Դեղորայքի շուկայում բացահայտումները շարունակվում են
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ առողջապահության նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ժամանակ ներկայացվեց առողջապահության ոլորտում իրականացված պետական գնումների ուսումնասիրությունը: Այս մասին տեղեկացնում է panorama.am-ը։
Վարչապետի հանձնարարությամբ վերահսկող ծառայությունների կողմից առողջապահության ոլորտում իրականացվում են պետական գնումների ուսումնասիրություններ։ Ուսումնասիրությունների ընթացքում արձանագրվել են փաստեր, որոնց հետևանքով պետական միջոցների հաշվին կատարվել են 84,2 մլն. դրամի չհիմնավորված գնումներ և 140 մլն. դրամից ավելի անարդյունավետ ծախսեր` ընդամենը երկու անուն դեղերի մասով:
Մասնավորապես, ինչպես ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչություն պետ Սոնա Ղարիբյանը, «առողջապահության նախարարության կողմից 2009 թվականից սկսած կենտրոնացված կարգով ձեռք է բերվել Քսելոդա /Կապեցիտաբին/ տեսակի դեղորայք, որը ուռուցքաբուժության բնագավառում ունի կիրառման լայն սպեկտր:
Նախարարության կողմից 2009թ-ին իրականացվել է նշված դեղորայքի 4 գնում, ընդ որում՝ հունիս ամսին 1 դեղահատի գնման արժեքը կազմել է 2670 դրամ, իսկ սեպտեմբերի, նոյեմբերի և դեկտեմբերի գնումներով՝ 1875 դրամ: Կենտրոնացված գնումներով ձեռքբերված դեղորայքի ամբողջ խմբաքանակը մատակարարվել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնին: Միաժամանակ, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնի կողմից ինքնուրույն՝ ուղղակի գնման ձևով նույն դեղորայքը 2009 թ-ի փետրվար ամսին ձեռք է բերվել 1167 դրամով»։
ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչություն պետը նաև նշեց, որ նախարարության կողմից 2010 թվականի հուլիսին կատարված ևս 1 կենտրոնացված գնումով, նույն դեղամիջոցը ձեռք է բերվել 1875 դրամով: Այդ նույն ժամանակահատվածում՝ մի քանի օրվա տարբերությամբ, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնի կողմից ինքնուրույն իրականացված գնման արդյունքում այդ դեղորայքը գնվել է 1275 դրամով՝ 600 դրամ պակաս գնով: Այսինքն, առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով ձեռքբերված դեղորայքի գինը էականորեն ավելի բարձր է հիվանդանոցի կողմից ուղղակիորեն գնված միևնույն դեղորայքի գնից:
«Այսպիսով՝ 2009-2010թթ. ընթացքում առողջապահության նախարարության կողմից չհիմնավորված բարձր արժեքով իրականացված կենտրոնացված գնումներով ավելի ծախսված պետական միջոցների ընդհանուր չափը կազմել է 84,2 մլն դրամ:
Ուշագրավ է, որ լայն կիրառում ունեցող այս դեղորայքի ձեռքբերումները Առողջապահության նախարարության որոշումով կասեցվել են և 1275 դրամ արժողությամբ Քսելոդա դեղորայքը փոխարինվել է մեկ այլ՝ ըստ մասնագետների կարծիքի ավելի նեղ գործածության 2080 դրամ արժողությամբ Ալիմտա /պեմետրեքսեդ/ դեղորայքով: Ավելին, եթե 1275 դրամ արժողությամբ դեղի մեկ չափաբաժինը կարող է օգտագործվել չորս հիվանդների վրա, ապա 2080 դրամ արժողությամբ փոխարինված Ալիմտան կարող է ընդունել ընդամենը մեկ հիվանդ: Այսինքն, նշված դեղերի փոխարինման արդյունքում ըստ կատարված վերլուծությունների` սպասվում է հիվանդի բուժման համար օգտագործվող դեղորայքի արդյունավետության անկում` առնվազն չորս անգամ:
Ալիմտա դեղորայքի ձեռքբերման նպատակով 2012թ. ապրիլին հայտարարվել է մրցույթ, որի արդյունքներով հաղթող կազմակերպության հետ կնքվել է 280 մլն դրամ ընդհանուր գումարով 1000 սրվակի մատակարարման պայմանագիր: Ընթացիկ տարում նախարարության կողմից գնված 1000 սրվակից 500-ը հուլիս և օգոստոս ամիսներին նախարարության համապատասխան հրամաններով բաշխվել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնին, որից 2012 թվականի սեպտեմբերի դրությամբ օգտագործվել է ընդամենը 44-ը։ Այսինքն, օգտագործվել է ստացված դեղամիջոցների ընդամենը 9%-ը:
Նշեմ, որ այս դեղամիջոցի հիմնական սպառողը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնն է: Հատկանշականն այն է, որ այս դեղորայքի պիտանելիության վերջնաժամկետը 2013թ. նոյեմբեր ամիսն է, և հաշվի առնելով նշված սպառման տեմպերն ու ըստ մասնագետների դեղի կանխատեսվող պահանջարկը /այն է` մեկ տարվա կտրվածքով մոտ 500 սրվակ/ անհավանական է 456 սրվակ մնացորդի և դեռևս մատակարարվելիք մնացորդ սրվակների ամբողջական օգտագործումը մինչև պիտանելիության ժամկետի ավարտը»:
Սոնա Ղարիբյանն ավելացրեց. «Այսպիսով, հաշվի առնելով վերլուծության արդյունքները Ալիմտա դեղորայքի պիտանելիության ժամկետում սպառման ցածր տեմպերը կարող են հանգեցնել ավելի քան 140 մլն դրամ պետական միջոցների հնարավոր կորուստների` անարդյունավետ ծախսերի, որը պայմանավորված է նախարարության կողմից առանց համապատասխան մոնիտորինգի իրականացման, առանց կոնկրետ դեղի պահանջարկն ուսումնասիրելու կատարված չհիմնավորված գնումներով:
Միևնույն ժամանակ, արձանագրվել է նաև հակառակ երևույթը։ Օրինակ՝ հոգեբուժական ծառայությունների մատուցման բնագավառում խիստ անհրաժեշտ Զիպրեքսա դեղամիջոցը վերջին 3 տարիների ընթացքում պարբերաբար գնվել է մոտ 250 հիվանդի պահանջարկով։ Սակայն իրական պահանջարկը կրկնակի ավելի է և այդ դեղամիջոցի քիչ լինելը դժգոհություն է առաջացնում հիվանդների և նրանց հարազատների մոտ:
Փաստորեն, առկա են դեպքեր, երբ պետական միջոցները խիստ անհրաժեշտ դեղերի ձեռքբերմանն ուղղելու փոխարեն ուղղվում են չհիմնավորված գնումներին:
Բացի վերը նշված ուսումնասիրություններից վերահսկողների կողմից կատարվել է վերլուծություն ութ անուն դեղերի ՀՀ ներմուծման գների և պետական գնումների նպատակով կնքված շրջանակային համաձայնագրերով ֆիքսված գների համադրման մասով: Արդյունքում պարզվել է, որ նշված դեղերի պետական գնումներով ձեռք բերման գները միջին հաշվարկով 44%-ով գերազանցում են ներմուծման գներին: Այսինքն, նշված ութ անուն դեղերը ներմուծող և պետությանը մատակարարող կամ պետական գնումներով հաղթող ճանաչված չորս կազմակերպությունների շահութաբերությունը միայն ութ տեսակի դեղերի գծով կազմում է միջինը 44%: Վերլուծությունը կատարվել է հիմնականում 2012թ. փետրվար ամսին ներմուծված և մատակարարված ծավալների մասով, որի արդյունքում ներմուծող չորս կազմակերպություններում ներմուծման և վաճառքի գների տարբերությունը կազմել է 362,2մլն. դրամ»: