Սկիզբ դրվեց «Տաթևի վերածնունդ» ծրագրին

Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ համատեղ սկիզբ դրվեց «Տաթևի վերածնունդ» ծրագրին։ Իր խոսքում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը նշեց, որ ծրագիրն ուղղված է ապահովելու 9-րդ դարի վանական համալիրի և հարակից տարածքների բազմաչափային վերականգնումը:

«Տաթևի վերածնունդը» ներառում է գյուղական զբոսաշրջության այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են գյուղերում գիշերակացերի ցանցի ստեղծումը և տեղական արհեստների ու հին խոհանոցի վերականգնումը: Կազմակերպիչները հույս ունեն այս նախաձեռնությունների շնորհիվ ամբողջացնել տարածաշրջանի զբոսաշրջային պատկերը, ինչպես նաև ներգրավել տեղացիներին և աջակցել համայնքի տնտեսության զարգացմանը։

«Ծրագրի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ ծրագիրը պետական և մասնավոր ոլորտների գործունեության մի ձևաչափ է, որը ներգրավում է կառավարությունը, եկեղեցուն, գործարար համայնքի ներկայացուցիչներին և անհատ բարեգործներին»,- նշեց Ա. Խաչատուրյանը: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչ Հռիփսիմե Մանուկյանն էլ ասաց, որ ծրագիրը նպատակաուղղված է ոչ միայն ազգային ժառանգության և հոգևոր արժեքների պահպանմանը ու զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացմանը, այլ նաև Տաթևի համալիրի շրջակա գյուղերի և համայնքներում տնտեսական և հասարակական զարգացմանը։

Կարդացեք նաև

Թե ինչ հաջողություն կունենա այս ծրագիրը` ցույց կտա ժամանակը։ Այս պահին, սակայն, միայն մեկ լուրջ խոչընդոտ կա՝ տեղացիների կողմից վստահության բացակայությունը։ Այս մասին նշեց հենց Ա. Խաչատուրյանը. «Ցավով պետք է նշենք, որ այսօր մեր ժողովրդի հոգիները կոտրված են, և նրանք թերահավատորեն են մոտենում երկրի զարգացմանը»։ Կազմակերպիչներն իրենց ուղերձը հղեցին Տաթևի բոլոր բնակիչներին, նշելով, որ առանց նրանց հավատի և տրամադրվածության՝ անհնար է ծրագիրը հաջողությամբ ավարտին հասցնել: Իրենք միասնական ուժերով կարող են ստեղծել ապագան, իրենց երեխաների ապագան:

Տաթև գյուղի գյուղապետ Մուրադ Սիմոնյանի խոսքով`  գյուղն լի է խնդիրներով, սակայն նմանատիպ նախաձեռնությունը կարող է բարելավել համայնքի սոցիալական և տնտեսական վիճակը: «Մենք շնորհակալ ենք, որ այս նախաձեռնությունը իրականացվում է մեզ մոտ: Իրականում մեր գյուղը շատ խնդիրներ ունի:  Այստեղ հարկավոր է զարգացնել զբոսաշրջությունը, իսկ դա կարելի է անել միայն այս ծրագրի օգնությամբ: Հարկավոր է նաև հասկանալ, որ եկեղեցին էլ, լինելով 9-րդ դարի շինություն,  ունի վերականգնման և ամենակարևորը՝ պահպանման կարիք»,- ասաց գյուղապետը:

168.am-ը զրուցեց նաև գյուղի բնակիչների հետ։ Նրանք հույս ունեն, որ նախաձեռնությունը կարող է դրական ազդեցություն ունենալ իրենց կյանքի վրա, սակայն նշում են, որ խնդիրներն իրոք շատ են: Գյուղացիներից մի քանիսը փաստեցին, որ վերջին տարիներին գյուղում նկատվում է զբոսաշրջիկների որոշակի ակտիվություն, սակայն դա բավարար չէ գյուղի զարգացման համար: «Տուրիստները գալիս են, շրջում են մեզ մոտ, ուզում են մեզանից բանջարեղեն առնել, միրգ առնել, բայց մենք չունենք այդ պայմանները: Գալիս են, մի քանի ժամ մեզ մոտ են մնում, հետո հետ են գնում Գորիս: Չեն մնում մեզ մոտ: Հետո էլ այսօր ջահելները գնում են գյուղից: Նայեք-տեսեք՝ քանի՞ հոգի ջահել տղա կամ աղջիկ կա գյուղում: Մանկապարտեզ չունենք, դպրոցի առաջին դասարան 3 երեխա է գնացել այս տարի: Ո՞նց մարդիկ մնան այստեղ: Դրա համար էլ պետք ա ամեն ինչ անել, որ հետ գան գյուղացիները: Որ ցանկություն ունենան գալու ու մնալու»,- մեզ հետ զրույցում ասաց Հակոբ պապին` ավելացնելով, որ իր մեծ ընտանիքի անդամներից միայն ինքն ու իր կինն են մնացել գյուղում:
Տաթևում բնակվող Անահիտն էլ մեզ պատմեց, որ այս տարի մի քանի հոգի գիշերակացի խնդրանքով դիմել են իրեն, սակայն, քանի որ իր պայմանները չեն համապատասխանում նորմերին` հեռացել են: «Ամառը շատ են գալիս թե հայեր և թե արտասահմանցիներ, բայց իրանք գալիս են, ուզում են ստեղ նորմալ պայմաններ տեսնել, տաք ու սառը 24-ժամյա ջրամատակարարում, բայց տենց պայմաններ ունեցողներ գյուղում չկան: Էդ դեպքում փող էլ չենք կարողանում վաստակել: Թոռս դպրոցն ավարտելուց հետո գնացել ա Ռուսաստան, ու եթե ինքն էլ ինձ փող չուղարկեր՝ հաստատ ես սովամահ կլինեի: Ես էլ եմ ուզում, որ էստեղ լավ լինի, ու իմ երեխեն հետ գա ինձ մոտ: Մենք ունենք զարգանալու կարիք: Հույսս չեմ ուզում կորցնեմ»,- ասաց տաթևցի տիկին Անահիտը:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Միավորված ազգերի կազմակերպության և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջև ստորագրվել էր զարգացման և փոխըմբռնման հուշագիր, որը մի քանի ամսվա ընթացքում վերափոխվեց զարգացման ծրագրի։

 

Տաթև-Երևան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս