Դժբախտության բանաձևեր
Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելը ազգիս վրա ծանր է նստելու: Բարոյահոգեբանական իմաստով, իհարկե: Ինչ անհեթեթության ասես` չհանդիպեցինք: Կարծես տնտեսական ճգնաժամն ու արտագաղթը քիչ էր:
«Հիմարին ստիպիր աղոթել` ճակատը կջարդի»,- պնդում է ռուսական ասացվածքը: Իհարկե, նույն բանը գրքի մայրաքաղաք հռչակված Երևանի պատերին գովազդային վահանակներ փակցնելու գործի պատասխանատուների մասին պնդել չի կարելի: Որովհետև կարող են դատի տալ: Լրատվամիջոցներից չունեցած պատիվը պաշտպանելը հիմա մոդայիկ բան է: Բայց վստահ կարելի է ասել, որ այդ պատասխանատուներն ահագին անպատասխանատու մարդիկ են:
Անպատասխանատու ու մելանքոլիկ: Հավանաբար, «Գրքի մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում նրանք հանձնարարություն են ստացել հայ գրականության դասականներից մեջբերումներ գտնել, դրանք գրել պլակատների վրա ու փակցնել շենքերի պատերին: Արդյունքում` մայրաքաղաքի պատերին միջնադարյան վախճանաբանական ժանրի սահմռկեցուցիչ պլակատներ են հայտնվել: Օրինակ, Պռոշյան-Բաղրամյան խաչմերուկի` Պռոշյան փողոցի կողմից ձախից վերջին շենքի պատին Վիլյամ Սարոյանի մեջբերումով պլակատ է փակցված: Մեջբերումը միանգամից չեմ նշի՝ ընթերցողին նախապատրաստել է պետք: Իսկապես անհասկանալի է, թե Վիլյամ Սարոյանի պես կենսասեր գրողի ո՞ր ստեղծագործության մեջ են պեղել այդ սարսափելի միտքը: Այն, հնարավոր է, ինքնին սարսափելի չէ: Ավելին, գուցե այդ խոհափիլիսոփայական միտքը որևէ պատմվածքի կիզակետն ու զարդն է:
Բայց պատկերացրեք աշխատանքից վերադարձող կամ պարզապես զբոսանքի ելած մարդու վիճակը, ով հանկարծ պատի վրա կարդում է` «Փորձեն լինել կենդանի: Միևնույն է, շուտով մեռնելու ենք»: Նույնիսկ փողոցում հոգեորսությամբ զբաղվող վախճանաբանություն ու տիեզերքի կործանում քարոզող աղանդավորներն այսպես չեն սարսափեցնում պատահական անցորդներին: Այս պլակատը եզակի չէ: Արշակունյաց պողոտայի վրա Սիլվա Կապուտիկյանի պատկերով մի պլակատ կա: Միանգամից ասեմ, որ բանաստեղծուհուն ճանաչելու համար պլակատը պետք է երկար դիտել: Նրա նկարն ավելի շուտ ակնարկ է, քան պատկեր: Լավ է` բանաստեղծուհու անունը գրված է, որ փարատի «Ո՞ւմ նկարն է» հարցից ծնվող կասկածները:
Բայց մեջբերումն զգլխիչ է՝«Դժբախտ է այն մարդն, ով այլևս կորցնելու բան չունի»: Բացատրեք, խնդրեմ, ինձ, ինչո՞ւ են մեր հարազատ իշխանությունները «Գրքի մայրաքաղաքի» շրջանակներում և Երևանի տոնի նախօրեին մեզ բացատրում, թե ինչ է դժբախտությունը: Գուցե սա շնորհավորանքի նոր ձև է: Ես, իհարկե, չեմ վիճարկում բանաստեղծուհու մտքի փիլիսոփայական կամ բարոյագիտական արժեքը:
Ուղղակի ուզում եմ հասկանալ, թե ինչու են իշխանությունները դժբախտության բանաձև փակցնում պատին: Եթե դա արած լիներ ընդդիմությունը` իշխանությանը սպասարկող քաղաքականամերձ ահել-ջահել գործիչները «շան լափ կլցնեին» նրանց գլխին: Հետաքրքիր է` ո՞վ է ընտրել այս մեջբերումները: Եվ առավել հետաքրքիր է, թե որ պաշտոնատարներն են հաստատել այն:
Հիմա իշխանություններն իրենք են խոսում բյուջետային միջոցներն անարդյունավետ ծախսելու (ավելի ճիշտ կլիներ ասել՝ մսխելու) մասին: Խոսում ու անճաշակ արձաններ են տեղադրում մայրաքաղաքի փողոցներում: Հայ անչափահասը (ոչ տարիքային իմաստով` անչափահասը) արդեն հնարավորություն ունի քաշքշելու Եղիշե Չարենցի կամ Տիգրան Պետրոսյանի ականջները:
Քաշքշելու ու նկարահանելու այդ աստեղային պահը: Երբ մի քանի ամիս առաջ Թբիլիսիի օրինակով մեր քաղաքում նստարաններ հայտնվեցին` բոլորս ուրախացանք: Թվում էր, թե հաջորդ քայլը նույն Թբիլիսիի օրինակով բրոնզաձույլ քաղաքային արձաններն են լինելու: Ինչպես սաքսոֆոնահարի արձանը՝ Ռուսթավելու փողոցի, կամ լապտեր վառողի արձանը` Բարաթաշվիլու փողոցի օրինակով: Բայց ստացանք մեր մեծերի արձանները՝ որպես քաղաքային դիզայնի սովորական դեկոր: Սովորական, փխրուն ու անճաշակ դեկոր: Հետաքրքիր է` ո՞վ է որոշել, որ Չարենցը, Մհեր Մկրտչյանը, Հրանտ Մաթևոսյանը կարող են լինել ճարտարապետական կամ քաղաքաշինական դեկոր: Ինչպես, ասենք, Գր. Քոչարի փողոցի մայթերի ռուս բակապանի կամ հայ նարդի խաղացողի արձանը, թիֆլիսեցի կինտոյի արձանը` Կիևյան փողոցի վրա: Մի՞թե որևէ մեկը կարող է ենթադրել, որ նման արձաններով ազգային արժեքները գնահատող, գիր ու գրականություն սիրող սերունդ կարելի է դաստիարակել:
Մի՞թե որևէ մեկը դա կարող է բյուջետային միջոցների արդյունավետ տնօրինում համարել: Հնարավոր է, որ նման քայլով մեր իշխանություններն ուզում են հասարակությանը համոզել, որ իրենք ազգային մշակույթը գնահատող ուսյալ ու կրթյալ մարդիկ են: Եթե այս ենթադրությունը հիմք չընդունենք, հատկապես դժվար կլինի բացատրել Չարենցի պլակատի վրա գրված մեջբերումը: Սույն պլակատը փակցված է «Տաշիր» առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող բնակելի շենքի պատին: Եթե մեր իշխանություններն ուսյալ ու կրթյալ երևալու մարմաջ չունենային, կամ, ասենք, սովորական մարդու նման նախ` դպրոց, հետո`որևէ բուհ ավարտած լինեին, Չարենցի պլակատի վրա հայտնի որևէ տող կգրեին: Ասենք, օրինակ. «Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում»:
Բայց չէ, նրանք խնդիր ունեն հասարակությանը համոզելու, որ իրենք Չարենց ծայրից ծայր գիտեն: Գիտեն ու պլակատի վրա գրել են «Ութնյակներ արևին» շարքից մի ութնյակի առաջին չորս տողը. «Ինչ որ լավ է վառվում է ու վառում, /Ինչ որ լավ է միշտ վառ կմնա,/Այս արև, այս վառ աշխարհում/Քանի կաս՝ վառվիր ու գնա»:
Բացատրեք, խնդրեմ, ո՞ւմ են դիմում իշխանությունները` «Վառվիր ու գնա» կոչով: Արտագաղթը նորություն չէ:
Ես, իհարկե, չեմ պնդում, որ սույն պլակատը մատնում է մեր իշխանությունների ենթագիտակցական մղումները: Բայց, ընդունեք, որ այն ահագին բան բացատրում է: Նրանց համար Մհեր Մկրտչյանն ընդամենը «01-99» է: Մնացած մեծերը՝ դիզայնի դեկոր: Իսկ գրականությունն ու պոեզիան` հասարակությանը սոցիալ-տնտեսական վատ վիճակին համակերպվելու հնարք: Այնուամենայնիվ, ռուսական ասացվածքը ճիշտ է: Գուցե համոզենք մեր իշխանություններին` մեզ կառավարելու փորձերի փոխարեն` պարզապես վայելեն կյանքը: