Հերթը Սոլոմոնյան կղզիներինն է
Մոտ 10 օր առաջ տեղեկացանք Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հերթական հաջողության մասին. ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի փայլուն տաղանդի և դիվանագիտական հմտության շնորհիվ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Բութանի հետ: Մի երկրի հետ, որի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի նույնիսկ Ռուսաստանը: Թե Բութանի թագավորությունն իրենից ինչ է ներկայացնում` դժվար է ասել. պարզ է մի բան, որ այդ թագավորության գոյության մասին մենք այդպես էլ չէինք իմանա, եթե Էդվարդ Նալբանդյանը գլխի չընկներ, որ կարելի է դիվանագիտական հարաբերություններ հաստատել այդ երկրի հետ: Այդ միտքը նրա գլխում ծագել է թերևս այն ժամանակ, երբ նա ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի միջանցքում պատահաբար հանդիպել է Բութանի թագավորության արտգործնախարարին և մտածել է հերթական արտաքին քաղաքական հաջողությունը գրանցել:
Այսօր էլ պարոն Նալբանդյանը գնացել է Հայաստանի համար ոչ պակաս կարևոր մի երկիր` Կոնգո, ավելի ճիշտ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն: Ճիշտ է` Կոնգոն Բութանի հետ չես համեմատի. այն աշխարհի քարտեզի վրա զբաղեցնում է ահռելի տարածություն, բայց այդ երկիրը Հայաստանի հետ նույնքան կապ ունի, որքան Բութանը, այսինքն` ոչ մի կապ չունի: Ինչո՞ւ է գնացել Նալբանդյանը Կոնգո: Միգուցե դարձյա՞լ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար: Պարզվում է` ոչ, քանի որ այդ կարևոր գործը պարոն Նալբանդյանն արդեն արել է այս տարվա հունիսի 21-ին: Էդվարդ Նալբանդյանը Կոնգո է այցելել` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հավաքին:
Ո՞ւմ են պետք այս այցելությունները, ի՞նչ են տալիս դրանք Հայաստանին, և, ընդհանրապես` ի՞նչ կապ ունեն այդ երկրները Հայաստանի արտաքին քաղաքականության հետ: Իհարկե, ոչ մի կապ չունեն. Հայաստանն այդ երկրների հետ չունի ոչ քաղաքական, և ոչ էլ առևտրատնտեսական հարաբերություններ, և ընդհանրապես՝ ոչ մի ընդհանրություն: Բայց այդ դեպքում ինչո՞վ է զբաղված Էդվարդ Նալբանդյանը: Նա նախապատրաստվում է իր դեկտեմբերյան ամփոփիչ ասուլիսին, որտեղ հանգամանորեն կներկայացնի, թե քանի երկիր է այցելել, քանի երկրի հետ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել, և, թե դրանով որքան է բարձրացրել Հայաստանի միջազգային դերն ու հեղինակությունը: Եթե չլինեն այդ այցերն ու հանդիպումները, ապա կպարզվի, որ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը պարապուրդի է մատնված եղել, մինչդեռ հիմա մենք ականատեսն ենք չափազանց ակտիվ գործունեության, թեկուզև՝ անիմաստ:
Բայց այդ աշխատանքը միայն առաջին հայացքից է այդքան անիմաստ թվում: Արտաքին քաղաքականության հմայքն այն է, որ այն պարուրված է որոշակի խորհրդավորությամբ, և կատարված գործողությունների իմաստը բացահայտվում է ավելի ուշ:
Եկեք մի փոքր հեռուն նայենք: Հայաստանի իշխանական էլիտայի ներկայացուցիչների երեխաների կամ հենց բուն էլիտայի շնորհազրկված ներկայացուցիչների համար երկրում առկա էլիտար աշխատատեղերն այլևս չեն բավարարում: Նրանց տեղավորելու համար առաջիկայում պետք կլինի բացել նոր աշխատատեղեր: Իսկ ավելի էլիտար գործ, քան դեսպանի կամ հյուպատոսի աշխատանքն է` դժվար է մտածել: Իսկ որպեսզի հնարավոր լինի էլիտայի մեծացող և համալսարանն ավարտող երեխաներին համապատասխան աշխատանքով ապահովել՝ անհրաժեշտ կլինի դեսպանատներ և հյուպատոսարաններ բացել այնտեղ, որտեղ դրանք դեռ չկան: Իսկ որպեսզի հնարավոր լինի դեսպանատուն կամ հյուպատոսություն բացել, պետք է նախ՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Այնպես որ, կարծում ենք, մեր արտաքին քաղաքականությունը գտնվում է գերազանց վիճակում, և դրա արդյունքները մենք կվայելենք առաջիկայում: