Որքա՞ն գումար է ծախսում մարզից եկած ուսանողը մեկ օրում
Ուսանող ունեցող ընտանիքները այսօր մեծ դժվարությունների առջև են կանգնել: Հատկապես մարզերում բնակվող ուսանողների համար ամսական կտրվածքով ավելացել են ծախերը` տրանսպորտի, անհրաժեշտ գրականության, գրենական պիտույքների, և այլն: Ամեն ինչ թանկացել է:
168.am-ը փորձեց պարզել, թե որքա՞ն է կազմում մարզից Երևան սովորելու եկած ուսանողի և երևանաբնակ ուսանողի` մեկ օրվա ընթացքում անհրաժեշտ գումարի չափը: Մարզերից Երևան ժամանող միկրոավտոբուսների կամ ավտոբուսների նստելավարձը՝ հետադարձի տոմսի հետ միասին, տատանվում է օրական 1000-2000 դրամի սահմաններում: Առավել հեռու շրջանների դեպքում, ինչպես, օրինակ` Գյումրին կամ Վանաձորն է, այն հասնում է մինչև 3000 դրամի:
Միջինը 2000 դրամ գյուղից քաղաք ժամանող ուսանողը ծախսում է դասի գալու և տուն վերադառնալու ճանապարհածախսի վրա: Զրուցեցինք Վանաձոր քաղաքից Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի երրորդ կուրսում սովորող Լիլիթ Դանիելյանի հետ: Լիլիթն, իհարկե, մարզերից ժամանած շատ ու շատ ուսանողների պես ապրում է վարձով բնակարանում: Լիլիթի խոսքով` նա մեկ կամ երկու շաբաթը մեկ անգամ է Վանաձոր գնում:
«Գնում եմ, որ ծնողներիցս գումար վերցնեմ: Ես այստեղ չեմ աշխատում: Նախ՝ մասնագետ չեմ դեռ, երրորդ կուրսում եմ սովորում, և հետո, ժամանակս չի բավարարում որևէ աշխատանք կատարելու համար: Ստիպված` 10-15 օրը մեկ գնում եմ տուն և գումար եմ վերցնում ևս 10 օր քաղաքում ապրելու համար»:
Հարցին, թե որքա՞ն գումար է ուսանողը ծախսում 15 օր քաղաքում ապրելու, անհրաժեշտ գրքերն ու սնունդը գնելու համար, Լիլիթը պատասխանեց. «Մոտավորապես 20.000 դրամ եմ ծախսում: Դրա մեջ մտնում է նաև Վանաձոր գնալ-գալու գումարը: Բավական թանկ է, չհաշված այն, որ ամսվա վերջում բնակարանի համար գումար եմ վճարում»: Հարցին, թե համալսարանում սնվելու և շաբաթվա կտրվածքով գրքի կամ անհրաժեշտ նյութերի պատճենահանման վրա որքա՞ն գումար է ծախսում, Լիլիթը պատասխանեց, որ պատճանահանում ամեն օր էլ կատարում է, սովորում են հիմնականում պատճենահանված նյութերով: Դա, ըստ ուսանողուհու, պարտադիր է, առանց դրա չի կարող դասերը սովորել:
«Միջինը 1000-1500 դրամ օրական ծախսում եմ սննդի, տրանսպորտի և անհրաժեշտ նյութերի ձեռքբերման համար»,- ասաց Լիլիթ Դանիելյանը:
168.am-ը փորձեց պարզել, թե ի՞նչ արժեն երևանյան տարբեր բուհերում սննդի միջին գները: Երևանի պետական համալսարանում, ուսանողի՝ սննդի վրա ծախսվող միջին գումարը կարող է կազմել 700 դրամ: Դա՝ այն դեպքում, եթե ուսանողը գնի միայն որևէ կարկանդակ կամ սենդվիչ` ըմպելիքի հետ միասին: Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում գները փոքր-ինչ այլ են: Նորմալ սնվելու համար անհրաժեշտ է 400-500 դրամ:
Այդ գումարի սահմանում կարելի է գնել սենդվիչ և որևէ ըմպելիք: Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ճաշարանի սննդի գները համընկնում են Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում առաջարկվող ճաշացանկի գների հետ: Միայն թե` Մանկավարժական համալսարանում սննդի տեսականին առավել լայն է, քան Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում: Երևանյան այլ համալսարաններում մեր կատարած հարցման ընթացքում պարզեցինք, որ կրթօջախում օրվա սնունդն ապահովելու համար ուսանողը միջին հաշվով ծախսում է 500-1000 դրամ:
Պատկերն այսպիսին է ստացվում. քաղաքում բնակվող ուսանողը օրական միջինը ծախսում է 1000 դրամ, իսկ մարզերից ժամանող ուսանողները` մինչև 3000 դրամ: Եվ սա՝ այն դեպքում, երբ հանրապետությունում սահմանված միջին աշխատավարձի չափը` նվազագույնը 35.000 դրամ է: