Խաղողից է ծնվել գինին
Բուժիչ նամակներ
Առեղծվածային կենդանի է այծը։ Նախ` վնասեց Նոյ նահապետի այգիները, գինովցավ ու սկսեց կռիվ ու ղալմաղալ հարուցել, հետո իր անձնական օրինակով ապացուցեց, որ սրճենու տերևներն էլ են բարձրացնում կորովը։ Իսլամական գերագույն խորհուրդն էլ երկար-բարակ մտածելուց հետո 1511թ. որոշեց, որ ուղղահավատ մարդկանց վայել չէ խմել նման բույսերից պատրաստված դիվային ըմպելիքները։
Ի տարբերություն հավի և հավկիթի առաջնայնության վերաբերյալ վեճի, գինու մասին զրույցն ունի մի առանձնահատկություն։ Գինու գյուտը կարող էր հայտնաբերվել միայն այն վայրերում, որտեղ, ասենք, հավաքված և անձրևի տակ մնացած խաղողը սկսեր խմորվել ինչ-որ անոթների մեջ։ Այդ դեպքում հեղուկը հավանաբար խմում էին, իսկ թինը=կուտը թափում։
Բնագիտությունից հայտնի է, որ ի սկզբանե եղել է խաղող անտառայինը, որի գիտական անվանումն է` vitis silvestris։ Ըստ տարբեր հեղինակավոր գիտնականների` բույսի հայրենիքը Փոքր Ասիան կամ Այսրկովկասն է։ Մեր օրերին տարածված է Արևմտյան Եվրոպայի միջին և հյուսիսային շրջաններում, Ղրիմում, Կովկասում, Միջին Ասիայում, որտեղ հասնում է մինչև 1800 մետր բարձրության։ Հանդիպում է ՀՀ հյուսիսում և Սյունիքում, ծովի մակերևույթից մինչև 900 մ բարձրության վրա։
Երկտուն բույս է, ինչը նշանակում է, որ արական և իգական ծաղիկներն աճում են տարբեր թփերի (կամ, ավելի ճիշտ, լիանաների) վրա։ Պիտանի է գինի, օղի և, ուրեմն, կոնյակ պատրաստելու համար։
Որպես անհետացող տեսակ` գրանցված է ՀՀ «Կարմիր գրքում»։ Այն, թերևս, պետք է խնամվի, պահպանվի և հայտարարվի «Բնական հուշարձան» և կամ «Ազգային պարկ»։
Թող զբոսաշրջիկներ գան, տեսնեն, ճաշակեն, ըմպեն և մի փոքր էլ ծանոթանան համապատասխան գրականության հետ։ Առավել ևս, որ խաղողի թինից և պտղի թաղանթից ստանում են շատ հարգի գեղարարական և դեղագործական միջոցներ։ Իսկ ավելի շուտ զարգացել են բժշկության այնպիսի ճյուղեր, որոնք կապված են խաղողի հետ` խաղողաբուժություն=ամպելոթերապիա և գինեբուժություն=էնոթերապիա։
Էնոթերապիայի վերաբերյալ գրում են գրքեր, պաշտպանում գիտական թեզեր, մշակվում են մեթոդական ձեռնարկներ բժիշկների համար։
Այս ուղղության զարգացման բնագավառում մեծ ներդրում ունի հոմեոպատների և հոմոտոքսիկոլոգների միջազգային ընկերության նախագահ, դոկտոր ֆոն Ինհելխայմը։ Գերմանական «Լոգոնա» ընկերությունը խաղողի թինի հիմքի վրա արտադրում է հրաշալի կոսմետիկ արտադրանք, Թուրքիայում լուրջ աշխատանքներ են տարվում խաղողի պտղակեղևից հակաօքսիդանտ հատկություններ ունեցող հակաբորբոքային և հակաուռուցքային դեղորայք ստանալու ուղղությամբ։
Շվեյցարական Ալպերի սրտում գործում է Լեյքերբադ առողջարանը, որտեղ բուժում են բնական 20 C բարձր ջերմաստիճանի ջրերով, խաղողով և գինով։ Զբոսաշրջիկները ծանոթանում են մոտակայքում մշակվող խաղողի այգիների, պատմական և բնական հուշարձանների հետ։
Իսպանիայում նույնքան գինի են խմում, որքան ջուր, ֆրանսիացիները նույնպես ետ չեն մնում։
Այնուամենայնիվ, որտեղ է պատրաստվել առաջին գինին, և ինչ որակ է ունեցել այն։ Պարզ է մի բան, որ թե՛ գինին և թե՛ գարեջուրը մարդը հայտնաբերել է պատահմամբ, բնության մեջ գոյություն ունեցող խմորման գործընթացների շնորհիվ։ Օրինակ` հայտնի բնագետ Յա. Կիբալան գտնում է, որ առաջին «գինեգործներն» ապրել են պատմական Հայաստանի տարածքում դեռևս Ք.ա. 10-8-րդ հազարամյակներում։
Հայտնի է, որ մարդը սկսել է մշակել խաղողը մոտ 8000 տարի առաջ։ Մշակովի տեսակների գիտական անվանումն է` Vitis vinifera։ Նախ` նշենք, որ առաջին բառի մեջ պարզ արտահայտված է թի(ն) արմատը։ Երկրորդ բառում vini արմատը նշանակում է` գինի, իսկ ամբողջ բառը` գինի պարունակող։ Ինչպես, օրինակ, Coniferales=կոնակիր։
Ի՞նչ կարող է նշանակել «խաղող» բառը. ճիշտ գիտական ստուգաբանության դեպքում դա կարող է շատ բան պարզաբանել, այնինչ և թին=կուտ բառն արդեն իսկ շատ կարևոր է։
Հնագույն բառ է և վերագրվում է միայն խաղողի և թզի սերմերին։
Դիմենք մեր մեծերին` Խ. Աբովյան («Առաջին սեր»). «Ամեն մեկ կանաչ տեղ», ամեն մեկ աղբյուր` նրանց մանգղիլն էր, նրանց սեղանըգ, որը հացն էր փռում, որը աչքը չռում, որը գինու գավը, որը խորոված հավը, իրար տալիս, հաց ուտելիս, ու հետը սազ ածում, խաղ անում, պար գալի»։
Խաղ=երգ, պար, մեղեդի, ներկայացում, կատակ (խաղ կանչել, խաղ ու տաղով, խաղ ու պար)։
Ուրախ սեղանների թիվ մեկ զարդը գինին է։
Խաղ բառի (խ-աղ)` աղի մասնիկը կա ուրարտական սեպագրերի վրա և կրում է ասել կամ ձայն իմաստը։
Աղե, աղի, աղա արմատները թաքնված են բազմաթիվ հայերեն բառերի մեջ։
Այլ կերպ դատելիս հնարավոր է, որ հնագույն ժամանակներից մարդիկ նկատել են, որ գինին լեզու է բացում, ուրախության, նվագի, երգի ու պարի, խաղեր տալու տրամադրում։
Լեզուն կենդանի, զարգացող օրգանիզմ է և, բնականաբար, ունի իր ինքնապաշտպանության համակարգը։ Հավանաբար «Ո» և «Օ» տառերի ուղղագրությունը իմաստազրկել կամ նոր` ոչ բնորոշող, իմաստ է հաղորդել մի շարք բառերի։ Օրինակ, ի՞նչ է բնորոշում ամանոր բառը` նոր տարի՞ն, թե՞ տարվա առաջին օրը։ Մենք դիմավորում ենք տարին հունվարին մեկին` դա տարին (ԱՄ) ծնող (ԱՆ) Օրն է։
Կարծում ենք, որ «խաղ» արմատը լիովին համապատասխանում է գինու «ուրախացնող» հատկությանը։ Սակայն «օղ» արմատը վերջնականորեն կիմաստավորեր այդ համապատասխանությունը։
Գինին շառ է, այն շատերին է կործանել, վզով օղ (ակ) գցել։ Կան օրինակներ, որ գինին ամրոցների, քաղաքների, նույնիսկ հզոր Հռոմի կործանման պատճառ է դարձել։ Կարծես թե այդ գինին վարակված է եղել սնդիկի գոլորշիներով։ Այնտեղ գինի են խմել բոլորը` շատ և երկար ժամանակ։
Ասում են` Դիոգենեսը (Ք.Ա. 412-323) խնջույքի ժամանակ վայր է գցել գինով լի գավաթը։ Երբ նրան նախատել են, պատասխանել է հետևյալ ձևով. «Եթե գինին չմահանար ինձանով, ապա ես կմահանայի գինուց»։ Ըստ Արիստոտելի` «Գինովությունը կամավոր խելագարություն է»։ Ամենայն հավանականությամբ, գինու վերաբերյալ ոչ արդար գնահատականներ են հնչել նաև Խ. Աբովյանի ժամանակներում («Ուղևորություն դեպի Անիի ավերակները»). «Երևանի այգիների խաղողից իր, տանտիրոջ պատրաստած գինին, նրա հյութը, թերևս ամենաթունդը և ամենաքաղցրն է ամբողջ Անդրկովկասյան երկրամասում և այժմ էլ գլխապտույտ և գլխացավ է առաջացնում, և ըստ եվրոպացիների նուրբ, ընտիր, երբեմն նաև կեղծ ճաշակի` ամենալավն է, ամենագերազանցը թե՛ համով և թե՛ հոտովգ։ Ես ոչ պակաս հաջողությամբ այնպիսի գինի ստացա (պապենական ձևով), որը 1843թ. Թիֆլիսից ինձ մոտ հյուր եկած հույժ կրթված երկու եվրոպացիներին զարմանք պատճառեց»։