Ո՞ր ազգը, ո՞ր մշակույթը
Երբ մենք՝ հայերս, մշակույթ ունեինք, մյուս ազգերը ծառից ծառ էին թռչում։ Այնպես որ, հիմա, երբ մյուսներն էլ մշակույթ ունեն, մենք հանգիստ խղճով կարող ենք ծառից ծառ թռչել։ Այս կատակը գնալով իրականություն է դառնում. դրանում համոզվելու համար բավական է անգամ աչքի անցկացնել վերջին մի քանի օրվա և հատկապես երեկվա լրահոսը։
Բավական է կարդալ միայն Լուսինե Ստեփանյանի հոդվածը մեր կայքում՝ պատմական հուշարձանների մոտ տեղադրված տեղեկատվական վահանակների մասին։
«Վասպուրականի նոր սերունդ» հայրենակցական միության նախագահ, «Հայի միտք» համահայկական մասնագիտական հեռուստաակումբի հիմնադիր անդամ Մարինե Վահրադյանը մեր թղթակցին պատմել էր. «Հյուրերիս հրավիրել էի մեր պատմական տարածքները ցույց տալու: Մոտենալով ցուցատախտակին` ցանկացա ինչ-որ բաներ կարդալ, որ իրենց կենդանի խոսքով մի քանի պատմական իրադարձության կամ ժամանակաշրջանի մասին ներկայացնեմ: Աչքիս զարնեց «Ադրբեջանի թագավորություն» ասած հասկացողությունը, թե` Սայաթ-Նովան դիվանագիտական միսիա էր կատարում Ադրբեջանի թագավորության համար: Դա ինձ ուղղակի ցնցեց, և ես այնպես արեցի, որ իմ հյուրերն ուղղակի այդ ցուցատախտակին չմոտենան»: Ու պարզվում է՝ սա միակ օրինակը չէ։ Խայտառակություն բառը այս դեպքի համար մեղմ է ասված։
Երբ կարդում ես այս մասին, անկախ քեզնից, հիշում ես, թե ինչ «շուխուր» բարձրացավ ոչ վաղ անցյալում, երբ վրացիները գրանցել էին «Վրաստան՝ գինու բնօրրան» ապրանքանիշը կամ, երբ մածունը գրանցել էին՝ որպես վրացական ուտեստ։ Ստացվում է՝ մածունը մշակութային ժառանգության տեսանկյունից ավելի լուրջ արժեք է, քան պատմական հուշարձանները։ Երբ հարևան երկրներում ոչնչացնում են խաչքարերը, վրդովվում ենք։ Սակայն համոզված ենք. եթե ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնություն ձեռք բերվեր, որ ՀՀ մշակույթի նախարարությունն այսպիսի տեքստով վահանակներ է տեղադրելու Նախիջևանի խաչքարերի մոտ, ազերիները սիրով կհամաձայնեին ու աչքի լույսի պես կպահպանեին այդ խաչքարերը։
Ստացվում է՝ պետական կառույցի մի թևը ցանկանում է զբոսաշրջիկներ ներգրավել, շանհայներում ցուցահանդեսներ են անում ու CNN-ով գովազդներ ցույց տալիս` Նոյի ուղու մասին, նշում են մայրաքաղաքի 2794-ամյակը։ Մյուս թևն էլ ամեն ինչ անում է արդեն եկած զբոսաշրջիկներին ապացուցելու համար, որ նրանք ոչ թե Հայաստանում են, այլ Ադբեջանում։
Սա դեռ մի մասն է։ Սխալն արել են, ու եթե ժամանակին ուղղեին, ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ։ Սակայն պարզվում է՝ մատը մատին էլ չեն խփել։ Մի քանի հեղինակավոր մասնագետներ դեռ նախորդ տարվա սկզբին գնացել են Մշակույթի նախարարի մոտ ու ներկայացրել խնդիրը։ Հասմիկ Պողոսյանը զայրացել է, որ նման բան է եղել, ու խոստացել, որ այդ խնդիրը կլուծվի։ Ու մինչ օրս լուծվում է։ Շատ զբաղված են եղել` հիմար համերգներ ու միայն իրենց հետաքրքրող միջոցառումներ կազմակերպելով։ Երևի սպասում են, որ պետք է անպայման խորհրդակցություն լինի, նախագահն էլ դիմի մշակույթի նախարարին, թե՝ Հասմիկ, քանի տարի է նախարար ես… ու նոր միայն ուշքի գան։
Իրականում, եթե նախկին խորհրդակցությունների ժամանակ զայրույթի պատճառը միայն ֆինանսական էր՝ կապված յուրացումների հետ, ապա այս դեպքում պատճառները երեքն են՝ մշակութային (երբ միտումնավոր կամ անփութորեն խեղաթյուրվում է իրականությունը), ֆինանսական (քանի որ, եթե գործը նման կերպ է արվել, ապա դա նշանակում է՝ պետական միջոցների փոշիացում) և ազգային անվտանգության խնդիր (քանի որ նման վահանակների առկայությունը կարող է ձեռնտու լինել միայն Ադրբեջանին)։
Լավ է գոնե, որ մի քանի օր առաջ տեսանյութ հայտնվեց այն մասին, որ հին ժայռապատկեր են գտել՝ հայերը (ենթադրաբար հայերը) iPone-ով։ Փաստորեն, հիմա ավելի «արխային» կարող ենք ծառից ծառ թռչել։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա ամենևին չենք զարմանա, եթե մերոնք այդ iPhone-ը ներկայացնեին՝ որպես նախնադարյան հայ մտքի անգերազանցելիության ապացույց։ Չէ՞ որ ոչ վաղ անցյալում պետական մակարդակով պատվի արժանացրին պատանի «շառլատանին»՝ նրան ներկայացելով որպես տաղանդավոր աստղաֆիզիկոս։