ՀԱԿ-ի բարգավաճման ցուցիչը

2013 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով։ Օրինագծի հեղինակներից մեկն էլ ՀՀՇ կուսակցության փոխնախագահ Սամվել Աբրահամյանն է, ով «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է, թե այս նախաձեռնությամբ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը ներկայացնելու է Ընտրական օրենսգրքի շուրջ 25 փոփոխություն:

Այդ փոփոխությունները ներառում են բազմաթիվ տեխնիկական և բովանդակային դետալներ և, ընդհանուր առմամբ, ուղղված են ընտրությունների օրինականության բարձրացմանը: «Առաջարկությունների այն փաթեթը, որ մենք ներկայացնում ենք, էապես նվազեցնում է նույնիսկ հնարքներ հորինելու հնարավորությունը», – հայտարարել է Աբրահամյանը։ Ըստ ՀԱԿ ներկայացուցչի` քաղաքական կամքի բացակայության պայմաններում, բնականաբար, օրենքի լիարժեք գործողությունը գրեթե անհնար է։

Միևնույն ժամանակ, Աբրահամյանն ասել է. «Ընտրական օրենսգրքում բազմաթիվ փոփոխություններ, որ վերջին 15 տարում արվել են, արվել են հենց ընտրակեղծարարության համակարգն ապահովելու համար։ Այ, երբ որ մենք կներկայացնենք այս նախագիծը քննարկման, իշխանության քաղաքական կամքի դրսևորման ցուցիչ կլինի սա»։

Շատ լավ է, իհարկե, որ Հայ ազգային կոնգրեսը նախաձեռնել է Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու գործընթաց: Վստահաբար կարելի է ասել, որ Ընտրական օրենսգիրքը, եթե դրա արդյունքում հաստատ զգալիորեն կբարելավվի ու կդառնա ավելի լավը, սակայն նույնքան վստահաբար կարելի է կանխատեսել, որ եթե անգամ ներկայացված 25 առաջարկություններն էլ ընդունվեն, դրանց արդյունքում Հայաստանում ընտրություններն ավելի ազատ, արդար ու թափանցիկ չեն դառնալու: Ի դեպ, այս առիթով դժվար է չհիշել ու ավելի դժվար է հաշվել, թե  2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ՀԱԿ-ի քանի տասնյակ ներկայացուցիչներ քանի հարյուր անգամ հայտարարել են, որ ընտրությունների որակը կախված է ոչ թե լավ կամ վատ օրենսդրությունից, այլ՝ իշխանությունների քաղաքական կամքից:

Տարբեր ձևակերպումներով ՀԱԿ-ի բազմաթիվ անդամներ բազմիցս նշել են, որ անգամ վատ օրենսդրությամբ, սակայն քաղաքական կամքի առկայությամբ, կարելի է ավելի լեգիտիմ ընտրություններ անցկացնել, քան կատարյալ օրենսդրության առկայության, սակայն՝ քաղաքական կամքի բացակայության պայմաններում: Փաստորեն, խորհրդարան մտնելուց հետո ՀԱԿ ներկայացուցիչների աշխարհայացքում ու մոտեցումներում ինչ-որ բան է փոխվել: Կամ գուցե, ըստ ՀԱԿ-ի, ավելացել է իշխանությունների քաղաքական կա՞մքը:

Նույն Ս. Աբրահամյանը,  ինչպես վերը նշվեց, ասել է, որ այդ փոփոխությունների նկատմամբ իշխանությունների արձագանքը կլինի նրանց քաղաքական կամքի ցուցիչը: Այսինքն` իշխանությունները քաղաքական կամք էլ ունեն: Իսկ շատերը, միամտաբար, տարիներ շարունակ հետևելով նույն ՀԱԿ-ի ներկայացուցիչների ելույթներին, կարծում էին, թե իշխանությունների մոտ քաղաքական կամքն ընդհանրապես բացակայում է:

Ընտրական օրենսգրքում փոփոխությունների անիմաստությունը ևս մեկ, ընդ որում` ավելի բովանդակային պատճառ ունի, որն արդեն կապված է ոչ այնքան իշխանությունների, որքան ՀԱԿ-ի` քաղաքական կամքի բացակայության հետ: Նախորդ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ բացառությամբ կնիքների թանաքոտման հետ կապված խնդիրների և կրկնակի քվեարկության, այլ խոշոր ընտրախախտումներ այլևս տեղի չեն ունեցել: Սակայն ոչ թանաքի «ցնդումը», ոչ էլ կրկնակի քվեարկությունն ընտրություններում չունեցան այն ազդեցությունը, որքան ունեցավ փողը` ընտրակաշառքը:

Այդ մասին խոստովանում էին գրեթե բոլորը, անգամ «ՀՀԿ-ական» ՕԵԿ-ի ներկայացուցիչները: Ընտրակաշառքի մասին խոսում էր նաև ՀԱԿ-ը, բայց մասամբ: ՀԱԿ ներկայացուցիչներն ընտրություններից հետո աղաղակում էին ՀՀԿ-ի կողմից բաժանված ընտրակաշառքի դեպքերի մասին` որևէ բառ չասելով ԲՀԿ-ի կողմից բաժանված ընտրակաշառքի վերաբերյալ: Այն դեպքում, երբ ԲՀԿ-ն, եթե ոչ ՀՀԿ-ին հավասար, ապա առնվազն ՀՀԿ-ի կեսի չափով ընտրակաշառք բաժանել էր ընտրություններում: Ոչ միայն «անտեսանելի» փողի, այլև խիստ տեսանելի տրակտորների, պարարտանյութի և այլ նյութական արժեքների տեսքով:

ՀԱԿ-ը, կրկնում ենք, բացառությամբ այդ կառույցի որոշ անդամների, ձայն չի հանել ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ:

Անցած խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ փողի, ընտրակաշաքի դեմ որևէ Ընտրական օրենսգիրք անզոր է: Ընտրակաշառքը բաժանվում է տեղամասից «օրենքով սահմանված» հեռավորության վրա, ընտրողներն էլ մեծ ուրախությամբ քվեարկում են այն ուժի կամ թեկնածուի օգտին, ումից գումար են ստանում:

Այսինքն` եթե որևէ մեկը ցանկանում է իրականում ապահովել ազատ ու արդար ընտրություններ, ապա պետք է ոչ թե Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարի, այլ պայքարի ընտրակաշառքի, այն բաժանողների դեմ:Հիմա, սակայն, ՀԱԿ-ը պայքարում է երկու խոշոր ընտրակաշառատուներից միայն մեկի` ՀՀԿ-ի դեմ, ամեն կերպ նպաստելով մյուսի` ԲՀԿ-ի բարգավաճմանը: Այսինքն` մեծ հաշվով, հանդես գալով ընտրակաշառքի, ընտրությունների կեղծման դեմ, ՀԱԿ-ը միաժամանակ նպաստում է դրանց` բացահայտ կամ «վերլուծաբար» աջակցելով ԲՀԿ-ին: Այդ դեպքում ընտրական օրենսգրքի փոփոխությունները դառնում են ընդամենը «պարապ ժամանակի զբաղմունք»:

Ընդ որում, բացառված չէ անգամ, որ իշխանությունները, ընտրություններից առաջ ժողովրդավարության հերթական «առաջընթացն ապահովելու» նպատակով, ընդունեն ՀԱԿ-ի ներկայացրած 25 առաջարկներից, ասենք, 17-ը: Դրանից ընտրությունների ընթացքում ոչինչ չի փոխվի: Քանի որ ընտրությունները Հայաստանում անցկացվում են ոչ թե Ընտրական օրենսգրքով, այլ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով:

 

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս