Լուկաշենկոն հրաժարվել է 5 միլիարդ դոլար կաշառքից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուսաստանցի գործարարներն իրեն 5 միլիարդ դոլարի չափով կաշառք են առաջարկել՝ «Բելառուսկալիում» ընկերությունը վաճառելու համար։ Այս մասին գրում է RBC-ն։

Լուկաշենկոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանել է, որ այդ գործարարներն ընկերության համար առաջարկել են 15 միլիարդ դոլար։ Այդ գումարից 10 միլիարդը պետք է գնար բյուջե, մնացածը՝ անձամբ Բելառուսի նախագահին։

2012թ. մարտի վերջին Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսը պատրաստ է վաճառել «Բելառուսկալիում»-ը նվազագույնը 30 միլիարդ դոլարով։ «Մենք որոշել ենք գինը։ Այն 30 միլիարդից բարձր է։ Այդ գնահատականի հետ համաձայն են նաև միջազգային ֆինանսական կառույցները։ Մենք խոսում ենք այն մասին, որ դեմ չենք սեփականաշնորհել անգամ «Բելառուսկալիում»-ի պես ռազմավարական օբյեկտը, որն ամենալավ տարիներին 3 միլիարդի եկամուտ է ապահովում»,- ասել է Լուկաշենկոն՝ ավելացնելով, որ 30 միլիարդից պակաս գնով ընկերությունը չի մասնավորեցվի։

«Այն մարդկանց, ովքեր ցանկանում էին մեր ընկերությունը գնել 15 միլիարդով, ես ասացի՝ ցտեսություն, գնացեք։ Կարծում եմ, հետագայում ևս պետք է այսպես աշխատել։ Ովքեր ցանկանում են մեր երկրում գույք ձեռք բերել, գիտեն, թե մենք ինչ ունենք։ Եթե չգիտեն, կարող են գալ, և մենք ցանկացած պատվիրակությամբ կներկայացնենք, թե ինչ ձեռնարկություններ կարող ենք առաջարկել։ Սակայն դրանք թանկ արժեն»,- ասել է Բելառուսի նախագահը։

Նախկինում նա նշել էր, որ «Բելառուսկալիում»-ը գնելու առաջարկներ եղել են Ռուսաստանից. «Ինձ այնտեղից ակնարկներ են անում։ Անգամ չասեմ, թե ինչ բնույթի առաջարկներ են գալիս։ Սակայն մեզ մոտ ոչ ոք գրպանը փող չի դնի, առավելևս` նախագահը։ Իմ փողերը փնտրում են աշխարհով մեկ, բայց չեն գտել։ Ասում են՝ 15 միլիարդ կտանք բոլոր բաժնետոմսերի համար, ևս մի քանի միլիարդ էլ` որպես կաշառք, իսկ ես նրանց պատասխանում եմ՝ ցտեսություն»։

Նշենք, որ «Բելառուսկալիում»-ը կալիումային հանքային պարարտանյութեր արտադրող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկն է։ Այն հիմնադրվել է 1949թ.։ Ընկերությունում ներկայումս աշխատում է մոտ 20 000 մարդ։ 2011թ. հոկտեմբերին Լուկաշենկոն հայտարարել էր, որ «Բելառուսկալիում»-ով հետաքրքրվում են Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը և երկու արևմտյան երկրներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031