Ծառուկյանի լռությունն ու ԲՀԿ-ականների հարցաքննությունը
Նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օրից անցել է ուղիղ երկու շաբաթ, սակայն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դեռևս հրապարակավ որևէ դիրքորոշում չի արտահայտել կատարվածի վերաբերյալ: Չհաշված, իհարկե, կայքերով տարածված այն գրավոր տեսակետը, որով ասվում էր, որ ինքն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը, և Օսկանյանի հետ կապված ԲՀԿ-ի դիրքորոշումից մինչև նրա փաստաբանների ընտրություն` կատարվում է իր անձնական իմացությամբ:
Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հաջորդ օրերին տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Գլխավոր դատախազի միջնորդության քվեարկությունից օրեր առաջ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանին և նրանից տասն օր ժամանակ է խնդրել ԲՀԿ-ի ու իր դիրքորոշումը վերջնականապես հստակեցնելու համար: Այդ տեղեկությունների համաձայն, Ծառուկյանը խոստացել է կամ հայտարարել Սերժ Սարգսյանին սատարելու, կամ անձամբ որպես նախագահի թեկնածու առաջադրվելու մասին:
Այդ օրերին նշված տեղեկությունները, ֆորմալ առումով, իհարկե, հերքվեցին, սակայն հետագա գործընթացները ցույց տվեցին, որ դրանք բավականաչափ մոտ են իրականությանը: Այդ ժամկետն, իհարկե, լրացավ, և Գ. Ծառուկյանը որևէ հայտարարություն չարեց, մինչդեռ իշխանությունը շարունակեց գործել Օսկանյանի գործի տրամաբանության շրջանակներում, որում կարելի է դիտարկել նաև այսօր տեղի ունեցած մի քանի իրադարձություններ:
Առավոտյան հայտնի դարձավ, որ Քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում 2012թ. սեպտեմբերի 25-ին հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր հրավիրվել է հարցաքննության: Գրեթե զուգահեռաբար տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ այսօր Ազգային անվտանգության ծառայության կողմից հարցաքննության են հրավիրվել «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի ներկա և նախկին անդամներ Վահան Խաչատրյանը, Կարինե Հարությունյանը, Տիգրան Կարապետյանը և Վահե Աղաբեկյանցը` «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:
Դրանից հետո էլ հրապարակվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունը` մանկատներում և ծերանոցներում պետական միջոցների փոշիացման հետ կապված: Հանձնաժողովը 18 սոցիալական հաստատություններում ուսումնասիրել է տարեցների և երեխաների համար սնունդ և անհրաժեշտ տնտեսական պարագաներ ձեռք բերելու գործընթացը և բացահայտել, որ, ըստ հաշիվ-ապրանքագրերի` որոշ մանկատներ և ծերանոցներ սնունդը ձեռք են բերել շուկայականի համեմատ՝ մինչև 200 տոկոս թանկ գնով:
ՏՄՊՊՀ-ն չի մասնավորեցրել, թե հատկապես որ ժամանակաշրջանն է ենթարկվել ուսումնասիրության, սակայն դժվար չէ կռահել, որ դա չէր կարող վերաբերել, ասենք, այս տարվա հունիս ամսին տեղի ունեցած գնումների գործընթացին: Այսինքն` հանձնաժողովն ուսումնասիրել է այն ժամանակաշրջանը, որը համընկնում է նախկին Սոցապնախարար, ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանի պաշտոնավարման ժամանակահատվածի հետ:
Մի խոսքով, ընդամենը մեկ օրվա ընթացքում իրավապահ ու ոչ իրավապահ մարմինները միանգամից երեք ուղղությամբ ԲՀԿ-ին ուղղված հարվածներ են հասցրել: Թե ինչ կլինի վաղը, մեկ շաբաթ, կամ մեկ ամիս անց, ոչ ոք չի կարող ասել:Թերևս, բացի Սերժ Սարգսյանից, առանց որի իմացության կամ համաձայնության, հազիվ թե իրավապահ մարմինները նման աղմկոտ բացահայտումներ կատարեին:
Այսինքն` մինչ Գագիկ Ծառուկյանը հապաղում կամ գուցե ժամանակ է ձգում, իշխանությունն ինտենսիվորեն աշխատում է նրա շուրջ «օղակը սեղմելու» ուղղությամբ: Բացառված չէ, որ ինչ-որ պահից Ս. Սարգսյանը որոշել է, որ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի աջակցությունն իրեն պետք չէ, և անում է ամեն ինչ՝ Ծառուկյանին այնպես թուլացնելու համար, որ նա այլևս չմտածի մեծ հավակնությունների մասին, կամ որպեսզի այդ «թուլացումը» դառնա խաղաքարտ`Ծառուկյանի առաջադրման համար:
Այսինքն` երկու դեպքում էլ որոշողն իշխանությունն է` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Ի դեպ, Գագիկ Ծառուկյանի շարունակվող լռության, ԲՀԿ-ական նախկին պաշտոնյաներին ու անգամ «Սիվիլիթասի» աշխատակիցներին հարցաքննության հրավիրելու ֆոնին՝ Վարդան Օսկանյանը հետևողականորեն «ամրապնդում» է իր` որպես նախագահի հնարավոր թեկնածուի կարգավիճակը: Այդ մասին են վկայում նրա ֆեյսբուքյան հրապարակումները, որոնք ակնհայտորեն միտված են նախագահական ընտրությունների քարոզարշավում սեփական պլատֆորմի ձևավորմանը:
Ստեղծված իրավիճակում Վարդան Օսկանյանը կարող է ներկայանալ որպես «քաղաքական հետապնդվողների առաջնորդ», քանի որ ակնհայտ է, որ նրա նկատմամբ իրականացվող հետապնդումն ամենաքաղաքականն է: Այս իրավիճակի զարգացմանը նպաստում է Գագիկ Ծառուկյանի լռությունը, որը` դատելով ներկայիս իրադարձություններից, կարող է շարունակվել մինչև դեկտեմբեր, երբ արդեն ավարտված կլինի նախագահի թեկնածուների առաջադրման ժամկետը: Բացառված չէ, որ Ծառուկյանն «իր խոսքն» ասի այդ ժամանակ միայն: Վարդան Օսկանյանի ընտրարշավի շրջանակներում: