Բաժիններ՝

Բուլղարացի լուսանկարիչ VS Բուլղարիայում ՀՀ դեսպան

Բուլղարացի լուսանկարչի հայտարարությունները

Բուլղարացի լուսանկարիչ, պատմաբան, ֆոտոլրագրող և ճանապարհորդ
Յուլիան Անգելովը վերջին տարիներին իր ճամփորդությունների ընթացքում լուսանկարում է հայկական մշակութային կոթողները, տարբեր երկրներում բնակվող հայերին, նրանց կենսակերպը:

Նա սիրում է հայերին և հիացած է հայ մշակույթով: Նա 2004թ. Թուրքիայի կողմից Արարատ սարն է բարձրացել, հայ մշակույթի և հայերի մասին պատմող լուսանկարչական ցուցահանդեսներ է կազմակերպել: Օրեր առաջ «168 Ժամին» տված հարցազրույցում նա ասել էր. «Հայերն աշխարհի հնագույն ազգերից մեկն են, իսկ ես, որպես պատմաբան, թուլություն ունեմ ամեն հնի նկատմամբ: 2-րդ` հայկական մշակույթը չափազանց ինքնատիպ է: Ես շատ երկրներում եմ եղել, որտեղ հայեր են բնակվում, և ինձ միշտ թվացել է, թե այս ազգն ապրում է մի ուրիշ` այլ չափման մեջ. հայկական մշակույթը շատ արտիստիկ է, ամեն ինչը` եկեղեցիները, տները, շենքերը, ազգային տարազը, ստեղծված են սիրով ու շատ էսթետիկ են: Իսկ դա շատ բան է ասում այս ազգի ոգու ուժի մասին»:

Յուլիանը նաև նշել էր, որ Բուլղարիայում ՀՀ նախկին դեսպան, այժմ` ՀՀ փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանի պաշտոնավարության շրջանում Հայաստանի դեսպանատունն ամեն կերպ աջակցում էր նրա նախագծերին: Այժմ, սակայն, ըստ Յուլիանի` անհասկանալի պատճառներով, Բուլղարիայում ՀՀ դեսպանատունը նրան խոչընդոտում է. «2008-2009թթ., երբ նոր էի սկսում նախագիծը, դեսպան Սերգեյ Մանասարյանը, նրա խորհրդական տիկ. Հասմիկ Դաշտոյանը, Բուլղարիայի հայկական մի շարք կազմակերպություններ ինձ շատ էին օգնում: Եվ խոսքը ոչ միայն ֆինանսական աջակցության մասին է, այլև բարոյական: Ցավոք, վերջին մեկուկես տարվա ընթացքում բավականին բան է փոխվել: Նոր դեսպանն ու դեսպանատան պատասխանատու աշխատակիցները ոչ մի բանով չեն աջակցում:

Բոլորիս համար էլ հասկանալի է, որ Հայաստանը գտնվում է ծանր տնտեսական վիճակում և չի կարող օգնել ողջ Սփյուռքին: Բայց այս նախագիծն իրականացնելու համար այլ տարբերակներ ևս կան` եվրոպական տարբեր հիմնադրամները, սփյուռքի հայկական կազմակերպությունները, հայկական բիզնեսի ներկայացուցիչներըգ: Սակայն ոչինչ չի արվում: Օրինակ` ինձ մերժեցին երաշխավորագիր-նամակ տալ, որով իրավունք կունենայի Բուլղարիայի պետական արխիվում ուսումնասիրել Ցեղասպանությունից հետո Բուլղարիա գաղթած հայերի մասին արխիվային փաստաթղթերն ու նյութերը: Ես ուզում էի դրանք լույս ընծայել մի մեծ գիրք-ալբոմով: Կարծում եմ` Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին շատ կարևոր է, որ այս հարցը ներկայացվի ողջ աշխարհում:

Բուլղարիայում Հայաստանի դեսպանատան չինովնիկների նման անտարբեր վերաբերմունքն ինձ համար անհասկանալի է ու անտրամաբանական: Եվ սա միակ խնդիրը չէ: Ներկայիս դեսպան պրն Արսեն Սհոյանի և մշակույթի հարցերով նրա խորհրդական տիկ. Սահակյանի հետ երկար ժամանակ քննարկում էինք Երևանում իմ ցուցահանդեսը ներկայացնելու հարցը: Մեկ տարուց ավելի տևած քննարկումներից հետո դեսպանատնից հայտնեցին, որ ցուցահանդեսը համարյա պատրաստ է ներկայացվելու Երևանում, բայց ծախսերի մեծ մասը ես պիտի հոգամ: Կարծում եմ` իրեն և իր աշխատանքը հարգող յուրաքանչյուր մարդ այսպիսի առաջարկն իբրև վիրավորանք կընդուներ»,- «168 Ժամի» լրագրողի հետ զրույցում ասել էր Յուլիանը:

«Ինձ համար տարօրինակ են Յուլիան Անգելովի պնդումները». Բուլղարիայում
Հայաստանի դեսպան

Բուլղարացի լուսանկարիչ Յուլիան Անգելովի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին «168 Ժամի» հետ զրույցում նշեց Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արսեն Սհոյանը` մեկնաբանելով լուսանկարչի հայտարարությունները:

«Ինձ համար շատ զարմանալի է Յուլիան Անգելովի նման մոտեցումը, որը չի համապատասխանում իրականությանը»,- նշեց Արսեն Սհոյանը` ավելացնելով, որ Անգելովին աջակցելու համար ինքն արել է ամեն ինչ: «Իմ այստեղ լինելուն պես` 2011 թվականից, ես երկու անգամ ընդունել եմ Յուլիան Անգելովին: Մեկ անգամ Պլովդիվում իրականացվել է իր ցուցահանդեսը, որին ես մասնակցել եմ, հետագայում ևս մի քանի անգամ ինքը այցելել է դեսպանություն, հյուրընկալել է մեզ, և հիմնականում այդ հանդիպումների նպատակը եղել է իր ստեղծագործությունների ցուցադրումը, դրանց ավելի խորացումը»,- նշեց Բուլղարիայում ՀՀ դեսպանը:

Անդրադառնալով Անգելովի հայտարարությանը, թե դեսպանը ոչինչ չի արել` լուսանկարչի նկարների ցուցադրությունը Հայաստանում կազմակերպելու համար, Ա. Սհոյանը պատասխանեց, որ ինքը ներդրել է հնարավոր և անհնարին միջոցներ` ծրագիրն իրականացնելու համար: «Ծրագիրը ողջունվել է իմ կողմից: Ես ցուցահանդեսի մասին նամակով դիմել եմ ՀՀ արտգործնախարարություն, ներկայացրել եմ ցուցահանդեսը կազմակերպելու միջնորդություն, խոսել եմ մեր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, խոսել եմ Բուլղարիայի մշակույթի նախարար Վեժդի Ռաշիդովի հետ, խոսել եմ մշակույթի տան տնօրենի հետ, նաև Հայաստանում Բուլղարիայի դեսպանի հետ: Այս բոլոր գործողությունները խոսում են նրա մասին, որ ես ամեն կերպ օգնություն եմ ցուցաբերել»,- ասաց Արսեն Սհոյանը:

Ի դեպ, Բուլղարիայում ՀՀ դեսպանը մեզ ուղարկեց նաև այն նամակը, որն ուղղել էր ՀՀ արտգործնախարարությանը (տես` լուսանկարում): Ըստ նրա` ցուցահանդեսը չի կայացել միայն ֆինանսական միջոցների սղության պատճառով: Բուլղարիայում Հայաստանի դեսպանատունը չի ունեցել անհրաժեշտ միջոցներ, մյուս կառույցները ևս չեն հովանավորել ցուցահանդեսը: Ստացվել էր այնպես, որ դեսպանությունը չէր կարող ֆինանսավորել նրա գործուղումը, բայց ցուցահանդեսը հնարավոր էր իրականացնել Երևանում: Այդպիսով, Անգելովը հրաժարվել է մասնակցել ցուցահանդեսին և չի ցանկացել, որ իր ցուցահանդեսը լինի Երևանում:

«Չեմ կարող ասել` ի՞նչ շարժառիթներ կամ դրդապատճառներ ունի Յուլիան Անգելովը նման հայտարարություններ անելու համար: Ինձ համար տարօրինակ են նման պնդումները: Շատ անսպասելի էին այդ հայտարարությունները: Ես մշտապես փորձել եմ քաջալերել իրեն, մշտապես իրեն ասել եմ, որ մենք հետաքրքրված ենք իր ստեղծագործության մեջ, շատ բարձր ենք գնահատում այն, ինչ ինքն արել է»,- ասաց դեսպանը: Վերջինս նշեց, որ դեսպանությունը այժմ էլ պատրաստ է աջակցություն ցուցաբերել լուսանկարիչ, պատմաբան, ֆոտոլրագրող և ճանապարհորդ Յուլիան Անգելովի գործունեությանը:

Ինչպես նշեցինք` Յուլիան Անգելովը նաև նշել էր, որ իրեն մերժել են երաշխավորագիր-նամակ տալ, որով ինքն իրավունք կունենար Բուլղարիայի պետական արխիվում ուսումնասիրել Ցեղասպանությունից հետո Բուլղարիա գաղթած հայերի մասին արխիվային փաստաթղթերն ու նյութերը: «Ես ուզում էի դրանք լույս ընծայել մի մեծ գիրք-ալբոմով»,- ասել էր Անգելովը: Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արսեն Սհոյանը մեզ հետ զրույցի ընթացքում նշեց, որ ինքն առաջին անգամ է լսում, որ նման բան է եղել. «Եթե բուլղարական արխիվի մասին է խոսքը, ապա դա իմ իրավասությունների մեջ չէ: Ես չեմ հիշում այդպիսի խոսակցություն, որ ինքը բարձրացրած լինի այդ հարցը, և ես իրեն չօգնեմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս