
Վանաձորն ու Գյումրին՝ թրաֆիքինգի ռիսկային գոտիներ

Թրաֆիքինգի ռիսկային գոտիները Հայաստանում Վանաձորն ու Գյումրին են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հոգեբան Մարիամ Մեհրաբյանը: Նրա փոխանցմամբ` այդ սահմանները շատ ավելի մատչելի են. «Հարավային մարզերից հատել սահմանը շատ ավելի թանկ է և դժվար, քան Վանաձորից և Գյումրիից»:
Ըստ հոգեբանի՝ թրաֆիքինգի զոհ են դառնում այն կանայք և տղամարդիկ, ովքեր մանկության տարիներին բավական երկար և տևական ժամանակահատված ենթարկվել են բռնության սեփական ընտանիքի ներսում: «Ծնողների տևական ճնշման արդյունքում մարդը դառնում է ինքն իր գերին: Չունի նպատակադրում կյանքում, չի կարողանում գնել ինքն իրեն, ինքնավստահության խնդիր ունի»,- ասաց Մարիամ Մեհրաբյանը:
Ըստ նրա՝ թրաֆիքինգի ռիսկային խմբերը մինչև 35 տարեկան անձիք են, իսկ աշխատանքային թրաֆիքինգի դեպքում՝ 45-48 տարեկան տղամարդիկ: Հոգեբանի խոսքով՝ աշխատանքային թրաֆիքինգի զոհ դառնում են հիմնականում տղամարդիկ, որը ևս իրազեկվածության և սեփական ինքնորոշման խնդիր է: Շատ ավելի սարսափելի է, ըստ նրա, կանանց թրաֆիքինգը, որին պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել:
Նա թրաֆիքինգը սահմանում է հետևյալ կերպ. «Սպիտակ ստրկությունը մարդու կողմից այն ճանապարհի և ուղու ընտրությունն է, որն իրեն դարձնում է իր իսկ գերին, այսինքն՝ մարդն իր ցածր ինքնագնահատականի պատճառով դառնում է թրաֆիքինգի զոհ»:
Մարիամ Մեհրաբյանը հավելեց նաև, որ «սպիտակ ստրկությունը» մեզանում երկար պատմություն ունի և միայն վերջին շրջանում չէ, որ դարձել է սպառնալիք: Ըստ նար` հատկապես հայ ազգի ներսում և սահմաններից դուրս մենք միշտ բախվում ենք այս խնդրին և այն երկար կշարունակի մնալ սպառնալիք, քանի դեռ մենք ուշադրություն չենք դարձնում ազգի հոգեբանական արմատներին: