ռադիո և հեռուստահաղորդաշարերում կանդրադառնան գիտության հիմնախնդիրներին: Մրցույթին իրավունք ունեն մասնակցելու բոլոր այն լրագրողները, ովքեր վերոնշյալ ժամանակահատվածում կներկայացնեն առնվազն 10 նյութ:

Կարդացեք նաև

Ցանկալի է, որ այդ նյութերը բաշխվեն ամիսների քանակով, և այլն. չափորոշիչներն արդեն հայտնի են: Արդեն իսկ երեք ամսվա ընթացքում կոնկրետ գիտաժողովների մասնակցության համար բավական հայտեր են եղել, որոնցից 17-ն արդեն իսկ մրցույթի շահողներ են դարձել և ֆինանսավորվել են, ֆինանսավորման ընդհանուր գումարը կազմել է 5 մլն 253.000 դրամ: Գիտաժողովների և դպրոցների համար այս երեք ամսվա ընթացքում ֆինանսավորվել է 9 հայտ, որոնց մեծ մասը գիտաժողովներ են, իսկ երեքը` գիտական դպրոցների կազմակերպման համար է ֆինանսական աջակցություն տրամադրվել, գիտաժողովների մի մասն արդեն անցկացվել է, իսկ մի մասն էլ ապագայում պետք է դեռ անցկացվի, դրա ընդհանուր գումարը կազմում է մոտ 9մլն դրամ. այն արդեն ֆինանսավորվել է 2012թ. բյուջեից:

Այսինքն` մի շարք հայտեր արդեն ներկայացվել են, և դրանց մի մասն արդեն ֆինանսավորում է գտել: Դիմողների թիվը բավական մեծ է եղել, սակայն մեզ մոտ գործում են շատ խիստ չափորոշիչներ, որպեսզի ամենաօբյեկտիվ ձևով անցկացվի մրցույթը: Հիմնականում ծրագրերի ընտրությունը բալային համակարգով է իրականացվում, որպեսզի սուբյեկտիվիզմը վերացվի:

– Ի՞նչ եք կարծում` այս ծրագիրը որքանո՞վ կարող է նպաստել երիտասարդ գիտնականների խնդիրների լուծմանը:

– Իհարկե, սա այն գումարը չէ, որ ասենք` ամեն ինչ արդեն լավ է, և երիտասարդ գիտնականների բոլոր հարցերը լուծվում են: Սակայն սա խթան է, քանի որ երիտասարդ գիտնականն ինչ-որ ձևով պետության, նախագահի կողմից աջակցություն է ստանում և կարողանում է թե՛ մասնակցել գիտաժողովների, թե՛ տեղում կազմակերպել միջազգային բնույթի և հանրապետական բնույթի գիտաժողովներ, ինչպես նաև իր գիտական աշխատանքի համար կարողանում է ֆինանսավորում ստանալ` դրամաշնորհի տեսքով: Այդ ուղղություններով, իհարկե, որոշ չափով հարցեր լուծում է ծրագիրը:

Սակայն ուզում եմ մի շատ կարևոր բան նշել. հենց այս ծրագրի հիմքում դրված էր նաև համաֆինանսավորման սկզբունքը, այսինքն, որպեսզի մենք կարողանանք նաև այլ աղբյուրներից գիտության համար ֆինանսավորում գտնել, ֆինանսավորող տարբեր աղբյուրների կարողանանք նաև շահագրգռել համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Ի ուրախություն մեզ, մենք արդեն իսկ համագործակցում ենք Գիտության պետական կոմիտեի հետ, որի հետ միասին իրականացվում է արդեն երիտասարդ ասպիրանտների աջակցության ծրագիրը` դրամաշնորհային տեսքով, որտեղ 3 մլն նաև հատկացրել ենք մենք:

Մոտ ապագայում` մոտ 10-15 օրից, արդեն կսկսենք մեկնարկել Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի հետ համատեղ դրամաշնորհային ծրագիրը, որտեղ իրենք նաև լրացուցիչ 20 մլն դրամ են տրամադրելու, որպեսզի համատեղ այդ դրամաշնորհային ծրագիրն իրականացվի: Գնալով` այդ 100 միլիոնն ավելանում է: Սա կարևոր և ուրախալի հանգամանք եմ համարում: Բանակցություններ են ընթանում նաև Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) հետ, և իրենք նույնպես պատրաստ են լրացուցիչ գումարներ տրամադրել և անցկացնել անվճար, անկախ փորձագիտական քննություն, ինչը շատ կարևոր հանգամանք եմ համարում:

– Նախկինում նման` 100 մլն դրամ արժողությամբ ծրագիր չի՞ եղել երիտասարդ գիտնականների համար:

– Չէ, նմանատիպ ծրագիր չի եղել, եղել են տարբեր ծրագրեր, բայց ծրագիր, որը կլինի զուտ երիտասարդ գիտնականնների աջակցության համար, նման բան չի եղել, նման բան առաջին անգամ է իրականացվում:

– Ի՞նչ խնդիրներ ունեն այսօր երիտասարդ գիտնականները:

– Խնդիրները շատ են, ես առաջինը կառանձնացնեմ սոցիալական խնդիրը` ցածր աշխատավարձը, մինչդեռ երիտասարդ գիտնականն ընտանիք է ձևավորում, պետք է բնակարանի հարցը լուծի, իհարկե, նաև կենցաղային շատ ու շատ այլ խնդիրներ: Բացի այդ` կարևոր խնդիրներից է նաև հին սարքավորումների հարցը, որովհետև այսօր ժամանակակից աշխարհում, որպեսզի կարողանաս գիտությամբ զբաղվել, մանավանդ փորձարարական գիտությամբ, պետք է ունենաս ժամանակակից ենթակառուցվածք` սկսած չափող սարքերից, և այլն: Այս հիմնական երկու ուղղություններն առաջնային եմ համարում:

– Վերջին շրջանում բավականին ակտիվացել են մրցույթները, ինչպես նաև տարբեր հիմնադրամներ փորձում են ֆինանսավորել գիտությունը, ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է պայմանավորված այդ ակտիվությունը:

– Դա պայմանավորված է նրանով, որ կառավարությունը հասկանում է, որ առաջնայինը Հայաստանում գիտելիքահեն տնտեսությունն է, որը պետք է խթանի և զարգացնի, որովհետև այսօր մենք չունենք նավթ, չունենք բնական պաշարներ, և հենց մեր գիտելիքի հիման վրա պետք է կարողանանք մեր ապագան կառուցել: Պարզապես հենց դրա համար արդեն վերջին տարիներին սկսել են ավելի շատ ուշադրություն դարձնել հենց գիտության ոլորտին, մանավանդ երիտասարդ գիտնականներին: Այլ բան է` դա այսօր բավարա՞ր է երիտասարդ գիտնականին, թե՞ ոչ:

– Իսկ Ձեր գնահատմամբ` դա բավարա՞ր է:

– Իհարկե, դեռ բավարար չէ:

– Իսկ հիմնադրամների աջակցությունն ինչո՞վ կբացատրեք:

– Դե, իրենք, արդեն շատ տարիներ է, հենց զբաղվում են Հայաստանում գիտության ֆինանսավորմամբ, հենց Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (NFSAT-ը), Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը (ANSEF-ը), նմանատիպ կազմակերպություններ կան, ովքեր անընդհատ ֆինանսավորում են, որպեսզի խթանեն երիտասարդ գիտնականներին:

– Ի՞նչ կասեք հետագա ծրագրերի մասին:

– Հետագայում նորից պետք է շարունակվի ֆինանսավորումը, քանի որ այս 100 միլիոնը բաշխվել է տարբեր չափաբաժիններով, 24 մլն-ը տրամադրվել է արտասահմանում գիտաժողովների մասնակցության և տարբեր դրամաշնորհների համար, 24 միլիոնը` գիտաժողովների կազմակերպման և գիտական դպրոցների կազմակերպման համար, 10 մլն-ը` տարբեր անվանակարգերում մրցանակաբաշխության համար, և 40 միլիոնը` դրամաշնորհների ֆինանսավորման համար: Այսինքն` այս ուղղություններով դեռ պետք է աշխատանքներ ծավալվեն:

– Իսկ հաջորդ տարի այս ծրագիրը ֆինանսավորվելո՞ւ է:

– Դեռ տեսնենք, եթե մենք կարողանանք ծրագիրը պատշաճ ձևով իրականացնել, որը մինչև այսօր նորմալ ընթանում է, ապա դա կարող է լինել շատ լավ հանգամանք, որպեսզի կվերսկսվի ծրագիրը նաև հաջորդ տարի, եթե տեսնեն, որ իրոք արդյունավետ է ծրագիրը, ապա ես համոզված եմ, որ այս ծրագիրը կունենա շարունակականություն:

Տեսանյութեր

Լրահոս