Պայքար գայլերի դեմ
Գյուղացին, որ նաև քաղաքն է ապրեցնում, դժվար է վաստակում իր ապրուստը: Բազմաթիվ խոչընդոտներ կան, իսկ վերջին ժամանակներս դրանց գումարվել են նաև գայլերը, որ ուղղակի չարիք են դարձել: Ոհմակի հարձակման հետեւանքով գյուղացին տառացիորեն րոպեների ընթացքում կորցնում է տարիների վաստակը: Այս պայմաններում պետությունը պետք է ձեռնարկի արմատական միջոցառումներ:
Ըստ ՀՀ ոստիկանության` հոկտեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց մի շարք գյուղական համայնքների ներկայացուցիչների, որոնց հոտերը տուժել էին գայլերի հարձակումներից: Հանդիպման խնդիրն էր` ինչպես պաշտպանել գյուղացու ունեցվածքը, մասնավորապես, գիշատիչների հարձակումներից:
Ոստիկանության պետը նշել է, որ խնդիրը նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում է, ով ոստիկանությանը ցուցում է տվել բոլոր հնարավոր միջոցներով աջակցել դրա լուծմանը: Միջոցառումների ցանկում նաև գյուղացիներին որսորդական հրացաններ տրամադրելն է, ինչը նրանց հնարավորություն կտա կազմակերպել արոտատեղերի և անասնաբակերի պաշտպանությունը:
Անդրադառնալով գյուղացիներին որսորդական հրացաններ տրամադրելու խնդրին` Վլադիմիր Գասպարյանը չգրանցված զենք ունեցողներին կոչ է արել այն օրինականացնել` նշելով, որ ոստիկանությունն ամենայն աջակցություն կցուցաբերի, որպեսզի սերնդեսերունդ ընտանիքներում պահվող կամ հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակներից մնացած որսորդական հրացաններն ըստ կարգի օրինականացվեն ու ծառայեն գյուղացու ունեցվածքի պահպանման բարի գործին:
Վլադիմիր Գասպարյանը հանդիպման մասնակիցներին կրկին հիշեցրել է, որ ոստիկանությունն ակնկալում է գյուղական համայնքների համագործակցությունը հենց իրենց` գյուղացիների ունեցվածքի պաշտպանության գործում, և հույս հայտնեց, որ նրանք պատասխանատվությամբ կվերաբերվեն և’ զենքի օգտագործման կանոններին, և’ խնդրի լուծմանը:
Հանդիպման ավարտին, ըստ ոստիկանության` Վլադիմիր Գասպարյանը վստահեցրել է, որ այսուհետ էլ ոստիկանությունը կլինի գյուղացու կողքին: