ՏՄՊՊՀ-ն կկազմի «սև ցուցակ» անբարեխիղճ մրցակիցների համար
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նախնական ուսումնասիրությունների հիման վրա հնարավոր խախտման վերաբերյալ վարչական վարույթ է հարուցել «Անահիտ Խալաթյան» ԱՁ, «Վահրամ Մելքոնյան» ԱՁ, «Գառնիկ Վարդերեսյան» ԱՁ, «Ռաֆայել Գրիգորյան» ԱՁ և «Մադոննա» ՍՊԸ-ի նկատմամբ:
ՏՄՊՊՀ-ն պետական գնումների շրջանակում սոցիալական հաստատություններում կատարած ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ որոշ մանկատներ և ծերանոցներ պետգնումներով սնունդը ձեռք են բերել շուկայականից մինչև 200 տոկոս թանկ գնով:
Ընդհանուր առմամբ հանրապետության տարածքում գործող 18 հաստատությունների կողմից սննդամթերքի և տնտեսական ապրանքներ գնելու նպատակով հայտարարվել է շուրջ 100 մրցույթ:
ՏՄՊՊՀ-ի նախնական ուսումնասիրության արդյունքներով պարզ է դարձել, որ 18 հաստատությունների մատակարար հանդիսացող վերը նշված հինգ սուբյեկտները պետգնումների շրջանակում նախապես միմյանց հետ համաձայնեցրել են, թե տվյալ մրցույթում ինչ գին պետք է առաջարկեն: Ըստ էության շուկան բաժանելով միմյանց միջև՝ նրանք հաջորդաբար հաղթել են տարբեր մրցույթներում:
ՏՄՊՊՀ-ն արձանագրել է, որ բոլոր մրցույթներում ձեռք բերված ապրանքների արժեքները հիմնականում էապես բարձր են եղել իրական գներից: Օրինակ, սննդամթերքի ձեռքբերման մրցույթներից մեկում հաղթող ընկերությունը բազուկը մատակարարել է 300 դրամով, մինչդեռ նույն ժամանակահատվածում շուկայում բազուկի գինը եղել է առավելագույնը 100 դրամ:
ՏՄՊՊՀ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մրցույթներին մասնակցող որոշ ընկերություններ աշխատել են միմյանց հետ փոխկապակցված: Օրինակ, առկա են դեպքեր, երբ երկու տարբեր ընկերություններ, մասնակցելով մանկատան կամ ծերանոցի կողմից հայտարարված մրցույթին, ներկայացրել են գրեթե միևնույն փաթեթները՝ նույն գնային առաջարկով, տառասխալներով և անգամ նույն կոնտակտային տվյալներով ու տնօրենի ստորագրությամբ:
Արձանագրվել են նաև այնպիսի դեպքեր, երբ նույն ընկերությունը մի մրցույթում հաղթել է և կարտոֆիլը մատակարարել 300 դրամով, իսկ հենց նույն ընթացքում տեղի ունեցած մեկ այլ մրցույթում պարտվել է՝ նույն կարտոֆիլի համար առաջարկելով 70%-ով ավելի բարձր գին՝ 500 դրամ: Արդյունքում վերջին մրցույթում հաղթող է ճանաչվել այդ ընկերության հետ փոխկապակցված մեկ այլ ընկերություն՝ կարտոֆիլը մատակարարելով իր համար բավական շահավետ՝ 320 դրամ արժեքով:
Ըստ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի՝ մատակարար ընկերությունների և սոցհաստատությունների նման վարքագծի հետևանքով սահմանափակվել է մրցակցությունը, ապրանքները մատակարարվել են շուկայականից բարձր գներով, և արդյունքում տեղի է ունեցել պետական բյուջեից հատկացվող միջոցների ոչ արդյունավետ օգտագործում:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, որ պետգնումների ոլորտում մեծ խախտումներ են հայտնաբերվել, որոնք մեծ վնաս են հասցրել երկրի բյուջեին:
«Այսուհետ մենք չենք սահմանափակվի միայն անբարեխիղճ տնտեսվարողներին պատժելով, կկազմենք «սև ցուցակ» որպեսզի նրանք չկարողանան մասնակցել պետգնումների մրցույթներին»,-ասել է նա:
Հանձնաժողովը մեղադրանք է ներկայացնում այդ հաստատությունների կողմից հայտարարված մրցույթներում մասնակցած սուբյեկտներին: Ենթադրվում է, որ պայմանավորվածություն կա այդ սուբյեկտների միջև: Իսկ փոխհամաձայնություն կա սուբյեկտների և մանկատների ու ծերանոցների ղեկավարության միջև` հնարավոր լինի բացահայտել ՏՄՊՊՀ ուսումնասիրության հաջորդ փուլում: Ի դեպ հանձնաժողովի նիստին ներկա չէին ոչ ԱՁ-ների ոչ մանկատների ու ծերանոցների ներկայացուցիչները, այնինչ պարտադիր կերպով ծանուցվել էին:
Ստորև ներկայացնում ենք ուսումնասիրության թիրախ հանդիսացած հաստատությունների ցանկը.
«Երևանի Զատիկ մանկատուն» ՊՈԱկ,
«Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ,
«Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ,
«Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ,
«Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ,
Երևանի Մանկան տուն»,
«Մարի Իզմիրյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ,
«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ,
«Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ,
«Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ,
«Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ,
«Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ, «ՆՈՒՀ 121» ՊՈԱԿ,
«ՆՈՒՀ 122» ՊՈԱԿ,
« ՆՈՒՀ 124» ՊՈԱԿ,
« ՀՀ ՖՆ Ուսուցման կենտրոն» ՊՈԱԿ: