Հակածառուկյանական նախագիծը` խորհրդարանում

Խորհրդարանում շրջանառության մեջ է դրել կառավարության ներկայացրած «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Գործող օրենքով նախատեսվում էր, որ 2013թ. հունվարի 1-ից խաղատուն կամ շահումով խաղ կարելի է կազմակերպել միայն Ջերմուկ, Ծաղկաձոր և Սևան քաղաքներում, «Երևան» ազատ տնտեսական գոտու տարածքում, ինչպես նաև՝ կառավարության կողմից հաստատված 40 միլիարդ դրամ ներդրումային ծրագրի իրականացման դեպքում:

Սա նշանակում է, որ Երևանի շրջակայքում գործող տասնյակ խաղատները պետք է երկու ամիս հետո փակվեին, և դրանց փոխարեն՝ պետք է գործեր միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից կառուցվող և մինչև տարեվերջ շահագործման ենթակա խոշոր խաղատնային համալիրը, որը կառավարելու մասին «Մուլտի գրուպը» պայմանագիր է կնքել հայտնի  «Կեմպինսկի» ընկերության հետ: Այսպիսով՝ Ծառուկյանն այս ոլորտում 2013թ. հունվարի 1-ից  մենաշնորհ կհաստատեր, քանի որ ոչ մի խաղամոլ չէր թողնի «Կեմպինսկի» հուրանոցային-խաղատնային համալիրը՝ Երևանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, և չէր հասնի Ջերմուկ կամ Սևան: Սակայն կառավարությունն առաջարկում է մեկ տարով երկարացնել այս սահմանափակման ժամկետը, և այլ խաղատների հնարավորություն տալ գործել մինչև 2014թ. հունվարի 1-ը:

Պարզ է, որ սա արվում է Ծառուկյանի դեմ՝ նրան զրկելով մենաշնորհ ունենալու հնարավորությունից: Թեև չի բացառվում, որ մոտ ժամանակներս լինեն այնպիսի քաղաքական իրադարձություններ, որի պայմաններում ՀՀԿ-ական պատգամավորները կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխության քննարկման ժամանակ հայտարարեն, որ իրենք դեմ են նման փոփոխությանը, քանի որ կարծում են, որ Երևան քաղաքի շրջակայքում խաղատների ներկա առատությունը վնասում է մատաղ սերնդի՝ նժդեհյան գաղափարախոսության սկզբունքներով դաստիարակության գործին, և խաղատները պետք է փակվեն անհապաղ:

Բայց դա կարող է լինել, եթե Գագիկ Ծառուկյանը նախագահական ընտրությունների հետ կապված խիստ որոշակի դիրքորոշում արտահայտի: Այլապես ՀՀԿ-ականները դեմ կլինեն ևս մեկ ոլորտում մրցակցության անհիմն սահմանափակմանը և ևս մեկ ոլորտում մենաշնորհի հաստատմանը, և նույնիսկ կառաջարկեն, որ այդ ժամկետը գործի ոչ թե մինչև 2014թ., այլ ավելի երկար:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս