Պուտինիադա
Այսօր Երևանում կայացել է «Համաշխարհային հայկական կոնգրես» հասարակական կազմակերպությունների միջազգային միության երկրորդ հերթական համագումարը, որի շրջանակներում Համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ Համաշխարհային հայկական կոնգրեսի խորհրդի որոշմամբ, 2013թ. նախագահական ընտրություններում այդ կազմակերպությունը պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր անձամբ ներկա է եղել այս միջոցառմանը և ողջույնի խոսք է հղել համագումարի մասնակիցներին:
Լայն իմաստով, այսօրվա միջոցառման նպատակը եղել է հենց Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին հայտարարության հնչեցումը: Բնականաբար, դա կարելի էր անել միայն ճոխ, առնվազն Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպված միջոցառման ժամանակ, ինչը և տեղի է ունեցել: Սակայն սա կատարվածի ձևական կողմն է միայն: Բովանդակային մասը շատ ավելի տխուր է և հերթական անգամ վկայում է մեր ինքնիշխանության բացակայության, քաղաքական ուժերի կողմից ընտրական նպատակներին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չդնելու պատրաստակամության մասին:
«Համաշխարհային հայկական կոնգրես» կազմակերպության մեջ գլոբալ առումով միայն անվանումն է հայկական: Խնդիրը նրա անդամների ծագումնաբանությունը կամ հայրենիքի հանդեպ սերը չէ: Ամենևին: Դրանում ընդգրկված են զտարյուն հայեր, որոնցից շատերն անկեղծ ու իսկական հայրենասերներ են: Չենք կասկածում, որ այդպիսին է նաև այդ կոնգրեսի, ինչպես նաև՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Սակայն թե վերջինը, թե այդ կազմակերպության գոնե ղեկավար անդամների մեծամասնությունն ամենևին շարքային հայեր չեն:
Նրանք հիմնականում Ռուսաստանում բիզնեսի դաշտում կայացած, հաջողակ հայեր են, ովքեր գործարարությամբ են զբաղվում ռուսաստանյան ֆորմալ և ոչ ֆորմալ խաղի կանոններով: Այդպիսին լինելով հանդերձ, նրանք, որպես կանոն, արտահայտում են ռուսական քաղաքական վերնախավի դիրքորոշումները, կամ առնվազն իրենց գործողություններում բացառում են որևէ բաղադրիչ, որը կարող է հակադրվել Պուտինյան քաղաքականությանը կամ դուր չգալ Կրեմլի պաշտոնյաներին:
Թե որքանո՞վ է դա ազնիվ կամ ոչ, մեր խնդիրը չէ: Մարդիկ այլ երկրում բիզնեսով են զբաղվում և ընդունել են այդ` օտար երկրի խաղի կանոնները: Սակայն ի՞նչ կապ ունեն նրանք Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների հետ, առավել ևս` ինչի՞ հիման վրա են նրանք ընտրություններում սատարում այս կամ այն թեկնածուին: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ օտար երկրի գործերին միջամտելու քայլ: Կրկնում ենք, խնդիրը տվյալ դեպքում այդ կազմակերպության անդամների ծագումը չէ: Խնդիրն այն է, որ նրանք ռուսական քաղաքականության, ռուսական շահի կրողներ են և վստահաբար այդպիսին են լինելու նաև այն դեպքում, երբ ռուսական շահն իրացվի՝ ի հաշիվ հայրենիքի շահի:
Բավական է հիշել նույն Արա Աբրահամյանի վերջին հայտարարությունները, մասնավորապես, ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդրի վերաբերյալ: Նա Մոսկվայում հայտարարում էր, թե Հայաստանի իշխանությունները պետք է ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունները` Արա Աբրահամյանի կողմից սատարվող Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, բազմիցս հայտարարել են, որ այդ քայլը կարող է վտանգել բանակցային գործընթացը, և նպատակահարմար չի համարվում Հայաստանի արտաքին քաղաքականության ներկայիս կուրսի տեսանկյունից:
Արա Աբրահամյանն այդպես էր հայտարարում, քանի որ այդ փուլում դա էր ցանկանում Ռուսաստանի իշխանությունը: Աբրահամյանից բացի, Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կոչով ՀՀ իշխանություններին էր դիմում ռուսական փորձագիտական գրեթե ողջ հանրությունը: Սա ընդամենը մեկն է այն բազմաթիվ դեպքերից, երբ սկզբունքային քաղաքական հարցերում Արա Աբրահամյանը, իմա՝ նաև նրա ղեկավարած կառույցները, նախապատվություն են տալիս ռուսական քաղաքական շահին: Այսինքն` այդ միավորի կողմից Սերժ Սարգսյանին սատարելու հայտարարությունը հենց այն դեպքն է, որը քաղաքագիտական բառապաշարով որակվում է՝ որպես այլ երկրի ներքին գործերին միջամտելու փորձ:
Հարցի մյուս կողմն այն է, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն ընդունում այդ սատարումը, այն դեպքում, երբ ակնհայտ է, որ վերը նշված բոլոր իրողությունները բոլորից լավ հայտնի են առաջին հերթին հենց Սերժ Սարգսյանին: Ընդունում է, որովհետև չընդունելը կարող է մեծ շռայլություն համարվել նախագահական ընտրություններից առաջ ստեղծված իրավիճակում, երբ գրեթե բոլոր քաղաքական ուժերը «աչքները ջուր կտրած»՝ սպասում են Վլադիմիր Պուտինի այցին:
Այս պայմաններում Երևանում տեղի է ունենում մի միջոցառում, որին ողջույնի խոսք է հղել անձամբ Պուտինը: Հաշվարկը շատ պարզ է. Արա Աբրահամյանի ու նրա գլխավորած համահայկական կառույցների սատարումը, Պուտինի ողջույնի խոսքի առկայությամբ, կարելի է ներկայացնել՝ որպես «Պուտինի սատարում», որը համարվում է Հայաստանում քաղաքական հաջողության հասնելու ամենակարևոր երաշխիքը:
«Պուտինի սատարումը» հնարավորություն կտա իշխանությանն այլևս չսպասել ԲՀԿ-ի սատարմանը: Հակառակը` «Պուտինի սատարմամբ» կարելի է քրեական գործեր հարուցել այդ նույն սատարումին սպասող ԲՀԿ-ի ներկայացուցիչների նկատմամբ:
Հետաքրքիր է` ինչպե՞ս կարձագանքեին իշխանությունները, եթե Արա Աբրահամյանն ու իր կառույցները հայտարարեին ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ որևէ այլ` իշխանության համար վտանգավոր թեկնածուի սատարելու մասին: Բնականաբար, կհայտարարեին, որ դա Հայաստանի ներքին գործերին միջամտելու չարակամ փորձ է, և նրա նկատմամբ կկիրառեին «Գնա տնից» ծրագիրը:
Հ.Գ. Մինչ ՀՀ իշխանությունները կիսաձայն, վախվորած տոնով Ռուսաստանից պահանջում-խնդրում են դադարեցնել Հայաստանից զանգվածային արտագաղթին նպաստող «Հայրենակիցներ» ծրագիրը, ռուսները մեր հայրենակիցների միջոցով սատարում են Սերժ Սարգսյանին: Հետաքրքիր «զուգադիպություն» է: